Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ

Կնոջ ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիկներ (ֆոլիկուլներ)՝ դրանցում տեղադրված ձվաբջիջներով՝ կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ՝ էստրոգեններ:
Օգտակար հոլովակներ՝ դաշտանի մասին.
Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները. սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը՝ կաթի արտադրությանը: Ձվարաններում կանանց սեռական հորմոնների հետ միաժամանակ արտադրվող տղամարդկանց հորմոնների հարաբերությունը աննշան է՝ 10–1:
Ձվարանների (ինչպես և ամորձիների) գործունեությունը նույնպես կարգավորում է գլխուղեղը, որի որոշ կառուցվածքները աղջիկների սեռական հասունացման սկզբից ապահովում են դաշտանի պարբերականությունը:
Որովայնի խոռոչի ներքևի մասում՝ փոքր կոնքում, գտնվում է արգանդը: Դա տանձանման օրգան է, որն ունի հաստ մկանային պատեր, որոնք ներսից պատված են լորձաթաղանթով: Սովորաբար արգանդն ունի 7-9 սմ երկարություն, 5 սմ լայնություն և 50 գրամ քաշ: Հղիության շրջանում այն մեծանում է տասնյակ անգամ, որպեսզի տեղավորի զարգացող պտուղը: Արգանդը մի քանի անգամ մեծանում է նաև դաշտանի ընթացքում:
Այդ պրոցեսը ավելի վառ է արտահայտվում ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և անցնում արգանդային ձվատար փողերով: Այդ ժամանակ արգանդի հաստացած լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը:
Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանից 14 օր անց: Ձվաբջջի ձվարանից դուրս գալու տեղում ձևավորվում է այսպես կոչված դեղին մարմինը, որն արտազատում է հղիության ընթացքի և կաթնազատման համար շատ անհրաժեշտ հորմոն՝ լյուտեին: Սակայն սպերմատոզոիդների բացակայության դեպքում, երբ բեղմնավորում չի կատարվում, լորձաթադանթն անջատվում է, սկսվում է արյան հոսք սեռական ճեղքից, դաշտանային արյունահոսություն: 1-2 օր անց արգանդը կրկին իր բնական չափերն է ընդունում:
Նկարագրված փոփոխություններն ունեն պարբերական բնույթ, կրկնվում են միջինը 28 օրը մեկ և կազմում են դաշտանային ցիկլը: Արյունահոսությունը լինում է տարբեր տևողությամբ և չափով, բայց սովորաբար տևում է 3-5 օր:
Դաշտանային ցիկլը կարող է ավե|ի կարճ լինել՝ մինչև 21 օր, ինչպես նաև ավելի երկար՝ տևելով մինչև 32 օր: Սեռական հարաբերության ժամանակ բացվում է արգանդի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը: Բեղմնավորման դեպքում ձվաբջիջը ամրանում է արգանդի լորձաթաղանթին, որը նշանակում է հղիության սկիզբ (նկ 6)
Ձվատար խողովակները (արգանդափողերը) ձգվում են արգանդից աջ և ձախ դեպի ձվարանները: Նրանց երկարությունը 10-13 սմ է:
Փողերի ազատ ծայրը ծոպերի տեսք ունի, ընդգրկում է ձվարանը և բռնում է ձվազատման ժամանակ անջատված ձվաբջիջը: Փողերի պատերի կծկման շնորհիվ ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ:
Առողջ կանանց օրգանիզմում այս ամենը կատարվում է առանց որևէ շեղման: Երբ ներքին սեռական օրգաններում զարգանում է բորբոքում և դրա հետևանքով փողի նեղացում, կծկումները խախտվում են, և խանգարվում է ձվաբջջի շարժումը դեպի արգանդ:
Եթե այդ ամենին զուգահեռ տեղի է ունենում նաև բեղմնավորում, ձվաբջիջն ամրանում է փողի պատին և այստեղ էլ սկսվում է նրա զարգացումը: Այդ վիճակն անվանում են արտարգանդային հղիություն: Աճող պտուղը մեծանալով պատռում է արգանդի փողը՝ առաջանում է ներքին արյունահոսություն, որի ժամանակ հնարավոր են լուրջ հետևանքներ։
Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی