Կույր տաղանդների առեղծվածը

Ոչ միայն յոթ գույն ծիածանում...ծիածանում...
Մի առիթով, խիստ զմայլված պահի Բեռնարդ Շոուն բացականչեց. «Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ»:
Չնայած քաղաքակրթության հազարամյակների պատմությանը և ներկայիս աննախադեպ ձեռքբերումներին` մարդկությունը շարունակում է զարմացնել: Մշակութային նվաճումներն անպակաս են, գրանցվող ռեկորդներն` ապշեցնող, գյուտերը` չսպառված: Ժամանակն ու բարքերն էլ իրենց հերթին են մղում մարդուն հանդես գալ ինքնաարտահայտման չկրկնված ու նորաշունչ ձևերով:
Մարդու ներաշխարհի արտահայտման որոշ անսովոր դրսևորումներ, սակայն, որ անմեկնելի ու տպավորիչ են եղել հնում, նույնքան հուզիչ են և այսօր: Հատկապես երբ խոսքն արվեստի ու ճակատագրին նետված մարտահրավերի մասին է:
Անտիկ գրական գլուխգործոց` «Իլիական» և «Ոդիսական» վիպերգության հեղինակին անվանում են Հոմերոս: Ժամանակին նրա ծննդավայր համարվելու պատվի համար վիճում էին հին հունական յոթ փառահեղ քաղաքներ: Ք.Ա. 8-րդ դարում նա քաղաքակրթությանը նվիրեց կազմավորվող գրականության առաջին նմուշներից մեկը, որն ավելին էր, քան պարզապես բանահյուսական տեքստ և որը հետագա սերունդներին բացառիկ կարևոր հաղորդումներ փոխանցեց անտիկ հունական մշակույթի վերաբերյալ: Ըստ վարկածի` Հոմերոս բառն օգտագործվել է որպես հասարակ անուն, և նշանակում է «կույր» կամ «պատանդ»: Հները վկայում են, որ թափառաշրջիկ կույր երգչի պոեմներն ավանդվել են բանավոր, և քիչ չեն եղել մարդիկ, ովքեր անգիր գիտեին այն ծայրից ծայր: Ք.Ա. 6-րդ դարում աթենացի բռնակալ Պիսիտրատոսի հանձնարարությամբ վիպերգը պաշտոնապես հանձնվել է թղթին:
Գիտե՞ք` ում գրչին է պատկանում անգլերենով գրված լավագույն ընդարձակ պոեմը` ըստ հենց բրիտանացիների: Ջոն Միլտոնին, 17-րդ դար: Պոեմ, սակայն, որը չի ունեցել սովորական ծնունդ: Միլտոնը ժամանակի ամենաուսյալ մտավորականներից էր, պուրիտանական շարժման նվիրյալ: Եղել է տիրակալ Օլիվեր Կրոմվելի քարտուղարը: Նա չէր դադարում զօր ու գիշեր ուսումնասիրել հին հունական, հռոմեական գրական ժառանգությունը, հետևել ժամանակի փիլիսոփայական հոսանքներին, հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով: Իհարկե, գրում էր բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ:
Սակայն հարթ չէր ճակատագիրը` սահմանված նրան, և իր կյանքի գործը, որ համոզված էր` դեռ նոր պետք է գրի, պիտի դժվար ծնունդ ունենար: 43 տարեկանում Միլտոնն անբուժելի կուրանում է: Դրան են գումարվում քաղաքական հետապնդումները Կրոմվելի մահից և իշխանափոխությունից հետո: Շուտով , ըստ էության, կուրության շնորհիվ խուսափելով մահից` Միլտոնը հեռանում է Չելֆոնտի իր առանձնատուն:
Թեև հուսախաբված ու անառողջ, բայց կամային արտասովոր լարումով և Աստծո ճշմարտությունները սփռելու վճռականությամբ հենց այստեղ էլ ստեղծում է, ավելի պարզ` դստերն է թելադրում իր գլուխգործոցը` «Կորուսյալ դրախտ» վերնագրով: Առաքինությունը հորդում է այս պոեմից, ոգին հախուռն է ու ազդեցիկ: Ռիթմը` արտասովոր երաժշտական և վարակիչ: Այստեղ հակամարտում են Սատանան ու Աստված: Սակայն բախումն ավարտվում է Ադամի ու Եվայի վտարումով, և նրանք կորցնում են դրախտը:
Ասում են` անքննելի են Աստծո գործերը: Միգուցե զրկվելով տեսունակությունից ` մարդն օժտվում է մի այլ` սովորական հողեղենին անմատչելի տեսահորիզոնով: Գուցե շնորհվում է խորունկն զգալու չսահմանափակված կարողություն, որն առաջնորդվում է երևակայությամբ: Մարդը դառնում է արարիչ ու ինքն իր համար ստեղծում աշխարհը, գույները , բոլոր գեղեցկությունները` մարդկային և բնատուր: Ինչպես են նրանք կարողանում ոտք դնել հոգևոր կուսական տիրույթներ, հասնել վեհության աննվաճ բարձունքների, կյանքը ճանաչել միայն իրենց հատուկ ապրումներով և այդ ապրումները փոխանցել գեղարվեստի լեզվով:
Ժամկետից 1.5 ամիս շուտ ծնված հիվանդոտ սևամորթ տղան 1950-ի մայիսին աղքատների ծննդատանը ապագա մեծ երաժիշտ Սթիվի Ուոնդերն էր: Ասացին, որ կապրի, բայց կույր է 2 աչքերից: Մայրը տղային դաստիարակեց այնպես, որպեսզի տղան երբեք չխղճա ինքն իրեն, չնկատի իր կուրությունը ու կարողանա ապրել հետաքրքիր: Սովորեցնում էր նաև տարբերել գույները և ձայները, հիանալի կերպով կողմնորոշվել, կարդալ նույնյիսկ ոչ կույրերի համար նախատեսված գրքեր: Չորս տարեկանում Սթիվին արդեն շրթհարմոն էր նվագում, ավելի ուշ` թմբուկ և այլ գործիքներ:Տասնմեկ տարեկանում սոլո ալբոմի պայմանագիր է կնքում հեղինակավոր «Մոթաուն» ընկերության հետ և երկու տարվա ընթացքում հռչակվում որպես «Փոքրիկ հրաշք», դառնում ստուդիայի լավագույն երգիչը ` մշտապես զբաղեցնելով հիթ շքերթների բարձրագույն տեղերը:
Հաջորդող 9 տարիներին «Փոքրիկ հրաշքը» դառնում է Միացյալ Նահանգների ամենահանրահայտ երգիչ-երգահաններից մեկը:
20 տարեկանում ձեռք է բերում նորարարի համբավ: Հենց նա է նոր էլեկտրոնային տարրեր, մասնավորապես սինթեզատոր մտցրել «սև երաժշտության» մեջ: Նա «Սոուլը» դարձրեց ոչ միայն հոգու համար կատարվող երաժշտություն, այլև հիմնավոր երաժշտաոճ: Դրա շնորհիվ կարողացավ պայքարել սոցիալական և քաղաքական մի շարք շահավետ փոփոխությունների համար: Նրա երգերից շատերում կանանց նկատմամբ բռնության, ռասիզմի, ալկոհոլիզմի թեմաներն են շոշափվում: Սթիվի Ուոնդերը վաճառել է շուրջ 70 միլիոն իր ձայնասկավառակներից, ստացել «Գրեմիի» 17 մրցանակ: Մշտապես մասնակցում է բարեգործական համերգների և օգնում սոցիալական հիմնադրամներին: Կյանքում շատ սիրառատ է: Ամուսնացած է եղել 1 անգամ, բայց ունի 4 երեխա, տարբեր կանանցից:
