close

14 բանկային կողոպուտ, 2 ահաբեկչական պայթյուն և 10 սպանություն (Բեատե Չեպե)




 

   

Shamshyan.com

23-ամյա գերմանացի աղջիկը շրջում էր քաղաքում: Մեկ ժամ առաջ գարեջուր էր խմել: Միզելու ցանկությունն աճում էր: Աղջիկը մտավ առաջին հանդիպած խորովածանոցը, ամաչելով մոտեցավ դյոներ-քեբաբ պատրաստող աշխատողին. «Կներեք, խնդրում եմ թույլ տվեք օգտվել Ձեր զուգարանից»: Դյոներավաճառը կոպտորեն մերժեց աղջկան և վռնդեց խորտկարանից, հետևից թուրքերեն հայհոյելով: Աղջիկն արցունքն աչքերին դուրս եկավ: Մի քանի օր անց խորտկարանի աշխատողը, որը թուրք ներգաղթյալ էր, սպանվեց անհայտ հանգամանքներում:

Խորհրդային Միության կողմից բռնազավթված Արևելյան Գերմանիայում՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) , 1949թ. ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը զավթեցին կոմունիստները, որոնք սպասարկում էին Կրեմլի շահերը: ԳԴՀ-ում պարտադրվեց սոցիալիստական համակարգ, լենինյան-ստալինյան գաղափարներ, փակվեցին սահմանները, արգելվեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, ձեռներեցությունը: Երկիրը ռազմատուգանք էր վճարում ԽՍՀՄ-ին: Այդ պատճառներով կենսամակարդակը շատ ցածր էր, ժողովրդի մեծ մասը ստորացված ու կիսաքաղց էր ապրում: Դա շարունակվեց մինչև 1989թ., երբ քանդվեց Բեռլինի պատը: Իսկ 1990թ դեկտեմբերի 3-ին Արևմտյան և Արևելյան Գերմանիաները միավորվեցին:
 


Արևմտյան և Արևելյան Գերմանիաները, Բեռլինը՝ կիսված

Բեատե Չեպեն (Beate Zschäpe) ծնվել է 1975թ հունվարի 2-ին Ենա քաղաքում (Արևելյան Գերմանիա, Թյուրինգիայի երկրամաս): Նրա ծնողները ծանոթանցել էին Բուխարեստում, ատամնաբուժական դասընթացների ժամանակ: Հայրը ռումինացի էր: Նա լքում է Բեատեի մորը, երբ իմանում է նրա հղիության մասին: Մայրը վերադառնում է Ենա, սակայն չի կարողանում ատամաբույժ աշխատել՝ ալերգիայի պատճառով, և ընկնում պարտքերի տակ: Մայր ու աղջիկ շատ համեստ են ապրում, երբեմն կիսաքաղց օրեր անցկացնում, ինչպես սոցիալիստական Գերմանիայի բնակչության մեծ մասը: Բեատեն շատ ժամանակ էր անցկացնում հիվանդ տատիկի հետ և խնամում նրան: 
 



Ենա քաղաքն այսօր

Բեատեն սովորում էր Ենա քաղաքի Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան դպրոցում: Երկրորդ դասարանն ավարտելուց հետո դպրոցական բնութագրի մեջ 8-ամյա աղջկա մասին գրված էր. «Բեատեն աշխատասեր է, ձգտում է լավ սովորել: Սակայն չի կարողանում անհրաժեշտ կենտրոնացման հասնել: Նա լրիվ չի իրացնում հնարավորությունները, սակայն ակտիվորեն և ուրախությամբ է մասնակցում պիոներական կյանքին»: 
 



1991թ-ին, 10-րդ դասարանն ավարտելուց հետո Բեատեն աշխատում է նկարչի օգնական: Այնուհետև՝ 1992-1996թթ. ավարտում է գյուղատնտեսական դասընթացը, ստանում բանջարաբույծի որակավորում: Այդ ժամանակ Չեպեն միանում է «Վինցերլան» երիտասարդական ակումբին, որը գործում էր Ենայի Վինցերլա թաղամասում: Այդ ակումբում նա ընկերանում է երկու երիտասարդների՝ Ուվե Մունդլոսի և Ուվե Բենհարդտի հետ: 1993-ին Չեպեին, Մունդլոսին և Բենհարդտին արգելում են մուտք գործել ակումբ՝ կռվարարության պատճառով:
 


Բեատե Չեպե, Ուվե Բենհարդտ, Ուվե Մունդլոս

Օսմանյան կայսրության կործանումից հետո (Առաջին աշխարհամարտից հետո) սկսվում է թուրքերի արտագաղթը եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիա: Թուրքերի արտագաղթը զանգվածային է դառնում Սառը պատերազմի խառը տարիներին: Արդեն անցյալ դարի 90-ականների սկզբին Գերմանիայի արևելքում մոտ 5 միլիոն թուրք էր ապրում: Նրանց մեծ մասը մանր առևտրականներ էին, փողոցում դյոներ (բրդուճ - հացի մեջ քեբաբ, սոխ, պղպեղ, լոլիկ, համեմունքներ) էին վաճառում, շինարարական աշխատանքներ կատարում: Գերմանիայի արևելյան մասում ապրող գերմանացիների մեծ մասի ազգային ինքնագիտակցությունը աղավաղված ու ստորացված էր կոմունիստական-ապազգային գաղափարների և Խորհրդային 40-ամյա բռնաճնշումների հետևանքով: Այդ պատճառով Բեռլինի պատի փլուզումից հետո արևելագերմանացի երիտասարդների շրջանում ծայրահեղ ձախ-կոմունիստական գաղափարներին փոխարինեցին ծայրահեղ աջ-ազգայնական գաղափարները: 1995թ.-ին Գերմանիայում աջ արմատականները 65 հազար էին: Ներկայում նրանց թիվը 6000 է:
 


Ուվե Բենհարդտ և Բեատե Չեպե

1996թ Չեպեն, Մունդլոսն ու Բենհարդտը միանում են Թյուրինգիայի «Հայրենիքի պաշտպանության միություն» հայերնասիրական-ազգայնական եղբայրությանը, որը հակադրվում էր անարխիստական, կոմունիստական, հակագերմանական քարոզչությամբ զբաղվող կազմակերպություններին և գործիչներին, քննադատում, երբեմն էլ հարձակումներ գործում վերջիններիս վրա: 1998-ին Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդտը հիմնում են «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» կազմակերպությունը: «ԱՍԸ-ն անառաջնորդ դիմադրության շարժում է, համախոհների միություն, որն առաջնորդվում է «Խոսքի փոխարեն գործ» կարգախոսով, և գործելու է մինչև բեկումնային փոփոխություններ կլինեն քաղաքականության մեջ, մամուլում՝ կարծիքների ազատության առումով» (հատված՝ ոստիկանության հայտնաբերած ԱՍԸ կանոնադրությունից):
 


Բեատե Չեպե

2011թ. նոյեմբերի 4-ին Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդտը Մյունխենում բանկ են կողոպտում և փախուստի դիմում: Սակայն մոտ 1 ժամ անց ոստիկանությունը հայտնաբերում է նրանց սպանված վիճակում՝ բանկից մոտ 1,5 կմ հեռու, մեքենայի մեջ: Ոստիկանությունը հայտարարում է, որ Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդտը ինքնասպան են եղել՝ միմյանց վրա կրակելով: Նրանց մեքենայից ոստիկանները հայտնաբերում են ատրճանակներ և տեսասկավառակ: Շատ արագ պարզում են, որ այդ ատրճանակներից մեկով կատարվել են բազմաթիվ ծանր հանցագործություններ և սպանություններ: Իսկ տեսանյութից պարզում են, որ Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդտը «Ազգային սոցիալիստական ընդհատակ» կազմակերպությունից են:

