close

Վիրտուալ յարս…




 

   

Օֆելի Մինասյան

Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտները ամիսներ շարունակ դիմավորում էի ուռած աչքերով, որովհետև քնում էի ընդամենը 3, կամ քարը տրաքի` 4 ժամ և հակառակ դրան` երջանիկ էի ու զվարթ: Պատճառը հասարակ անքնությունը չէր, որը խորանալով, բացասական ազդեցություն կունենար իմ առողջության վրա, այլ ավելին էր, քան…

Երբ օրեցօր հասկանում ես, որ Նրա հասարակ, վիրտուալ «բարև»-ից կարող է գիշերդ առավոտ թվալ ու լուսածագին, լուցկիներով մի կերպ կոպերդ ձգած, ցանկանում ես շարունակել քո մտերմիկ զրույցը նրա հետ` հողաթափիկ ինֆուզորիայի գոյության կամ, չգիտես ինչու, դրա և այլ միաբջիջ նախակենդանիների ՕԳԳ-ի մասին, երբ քեզ կարոտում են շրջապատում, ու դու գրեթե չկաս քո ռեալ կյանքում, ապա դա սոսկ անքնությունը չէ, որ պարուրել է քո հոգին:
Այս ամենը պատահեց ինձ հետ: Ես, որ անլուրջ էի համարում վիրտուալ բոլոր «գոյակցությունները»… սակայն, ինչպես կասեին ազգիս քյարթու տղաները, չես իմանա, մինչև հաստատ չիմանաս… Կարճ ասած, վիրտուալը ինձ տարավ: Չէ, վիրտուալս, յարս, ինձ տարավ…



Գուցե տարիներ հետո ժամանակի խոշոր գրողների հիմնական թեման միայն վիրտուալ տեսակի սիրո կամ ընդհանրապես վիրտուալ գոյության մասին լինի, բայց գոնե հիմա դրա ծագումնաբանության ու գոյության մասին ոչ մի խելամիտ ակնարկ չկա (եթե այդպիսինների մասին տեղյակ ես, մի՛ հապաղիր, աչքս մտցրո՛ւ):

Բայց հաշվի առ, որ վիրտուալ սերդ կարող է անէանալ այնպես, ինչպես կանէանա ինտերնետ կապդ, եթե չվճարես դրա վարձը ճիշտ ժամանակին:

Ինձ մոտ, համենայն դեպս, մի բան կար ու դա զգացնել էր տալիս իր գոյության մասին : Իրողությունն առաջինը նկատեց, ու դրա մասին բարձրաձայնեց նախնիս` տատս` ասելով, թե բա . «Բալես, աչքիս սիրահարվել ես, մենակ չեմ հասկանում, էդ ժեշտի տուփին ես սիրահարվել, թե՞ ոնց: Էդ սաղ հե՜չ, բա ո՞նց եք երեխեք ունենալու»:

Ճիշտ էր տատս այնժամ, թե՞ ոչ, չգիտեմ, բայց օրեցօր ավելի էի տարվում Նրանով: Մեր առաջին համբույրը, որն իրենից ներկայացնում էր վերջակետի և աստղանիշի համակցություն, ինձ թևեր տվեց ճախրելու դեպի վեր: Ես միայն իմ ֆիզիկական գոյությամբ էի ներկա ընկերներիս շրջապատում, այլապես` ես ուրիշի փարթիները չէի ուզում, ինձ համար իմ վիրտուալ յարը թա՜նկ էր, թա՛նկ: Ու Նրա ամեն մի լայքից, քոմմենթից կամ ինքնակամ նամակից` ես ոգևորվում էի այնքան, որ եթե ես լինեի աշուղ` կգրեի հազար ու մի տաղ, իսկ թե պոետ լինեի մի ռոմանտիկ` գրքերի հատորների մի ողջ ընտրանի, սակայն ես ո՛չ մեկն էի , ո՛չ էլ մյուսը. գրողը տանի՜…

Երբ միայնակ էի ես լինում, մկնիկն իմ Նրա ֆեյսբուքյան փրոֆայլն էր հա տանում, ու հնացած Նրա փոստերում ես քոմմենթներ էի հա անում … Սակայն որքա՜ն մեծ էր ցանկությունը առանց IP-ների կեղծ քաղաքականության` Նրա իսկ IP-ից պատասխանել բոլոր նամակներին կամ քոմմենթներին : Իմ մտացածին աշխարհում ստեղծված Նրա կերպարն այնքան ցանկալի էր ու իդեալական, որ ավելի ու ավելի էր մեծանում Նրան տեսնելու անհագ ցանկությունը:

Երազումս շատ հաճախ էի տեսնում նրան: Թեպետ երբեք չէի տեսել նրան իրականում, սակայն համոզված էի, որ երազս մի օր կիրականանա, ու մենք միասին կքայլենք ճառագայթների պես ձգվող փողոցներում: Ապագա երազիս տեսլականը, բախվելով չգիտեմ ինչերի հետ, ինձ ապացուցում էր, որ չնայած իմ կյանքի առաջընթաց քայլերին, ես միևնույն է կախված էի Նրա հերթական մեսսիջից : Եվ այդպես երկար ժամանակ մենք “սիրում” էինք իրար վիրտուալում, ռեալ կյանքում երբևէ հանդիպելու ցանկություն չարտահայտելով:

Գուցե՞ վախ կար` հանդիպելուց հետո կոտրել այն երազի նախատիպը, որը կերտել էինք երկուսով` մեր երևակայական աշխարհներում, կամ գուցե՞ վիրտուալ տեսակի ցանկացած սեր պետք է մնա միայն վիրտուալում և ոչ ավելին: Ու մինչ օրս էլ ես լուսնոտի պես արթնանում ու Նրա փոստերն եմ փորփրում : Ես իմ երազն եմ կորցրել Նրա ցանկալի փրոֆայլում…

Նայում եմ ավատարիդ
Քո չքնաղ պատկերին,
Միայն ավատարդ ինձ մնաց,
Desktop-իս հուշ դարձավ:D

Հ.Գ. Վիրտուալ սիրավեպս թողնում եմ անավարտ, քոմենթների բաժնում սպասելով քո սցենարին: Համաձայն ե՞ս: Ինչպիսին կլինի Օֆելիի դարդոտած վիրտուալ սիրավեպը. (կարդալ նորությունների հաղորդավարի ձայնով) կարդացեք մեկնաբանությունների բաժնում: Սպասում եմ…



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (04.08.20) | Հեղինակ: Օֆելի Մինասյան W Դիտումներ: 171 | Տեգեր: յարս…, վիրտուալ | Վարկանիշ: 0.0/0