Մեծն Սթիվիի ծննդյան թվից մեկ տարի առաջ` 1949-ին էր, երբ դեռևս ոչինչ չասող անվամբ Ռեյ Չարլզ Ռոբինսոնը որոշեց դառնալ Ռեյ Չարլզ: Իսկ նա արեց այդ, որպեսզի իրեն չշփոթեն հանրահայտ բռնցքամարտիկ Շուգար Ռեյ Ռոբինսոնի հետ, որը ևս ձայնապնակներ էր ձայնագրում: Ինչ եղավ հետո` բոլորս գիտենք: Նրա ավանդը «սև երաժշտության» նորացման, զարգացման և տարածման մեջ անգնահատելի է: Ճիշտ է, երաժշտական քննադատները տարակարծիք են, երբ խոսքը վերաբերում է նրա ոճին. ոմանք այն մոտ են համարում ջազին, ոմանք բնորոշում որպես մաքուր սոուլ: Սակայն մեկ բան ակնհայտ է` անզուգական է դաշնակահար, երգիչ, երգահան Ռեյ Չարլզի յուրաքանչյուր կատարում: Անշփոթելի են նրա լեցուն, մտերմիկ ձայնն ու անբռնազբոս ժեստերը, իսկ ծիծաղից ուղղակի բարություն է ճառագում: Ինչ կլիներ ժամանակակից երաժշտության հետ, եթե երաժշտական հորիզոնում հայտնված չլիներ Ռեյ Չարլզը, դժվար է ասել: Սակայն ռոքնռոլը չէր լինի անկասկած, քանզի այն ծագել է հենց ռիթմ ընդ բլյուզից, որ ոճում էլ հենց թագավորում է մեծ երաժիշտը առ այսօր:
Հավանաբար ճշմարիտ այս արվեստագետները "ծիածանում տեսնում են ոչ թե յոթ, այլ յոթ հազար գույն", յուրովի լսում ամենահանճարեղ խոսքը, որ կարելի է ասել` լռությունը, արձանագրում են դեռ չծնված մեղեդին ու ներշնչվում ներքին բեղմնավոր ներդաշնակությամբ : Իզուր չէ ասված "Լռությունն է բարբառն աստծո" և շռայլ են նրա պարգևները , եթե լսել գիտես ու տեսնել ոչ միայն աչքերով:
Նմանատիպ տպավորիչ դրսևորումներ եղել են ու կան և մեզանում:
Հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից մեկն համարվում է 9 տարեկանում տեսողությունը կորցրած կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը: Նա հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել և մշակել է հայ աշուղների, դուդուկահարների հորինած և կատարած երգերը:
Ժամանակակից գուսանական արվեստի դասական ներկայացուցիչներից է կույր գուսան Հավասին: Նա ժողովրդական բանաստեղծ ու երգահան էր, երգիչ, թառահար և ասմունքող: Հեղինակ է ժողովրդի մեջ տարածված բազմաթիվ երգերի:
Քիչ չեն տեսնելու շնորհից զուրկ, սակայն լիարժեք կյանքով ապրող ու արվեստի տարբեր ճյուղերում իրենց գտած անձնավորությունները և այսօր` երգահաններ Վահան Նահապետյան, Ալբերտ Աբգարյան... շատ այլք տարբեր ոլորտներից:
Անիմանալին կզարմացնի մեզ միշտ և բոլոր դարերում: Ակնհայտ է, որ կուրությունն հաճախ անբացատրելի տեսունակություն է, որն օգնում է քայլել ժամանակից առաջ: Նրանց հաջողվել է նոր հայացք ու մոտեցումներ նվիրել մարդկանց դեպի արվեստը, մեղեդին: Սովորենք նրանցից նորը տեսնել ամեն ինչում, չգնալ միշտ ծանոթ ճանապարհով, զգանք կյանքի շարժումն ու ներդաշնակ լինենք լույսին:
Կույր տաղանդների առեղծվածը թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://s55.radikal.ru/i147/1210/f6/ed31d04901f6.jpg