RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Մրգերի մեջ թագակիր ՆՈՒՌԸ և դրա առողջարար հատկությունները
 


 


   

Նռնենի սովորականը նռնազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ փոքր ծառ է։ Ծաղիկների տրամագիծը հասնում է 2-5 սմ։ Վառ կարմիր ծաղիկների բուժիչ հատկությունների մասին գրել է հայ բժշկապետ Ա. Ամասիացին. «Վայրի նռան ծաղիկն օժտված է մաքրող հատկությամբ։ 

Լավագույնը կարմիր գույն ունեցող ծաղիկն է։ Օգտակար է շարժվող ատամների և արյունահոսող լնդերի համար։ Օգնում է ականջի ետևի մանր խոցերի և գլխի թաց խոցերի բուժմանը։ Բուժում է նաև աղիների խոցերը։ Շատ օգտակար է կոպերի հիվանդությունների ժամանակ։ Օգտակար է հղի կանանց համար։ Դադարեցնում է ամեն տեսակի արյունահոսություն։ 

Եթե դրանից քսուք պատրաստվի` կօգնի ճողվածքի դեպքում։ Ընդունման չափաբաժինը հինգ գրամ է։ Բայց նռան ծաղիկը վնաս է շնչառությանը։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է ընկույզի յուղը»։

Ժամանակակից բուժարարները գտնում են, որ բնության մեջ աճող նռնենու ծաղիկների ջերմությունը նպաստում է վերքերի ապաքինմանը` առանց սպիացման։ Ծաղիկը պարունակում է պանիցին կոչվող ներկանյութ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին, առանձին ծաղիկների ծաղկման շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ։ Նռնենու հայրենիքը Պարսկաստանի լեռնային շրջաններն են կամ` Արաբական թերակղզու արևելյան շրջանները։ Բնական պայմաններում հանդիպում է նաև Կովկասում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին, մշակվում և հանդիպում է վայրի վիճակում Տավուշի և Սյունիքի մարզերում` ծովի մակերևույթից մոտ 800 մ բարձրություն ունեցող չոր, քարքարոտ թեքությունների վրա։
Չորադիմացկուն է, ջերմասեր, լուսասեր, առանց վնասվելու` դիմանում է մինչև 20 C սառնամանիքների։

Նռնենու գիտական անվանումն է` Punica granatum. առաջին բառը կապված է Կարթագենի և Հռոմի միջև մղված երկարատև պատերազմի հետ։ Ավերված Կարթագենում բազմաթիվ նռնենու այգիներ են եղել։

Նռան պտուղը հնագույն ժամանակներից պտղաբերության խորհրդանիշ է համարվել` granatum=բազմահատիկ։ Հին Հայաստանում նռնենին նաև հավերժություն է խորհրդանշել։ Մշեցի նախնիներից մեզ է հասել հետևյալ ավանդազրույցը. «Թագավորը մեծ տոնախմբություն է կազմակերպում։ Բազմաթիվ պալատականների և հարևան թագավորների ներկայությամբ նրա հղի կինը, որի ծննդաբերելու ժամանակն էր մոտենում, նկատելով հատակին ընկած մուգ կարմիր նռան հատիկը` վերցնում է և կուլ տալիս։ Զայրույթից, ցասումից մթագնած արքան սրի է քաշում կնոջը։ Հրաշքով փրկելով փոքրիկ արքայազնի կյանքը, տեսնում են` նռան հատիկը մանկիկի շուրթերին»։

Բուժիչ հատկություններ ունեն նռնենու կեղևը, տերևը, ծաղիկը, պտղի կեղևը, պտղամիսը, հյութը, կորիզները, պտղակոթունը, արմատը։
Նռնենուց ստացված պատրաստուկներն ունեն ամրացնող, թարմացնող, արյունը մաքրող, հակաբորբոքային, ցավազրկող, կապող, արյունարգել, հակահելմինտոզ, ջերմիջեցնող, վերքամոքիչ հատկություն։

Վերքեր. Խառնեք նռան տրորած սերմ և մեղր (1։4)։ Օգտագործեք եղունգների փխրունության և տրոֆիկ խոցերի բուժման համար` որպես քսուք։
* 10 գ մանրացրած պտղակոթունը 15 րոպե եփեք 200 մլ ջրում, փակ տարայի մեջ։ Լվացեք վերքերը, դրեք թրջոց։

* Վերքին ցանեք այրված կոթունների մոխիրը։
Դեպրեսիա, քրոնիկ հոգնածություն. Կես թ/գ պտղի չոր մանրացրած միջնապատը մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք օրվա ընթացքում։

Այրվածք. 200 մլ գոլ ջրում լուծեք 20 մլ նռան հյութ։ Դրեք թրջոց։ Վերքը մշակեք պտղի կեղևի փոշիով։
Նռան հյութը հրաշալի հակաօքսիդանտ է, ավելի ազդեցիկ, քան կարմիր գինին կամ կանաչ թեյը։ Նռան հյութը կանխարգելում է աթերոսկլերոզը, ամրացնում է արյունատար անոթները, ունի հիպոտենզիվ հատկություն, պայծառացնում է տեսողությունը, օգտակար է հավկուրության դեպքում։ Լուծեք ջրի հետ (1։1)։

Շաքարային դիաբետ. Նռան հյութը հիմնականում պարունակում է խաղողաշաքար, մրգաշաքար և շատ քիչ` բուսաշաքար։ Խորհուրդ է տրվում խմել 60-ական մլ հյութ, օրը 3 անգամ, 1/4 թ/գ մեղրի հետ։ Պահպանում է վերջույթները աթերոսկլերոզից։

Զգուշացում։ Ստամոքսի խոցի և բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում նման բուժումը հակացուցված է։

Ցածր հեմոգլոբին. Նուռը հարւստ է A. C, E, B1, B2 վիտամիններով, պարունակում է կալիում, կալցիում, կրեմնիում, յոդ, երկաթ և այլն։ Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ։ Երկաթի պարունակությունը բարձր է նաև կորիզների մեջ։

Նռան կորիզն ունի ճնշումն իջեցնող հատկություն և որոշ դեպքերում նվազեցնում է գլխացավը։
Դաշտանադադար. Նռան կորիզները պարունակում են նաև կոշտ բջջանք և բուսական հորմոններ, որոնք իրենց հատկություններով ունեն նմանություն կանացի սեռական հորմոն էստրոգենի հետ։

Դաշտանադադարի շրջանում օգտակար է ուտել օրական մոտ 100 գ նուռ` կորիզների հետ միասին։
Նուռն օգտակար է նաև տղամարդկանց.
*Խմեք 60-ական մլ նռան հյութ, օրը 3 անգամ,
*Հավանգով տրորեք նռան կորիզները, խառնեք շաքարավազի հետ (2։1), կերեք 2 ճ/գ` օրը 3 անգամ։

Անգինա. 50 գ նռան կորիզները (պտղամսով) 10 րոպե եփեք 200 մլ ջրում, խմեք օրվա ընթացքում։

Դիսբակտերիոզ. Համեմեք ուտեստները սերմի փոշիով։

Ստամոքսի խանգարում. Նռան կեղևն ունի կապող հատկություն, ինչի շնորհիվ օգտակար է լուծի դեպքում։ 1 ճ/գ մանրացրած չոր կեղևը 3 րոպե եփեք 200 մլ նախօրոք եռացրած ջրում` փակ տարայի մեջ։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։

Դեմքը սպիտակեցնող. Նուռը պարունակում է զգալի քանակությամբ կիտրոնահյութ, ինչի շնորհիվ ունի մաշկը սպիտակեցնող և թարմացնող հատկություն։ Նռան հյութը լուծեք գոլ ջրի մեջ (1։2), օգտագործեք լվացվելու համար։

Մազերի փայլը վերականգնող. Նռան հյութը լուծեք ջրի մեջ (1։1), ցայեք մազերը։

Մազերի գույնը պահպանող. Մազերը մշակեք նռան հյութով, փաթաթեք սննդային թաղանթով և ծածկեք սրբիչով։ Պահպանում է շագանակագույն, շիկակարմիր գույները։

Խնդրահարույց մաշկ. Փոշիացրեք նռան չոր կեղևը, ավելացրեք այնքան ձիթապտղի յուղ, մինչև ստացվի համասեռ զանգված։ Թեթև հպումներով քսեք դեմքին, 5-7 րոպեից լվացեք գոլ ջրով, կատարեք շաբաթական 1 անգամ։

Կրունկների մաշկը հարթեցնող. 2 ճ/գ նռան մանրացրած կեղևը 15 րոպե եփեք մարմանդ կրակի վրա, փակ կափարիչի տակ։ 30 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին։

Դիմադրողականությունը բարձրացնող. 2 կգ կարմիր բազուկից ստացված հյութը 1 ժամ պահեք սառնարանում, ավելացրեք 2 կգ գազարի, 1-ական կգ նռան և կիտրոնի հյութեր, 1 կգ մեղր։
Լցրեք ապակե տարաների մեջ, կիպ փակեք, պահեք սառնարանում։ Խմեք 50 մլ` նախաճաշից առաջ։

Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթ հետո։
Նման բուժումն առավել օգտակար է աշնանը և գարնանը` գրիպի վարակի ակտիվացման շրջանում։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.04.18)
Դիտումներ: 544 | Տեգեր: դրա, մրգերի, մեջ, Նուռը, հատկությունները, առողջարար, թագակիր | - Վարկանիշ -: 0.0/0