Ցվիկաու քաղաքում Չեպեի այրված տունը

Նույն օրը Ցվիկաու քաղաքում (Գերմանիա, Սաքսոնիա երկրամաս) Բեատե Չեպեի վարձակալած բնակարանն այրվում է: Հաջորդող օրերին Բեատե Չեպեն մասնակցում է Ուվե Մունդլոսի և Ուվե Բենհարդտի հոգեհանգստի, հուղարկավորության, սգո արարողություններին, իսկ նոյեմբերի 8-ի առավոտյան մտնում է Մյունխենի ոստիկանության բաժանմունք և հարցնում. «Ո՞վ է սպանել Ուվե Բենհարդտին և Ուվե Մունդլոսին»: Բեատեին տեղում ձերբակալում են: Հաջորդ օրը ներկայացնում են մեղադրանք: Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդտը մեղադրվում են 1998-2011թթ.-ին 7 թուրք, 1 ալևի, 1 հույն ներգաղթյալների, ոստիկանության մեկ աշխատակցուհու սպանությունների, ինչպես նաև՝ 2 ահաբեկչական պայթյունների և 14 բանկային կողոպուտների մեջ: Իսկ Բեատե Չեպեն մեղադրվում է նշված հանցանքներին մեղսակցության մեջ: Սպանություներն ու կողոպուտները կատարվել էին Մյունխենում, Նյուրնբերգում, Համբուրգում, Ռոստոկում, Դորտմունտում, Քեսելում, իսկ պայթյունները Քյոլնի թուրքական թաղամասում: Ոստիկանները Բեատեի այրված բնակարանից հայտնաբերում են տեսասկավառակներ, լուսանկարներ, գրառումներ, որոնք կցում են գործին:

Հետաքննությունը տևում է 17 ամիս: Քրգործի քննությամբ զբաղվում են 400 քննիչներ, միայն մեղադրական եզրակացությունը կազմում է 488 էջ, դատավարությանը ներգրավվում են 5 դատախազներ, 50 փաստաբաններ, 600 վկաներ: Հետաքննության ընթացքում Բեատե Չեպեն ոչ մի անգամ չի խոսում և ցուցմունք չի տալիս:
 


Դատավոր Մաթեոս Գյոթցե (մեջտեղում), Բեատե Չեպեն մեջքով և նրա փաստաբան Մաթիաս Գրասելը

2013թ. ապրիլի 17-ին Մյունխենում նշանակվում է Բեատե Չեպեի դատավարության առաջին նիստը: Դատավարությունը լուսաբանելու համար հավատարմագրում են 50 լրատվամիջոցների: Թուրքական «Հուրիեթ» և «Սաբաթ» թերթերն ուշ են հայտ ներկայացնում, և նրանց հայտը մերժվում է, պատճառաբանելով, որ լրագրողների տեղերը սահմանափակ են և արդեն լրացված են: Գերմանացի թուրքերը դիմում են Գերմանիայի Սահմանադրական դատարան: ՍԴ-ն բավարարում է հայցը և պարտադրում Մյունխենի դատարանին վերահավատարմագրել ԶԼՄ-ներին: Դատավոր Մաթեոս Գյոթցեն հետաձգում է առաջին նիստը: Հայտ ներկայացրած 324 ԶԼՄ-ներից վիճակահանությամբ ընտրվում են 50-ը: Մի քանի թուրքական լրատվամիջոցներ իրավունք են ստանում լուսաբանել գործընթացը, սակայն մի քանի միջազգային լուրջ ԶԼՄ-ներ դուրս են մնում: Դատական առաջին նիստը բացվում է 2013թ. մայիսի 6-ին: Դատարանի շենքի առջև զոհերի նկարները ձեռքներին բողոքի ցույց են կազմակերպում նրանց հարազատները և Գերմանիայի թուրքական համայնքը:
 


Մյունխենում դատարանի շենքի մոտ կազմակերպված ցույց, պաստառի վրա 10 զոհերի լուսանկարներն են

Առաջին նիստի ժամանակ Բեատե Չեպեի 3 փաստաբանները միջնորդում են փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց-կալանքը: Որոշ ընդմիջումից հետո դատարանը մերժում է միջնորդությունը: Բեատե Չեպեն դատարանում հրաժարվում է խոսել: Դատարանի դահլիճում նա կանգնում է դեմքով դեպի պատը, մեջքով դեպի դահլիճը, զոհերի ներկայացուցիչների, մեղադրողների, դատավորի հարցերին չի պատասխանում: Լռությունը տևում է 2,5 տարի: 
 



2012թ. փետրվարի 18-ին, երկուշաբթի օրը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը իր նստավայրում ընդունում է ԱՍԸ-ի զոհերի հարազատներին: Նա մխիթարական և ցավակացական խոսքեր է ասում և հորդորում վստահել գերմանական իշխանություններին: Փետրվարի 23-ին Բեռլինում Ժանդարմենմարկտ հարպարակում կազմակերպվում է ԱՍԸ-ի զոհերի հիշատակի երեկո: Հավաքվում է 1200 մարդ: Ելույթ է ունենում կանցլեր Անգելա Մերկելը: Նա ԱՍԸ-ի զոհերի հարազատներից ներողություն է խնդրում. «Այդ սպանությունների բացահայտումը շատ երկար տևեց: Դա դառը ճշմարտություն է: Սպասումի երկար տարիները Ձեզ համար, հավանաբար, մղձավանջային են եղել: Այդ պատճառով ես ներողություն եմ խնդրում Ձեզնից»
 


Նախագահ Յոահիմ Գաուկն ընդունում է սպանված զոհերի հարազատներին, Անգելա Մերկելը ներողություն է խնդրում զոհերի հարազատներից

Մարտ-ապրիլ ամիսներին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, դատախազության աշխատակիցներ հրաժարական են տալիս: Հուլիսի 2-ին հրաժարական է տալիս Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզություն) պետը՝ Հայնց Ֆրոմը: Այդ հրաժարականներն ուղղակի առնչվում էին Բեատե Չեպեի գործին:

2015թ. դեկտեմբերի 9-ին դատավարության 249-րդ նիստի ժամանակ Բեատե Չեպեն դալիճ մտավ ժպիտը դեմքին, առաջին անգամ նա երես չթեքեց ֆոտո և տեսախցիկներից: Այդ օրը նա առաջին անգամ խախտեց լռությունը և հանդես եկավ հայտարարությամբ: 53-էջանոց հայտարարությունը կարդաց նրա փաստաբան Մաթիաս Գրասելը. 
 


Բեատե Չեպեն և նրա փաստաբան Մաթիաս Գրասելը

«Չեմ մասնակցել սպանություններին և դրանց նախապատրաստմանը: Սպանությունների մասին ոչինչ չգիտեմ: Չեմ մասնակցել բանկային կողոպուտներին և ոչինչ չգիտեմ դրանց մասին: Մեկ անգամ Ուվե Մունդլոսից լսել եմ կողոպուտ իրականացնելու մտադրության մասին, սակայն լուրջ չեմ ընդունել: Իմ ավտոտնակում հայտնաբերված պայթուցիկների առկայության մասին ոչինչ չեմ իմացել: Իմ կողմից վարձակալած բնակարանն ինքս եմ հրկիզել՝ հուսահատությունից»: «Ազգային-սոցիալիստական ընդհատակի» մասին Բեատե Չեպեն ասում է, որ դա Մունդլոսի երևակայության արդյունքն է: Եվ «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» անունով իրական կազմակերպություն չի եղել: 
 


Այսպիսով Բեատե Չեպեն հերքում է ներկայացված մեղադրանքները, բացառությամբ կողոպուտի մտադրության մասին իմանալ չհայտնելու և բնակարանի հրկիզմանը վերաբերող դրվագները: Եվ չի բացառվում, որ դատարանը չկարողանա ապացուցել նրա մեղսակցությունը:

Մունդլոսի և Բենհարդտի հետ հարաբերությունների մասին ասում է. «Ուվե Մունդլոսին վերաբերվում էի՝ ինչպես քույրը եղբորը, իսկ Ուվե Բենհարդտին սիրում էի»: Հայտարարության մեջ Չեպեն ընդգծում է նաև գերմանական հատուկ ծառայությունների բացասական դերը: Նա մատնանշում է, որ Գերմանիայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Տինո Բրանդտը (Tino Brandt) հատուկ ծառայության իրազեկիչ է: Միաժամանակ Տինո Բրանդտը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել, տեխնիկական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ազգայնական երիտասարդներին և նրանց միջոցառումներին:
 


Տինո Բրանդտ

Բեատե Չեպեի դատավարությունը դեռ շարունկավում է, սակայն այդ թեմայով արդեն մի քանի գրքեր են գրվել, որտեղ ընդարձակ անդրադարձ է կատարվել Գերմանիայի ազգայնական շարժումներին, կատարված հանցագործություններին, հատուկ ծառայությունների ներգրավվածությանն այդ շարժումների մեջ, և իհարկե՝ Բեատե Չեպեի կյանքի, հետաքննության, դատավարության մանրամասներին:


Բեատե Չեպեի մասին գրված գրքերից երեքի շապիկները

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (03.08.16) | Հեղինակ: Shamshyan.com W Դիտումներ: 2018 | Տեգեր: կողոպուտ, 14, (Բեատե, ահաբեկչական, սպանություն, Չեպե), 10, բանկային, պայթյուն | Վարկանիշ: 0.0/0