close

Վարդի թերթիկների բուժիչ հատկությունները, կիրառումը





 

   


Հայտնի են բնության մեջ աճող rugosa, canina, tomentosa այլ տեսակները։ Ավելի քան 3000 տարի առաջ այս տեսակներից մշակվել են բազմաթերթիկ վարդերը։

Վարդը շատ ազգերի մոտ Սիրո, Գեղեցկության, պատերազմի, քաղաքականության խորհրդանիշ է։ Վարդերի պատերազմում հաղթանակելուց հետո (15-րդ դար) Արքա Հենրիխ 7-րդ Տյուդորի պատվին ստեղծվեց «Անգլիայի Վարդ» տեսակը։ Վարդի մասին գրել է Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479թթ.)` նշելով, որ չին կայսերական գրադարանում կան բազմաթիվ հիշատակումներ վարդերի մասին, հայտնի է Rosa chinensis var. minima» տեսակը։ Հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են վարդից ծաղկեպսակներ։ Պահպանվել են մ.թ.ա. 2860թ. արված շումերական սեպագիր կավե «տախտակներ»։ Հեթանոսական Հայաստանում «վարդ» բառը ունեցել է «ջուր» իմաստը։ Վարդի հայրենիքը համարվում է Կասպից ծովին հարող Հյուսիսային Պարսկաստանի տարածքը, պահլավերեն բույսը անվանվել է «varta»։

Վարդի բուրմունքը առկա է կանացի օծանելիքի ավելի քան 90 և տղամարդկանց համար նախատեսված բուրումնավետ միջոցների մոտ 50 տոկոսում, լայնորեն ներկայացված է գեղանկարչության մեջ, հատկապես Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Օգյուստ Ռենուարի նկարներում։

 

 

Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։ Վարդի ծաղկաթերթերն ունեն քաղցր, կապող, զովացնող համ, պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, որոնցից ուսումնասիրված են 100-ը` հատկապես եթերային յուղեր, տանին, B խմբի, C, E, K վիտամիններ։

Հայաստանում կարմիր վարդի թերթիկներն օգտագործել են` լյարդի, իսկ սպիտակինը` սրտի հիվանդությունների դեպքում, Ֆրանսիայում` որպես «C» վիտամինային եւ որդաթափ միջոց։ Հիպերտոնիայի և աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում սպիտակ, ստամոքսաբորբի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում` կարմիր, սպիտակ կամ վարդագույն վարդը, դիզենտերիային օգնում են կարմիր թերթիկների թուրմերը։ Կարմիր վարդի թուրմով լվանում են աչքերը կոնյուկտիվիդի դեպքում։

Ա. Ամասիացին վարդի վերաբերյալ գրում է. «Լավագույնը կարմիր հոտավետ վարդն է։ Օժտված է չորացնող ու ամրացնող հատկությամբ։ Վարդի հոտն օգնում է գլխացավի դեպքում։ Հյութն օգնում է ատամի եւ ականջի ցավի, ինչպես նաև` բերանի խոցերի դեպքում։

Վարդի հոտն ամրացնում է սիրտը, օգտակար է ստամոքսի, լյարդի ու որովայնի խոռոչի օրգանների համար։ Բույսի արմատը կօգնի արյունաթքության դեպքում։ Ծաղիկների հյութը դադարեցնում է լուծը, տարրալուծում դեղին մաղձը, բուժում աղիների խոցերը։ Վարդայուղն օգտակար է միզապարկի համար, օգնում է նաև էկզեմայի դեպքում»։

Վարդի թուրմով թրջոցներն օգնում են այտուցների և գրգռված մաշկի դեպքում։
Վարդի ծաղկաթերթերը ճակատին և քիմքին դնելիս հանգստացնում են գլխացավը։
Վարդի ծաղկաթերթերից պատրաստված թուրմը (2ճ/գ, 200 մլ եռջուր) օգտագործեք բերանի ողողումների համար` ստոմատիտի դեպքում։2 բաժակ վարդաթերթերին ավելացրեք 1 լ ջուր եւ 200 գրամ շաքարավազ, 2 ժամից թափահարեք հեղուկը, քամեք։ Պահեք մութ, հով տեղում։ Վարդի ջուրն ունի խոնավացնող հատկություն, նաեւ պաշտպանում է արևի ազդեցությունից։

 

 

Վարդի եթերային յուղը կանխարգելում է երակների վարիկոզ լայնացումը, օգնում է դեպրեսիայի, վախի զգացումի, ջղայնության, խանդի դեպքում։ Վարդի յուղի բուրմունքը կիրառվում է որպես օժանդակ միջոց բրոնխիտի բուժման ժամանակ։ Օգտագործվում է նաեւ մերսումների համար։
Արթրիտի դեպքում

Գայլուկի չոր կոները փոշիացրեք սրճաղացով, խառնեք վարդի յուղի հետ (1։10)։ Եփեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք) 30 րոպե։ Հովանալուց հետո պահեք ապակե սրվակների մեջ։ Օրը 1-3 անգամ շփեք հիվանդ հոդերը։ Ցավն անցնելուց հետո շարունակեք բուժումը եւս մեկ շաբաթ, օրը 1 անգամ` քնելուց առաջ։ Ցանկալի է օգտագործել տնային պայմաններում պատրաստված յուղը։

Գեղարարական նպատակներով վարդի թերթիկներն օգտագործում են հնագույն ժամանակներից։ Երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու նպատակով կանայք ընդունել են վարդի ջրով լոգանքներ։ Քնելուց առաջ վարդի թերթիկները տեղադրել են դեմքին, որպեսզի խուսափեն կնճիռներից։ Շատերը գիտեն վարդի յուղի օգտակարության մասին, սակայն քչերին է հայտնի, որ այն կարելի է պատրաստել տնային պայմաններում։

 

 

Արծնապատ կամ ապակե տարայի մեջ լցրեք նախապես չորացրած մեկ բաժակ վարդի ծաղկաթերթեր, վրան ավելացրեք 200 մլ ձիթապտղի կամ այլ բուսական յուղ։ Խառնուրդը 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Երբ խառնուրդը գոլանա` քամեք երկտակ թանզիֆի միջոցով։ Լցրեք պտուտակաձև կափարիչով փակվող տարայի մեջ։
Վարդի յուղը մաքրում, թարմացնում, սնուցում է նորմալ եւ չոր մաշկը` դարձնելով այն առաձգական։
Վարդի յուղի մի քանի կաթիլ կարելի է ավելացնել տնային պատրաստման գեղարարական միջոցներին։
Վարդի յուղով կատարում են հակացելյուլիտային մերսում։
Վարդի յուղով կարելի է մշակել մաշկը ցնցուղից հետո, որը փափկեցնում և դարձնում է մաշկը թավշյա։
Լոսյոն

Խառնեք 2-ական թ/գ կարմիր վարդի ծաղկաթերթերը եւ սրոհունդի ծաղիկները։ Ավելացրեք 100 մլ խնձորի քացախ։ Թրմեք 10-12 օր մութ տեղում, պարբերաբար խառնեք։ Քամեք 2 տակ ծալած թանզիֆով, լցրեք մուգ գույնի ապակե սրվակի մեջ։ Այս թուրմը հիմք է ծառայում լոսյոնի պատրաստման համար։
Նորմալ մաշկի դեպքում. թուրմի 1 ճ/գ լուծեք 100 մլ եռջրի մեջ, ավելացրեք 0,5 թ/գ սորբիտ (վաճառվում է դեղատներում)։
Ճարպոտ մաշկի դեպքում. խառնեք հավասար քանակությամբ գլիցերինի հետ։ Օգտագործեք առավոտյան եւ երեկոյան։

Վարդի թերթերի 2ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ զտված ջուր։ Թրմեք 30 րոպե, ավելացրեք 1ճ/գ կարտոֆիլի օսլա։ Խառնեք, 2-3 րոպե տաքացրեք կրակի վրա (ջրային բաղնիք)։ Գոլ վիճակում քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրով։
Քսուք

 

 

Մսաղացով աղացած 3 վարդի կոկոններին ավելացրեք 50 գրամ հալած կարագ եւ 10 գրամ մեղվամոմ։ Լավ խառնեք, ավելացրեք 0,5 թ/գ դեղատնային վիտամին «A»։ Քսուքի օգտագործման ժամկետը (սառնարանում պահելու դեպքում) մինչեւ 4 օր է։

Դիմակներ

60 գրամ վարդի ծաղկաթերթերին ավելացրեք 2 ճ/գ օղի եւ 200 մլ զտված տաք ջուր։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Ստացված թուրմի մեջ խառնեք 50 գրամ բրնձի կամ վարսակի ալյուր։ Խառնեք այնքան ժամանակ, մինչև խառնուրդի խտությունը նմանվի կաթնասերին։ Դիմակը քսեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին։ Պահեք 15 րոպե, լվացեք տաք ջրով, դեմքին քսեք ձեր մաշկին հարմար քսուք։ Ունի փափկեցնող բնույթ։

Երիտասարդացնող դիմակ

Կտրատեք վարդի թերթիկները մանր մասերի, 2 ճ/գ հումքին ավելացրեք այնքան ջուր, որ ստացվի խիտ զանգված։ Տաքացրեք ջրային բաղնիքի վրա 10 րոպե, հովանալուց հետո քսեք դեմքին։ 15-20 րոպե հետո դիմակը հեռացրեք բամբակե խծուծով։ Լվացեք դեմքը գոլ ջրով։ Կիրառեք շաբաթը 1-2 անգամ։

Դեմքի գույնը լավացնող դիմակ

Նոր բացվող 2 վարդի ծաղկաթերթերին ավելացրեք 100 մլ 40 տոկոսանոց սպիրտ, 2 օր թրմեք մութ տեղում, քամեք։ Ոգեթուրմի 1 ճ/գ-ն խառնեք 1 ճ/գ հալած մեղրի եւ մեկ ձվի դեղնուցի հետ։ Խառնեք, քսեք դեմքին, պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք շաբաթը մեկ անգամ։

Դիմակ` զգայուն մաշկի համար

50 գրամ ծաղկաթերթիկները 30 րոպե եռացրեք կտրված կաթի հեղուկի մեջ։ Հովացրեք, թրմեք 3 ժամ։ Քսեք դեմքին, 5 րոպեից լվացեք դեմքը սառը ջրով։

Մաշկը առաձգական դարձնող միջոց

Խառնեք մեկական ճ/գ դաղձ, սամիթ, երիցուկ, լորենու ծաղիկները` ծաղկակիցների հետ միասին, վարդի եւ եղեսպակի ծաղկաթերթերը։ Առանձնացրեք խառնուրդի 2 ճ/գ, ավելացրեք 1,5 լիտր եռջուր։ Թրմեք 2-3 ժամ։ Քամեք։ Հումքը տեղադրեք դեմքին, վրայից ծածկեք թուրմի մեջ թրջած թանզիֆով։ 20-30 րոպեից հանեք թրջոցը, դեմքը մշակեք սնուցող քսուքով։

Դիմակ կրծքերի համար

Մանր կտրատած ծաղկաթերթերը խառնեք կաթի սերուցքի հետ այնպես, որ ստացվի խիտ զանգված, տեղադրեք դիմակի ձևով։ Վրայից ծածկեք խավոտ սրբիչով, 15 րոպեից լվացեք։

Ճարպոտ մաշկի համար

Կարմիր վարդի ծաղկաթերթերի չորս բաժակին ավելացրեք 500 մլ վեց տոկոսանոց խնձորի քացախ, թրմեք 3 շաբաթ։ Պարբերաբար թափահարեք։ Քամեք, խառնեք եռջրի հետ (1։1)։ Մաքրում և թարմացնում է ճարպոտ մաշկը։

Լոգանք

Բնական վարդի յուղի 5 կաթիլը խառնեք 4 ճ/գ ցածր յուղայնությամբ կաթի սերուցքի հետ, ավելացրեք լոգանքի ջրի մեջ։ Կարող եք վարդի յուղի փոխարեն 200-300 գրամ բուրումնավետ ծաղկաթերթիկները տեղավորեք լոգանքի ջրի մեջ։ Լոգանքներն ավելի արդյունավետ են եւ օգտակար քնելուց անմիջապես առաջ։

Դիմակ ճարպոտ մաշկի համար

Մեկ ձվի փրփրեցրած սպիտակուցին ավելացրեք մեկ ճ/գ մեղր, 2 ճ/գ ալյուր եւ մի քանի կաթիլ վարդի ջուր։ Լավ խառնեք, քսեք մաշկին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։

Լոսյոն ձեռքերի համար

Խառնեք 40 մլ գլիցերին, 30 մլ վարդի ջուր, 10 մլ օղի, 1 կիտրոնի հյութ, 5 մլ ջրածնի պերօքսիդ (3 տոկոսանոց)։ Միջոցը պահեք հով տեղում եւ ամուր կափարիչով փակված։

Բուրումնավետ սառցե խորանարդիկներ

Վարդի թերթիկներից պատրաստված թուրմը օգտակար է չոր, նուրբ մաշկին։ Այդ նույն թուրմից կարելի է պատրաստել սառցե խորանարդիկներ` առավոտյան եւ երեկոյան դեմքը մշակելու համար։

1ճ/գ վարդի թերթիկներին ավելացրեք 150-200 մլ եռջուր, քամեք 30 րոպե անց։ Սառեցրեք սառնարանի սառցախցիկում համապատասխան կաղապարի մեջ։

Դեպրեսիայի դեպքում

Արքայական` վարդաջրի մի քանի կաթիլ կաթեցրեք թաշկինակին և շնչեք այդ բուրմունքը։ Հակացուցված է հղիության առաջին ամսին։

Արքայական ջուր

Այս ունիվերսալ միջոցը կարող է ծառայել որպես լոսյոն, դեզոդորանտ, տոնիկ դեմքի համար, մազերը ցայելու եւ որպես բուրումնավետ բուժում գլխացավի դեպքում։

Խառնեք հավասար քանակությամբ վարդի, լավանդայի, եղեսպակի, հազրեվարդի ծաղկաթերթերը։ Մանրացրած նարնջի, կիտրոնի կեղեւ եւ կրկնակի քանակությամբ դաղձի տերեւներ, վրան ավելացրեք եռջուր, այնքան, որ ծածկի հումքը։ Թրմեք 1 ժամ, ստացված թուրմին ավելացրեք նույնքան խնձորի քացախ։

Լցրեք խառնուրդը ապակե տարայի մեջ, խցանեք, 2 շաբաթ թրմեք մութ տեղում։ Քամեք։ 100 մլ թուրմին ավելացրեք 300 մլ զտված ջուր։ Դրեք սրվակի մեջ և օգտագործեք։



Վարդի թերթիկների բուժիչ հատկությունները, կիրառումը թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (07.12.21) Դիտումներ: 172 | Տեգեր: բուժիչ, հատկությունները, վարդի, թերթիկների, կիրառումը | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика