RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչ պետք է իմանա ցանկացած գրագետ կին կամ տղամարդ իր սեռական համակարգի մասին (չափահասների համար)
 


 


   

Սեռական համակարգը բազմացման օրգանների համակարգ է,որը ծառայում է նոր կյանքի ստեղծման, տեսակի պահպանման համար: Սեռական համակարգի մեջ են մտնում արական և իգական սեռական օրգանները:  

Արական սեռական օրգաններ - լինում են արտաքին և ներքին:

Արտաքին սեռ.օրգաններն են` առնանդամը և ամորձապարկը, ներքինը`ամորձիներն իրենց պատյանով, մակամորձիները, սերմնածորանը, սերմնալարը,սերմնաբշտերը, շագանակագեղձը, կոճղամիզուկային կամ կուպֆերային գեղձերը:           

Ամորձիներ - զույգ,խառը գեղձեր են,տեղավորված են ամորձապարկի մեջ: Ձվաձև մարմիններ են` 4սմ երկարությամբ և 3սմ լայնությամբ: Ամորձին ունի միջային և դրսային,առաջային և հետային եզրեր, վերին և ստորին բևեռներ: Հետին վերին եզրին տեղավորված են մակամորձիները և սերմնալարը: Մակամորձին մի նեղ մարմին է` ունի գլխիկ,մարմին և պոչ:

Ամորձու ֆունկցիան - խառը գեղձ է, ունի ներզատիչ և արտազատիչ ֆունկցիա:                      Որպես ներզատիչ գեղձ արտադրում է տեստոստերոն և անդրոստերոն հորմոններ, որոնք անմիջապես թափվելով արյան մեջ, ապահովում են  տղամարդու երկրորդական սեռական նշանների զարգացումը: Այն սկսվում է 12-14 տարեկանից`արագ աճում է հասակը, մեծանում են արտաքին սեռ.օրգ.ի չափերը, ցայլքերի, թևատակերի տակ մազեր են աճում, փոխվում է ձայնի երանգը, կոպտանում են դիմագծերը: 

Որպես արտազատիչ գեղձ ամորձին արտադրում է տղամարդու սեռական բջիջները` սպերմատոզոիդները,որն ունի գլխիկ, վզիկ, մարմին և պոչ: Արական սեռական բջջի զարգացման պրոցեսը կոչվում է սերմնագոյացում,որն ընթանում է մի քանի փուլերով: Վերջին փուլը բջջի ձևավորման շրջանն է,երբ նրանք ձեռք են բերում հատուկ հարմարվողականությունև դառնում սպերմատոզոիդներ, որոնք խառնվելով շագանակագեղձի և սերմնաբշտերի արտազատուկին, առաջացնում են սերմնահեղուկ կամ սպերմա: Սերմնահեղուկի միջավայրը հիմնային է և պարունակում է ամինաթթուներ, հորմոններ, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր:

Սերմնածորան - ունի 40-45սմ երկարություն: Սկսվում է մակամորձու պոչից և որպես մակամորձու շարունակություն, առաջացնում է գալարներ,որոնք անոթների ու նյարդերի հետ միասին մտնում են սերմնալարի կազմի մեջ: Սերմնածորանի պատն ունի 3 երես` արտաքին` շարակցահյուսվածքային, միջին`մկանային,ներքին` լորձաթաղանթային:

Սերմնալար - կազմի մեջ են մտնում ամորձամկանը, սերմնածորանը, ամորձու զարկերակը, երակը, ավշանոթները և նյարդերը: Սերմնալարը ձևավորվում է,և ամորձին  ներարգանդային կյանքում որովայնի խոռոչից իջնում է ամորձապարկի մեջ` ծնվելուց առաջ: Եթե նրանք չեն իջնում ,ապա դա համարվում է բնածին արատ և կոչվում է կրիպտոորխիզմ:

Ամորձապարկ - մաշկային պարկ է,որի մեջ տեղավորված են ամորձիները, մակամորձիները և սերմնալարի ստորին մասը: Ամ.պարկի մաշկը նուրբ է,պիգմենտավորված,հարուստ նյարդային վերջույթներով: Մաշկի տակ գտնվում է մկանային թաղանթը,որն ունի կարմիր գույն և կոչվում է մսային թաղանթ կամ դարտոզ:

Սերմնաբշտեր - զույգ արտազատիչ գեղձեր են, տեղավորված սերմնածորաններից դուրս,միզապարկի և ուղիղ աղիքի միջև: Երկարությունը մոտ 5սմ է, դեպի ցած նեղանում է և դառնում է արտազատիչ ծորան,որը, սուր անկյան տակ,միանալով սերմնածորանին, առաջացնում  է  սերմնացայտ  ծորան:

Կոճղեզամիզուկային գեղձ - զույգ, սիսեռի մեծության գեղձեր են, գտնվում են միզասեռական ստոծանու մկանների հաստության մեջ,ունեն 3-4սմ երկարության ծորաններ, որոնք բացվում են միզուկի սպունգային հատվածի սկզբնամասի մեջ: Արտազատում են մածուցիկ նյութ, խոնավացնում առնանդամի գլխիկը և պահպանում միզուկի լորձաթաղանթը մեզի գրգռումից:

Շագանակագեղձ - գեղձամկանային օրգան է, դրված է միզապարկի տակ և նստած է միզասեռական ստոծանու վրա: Այն ունի հիմ և գագաթ: Հիմով ուղղված է դեպի միզապարկի հատակը, գագաթով հարում է միզասեռական ստոծանուն: ԳԵղձի բորբոքումից,որը կոչվում է պրոստատիտ, շարակցական հյուսվածքի գերաճից,որպես կանոն,առաջանում է սեռական ուժի թուլացում, և խանգարվում է միզարձակումը:

Առնանդամ - կազմված է 2 խորշիկավոր մարմիններից և նրանց տակ գտնվող միջուկի մեկ սպունգավոր մարմնից,որի միջով` ամբողջ երկարությամբ անցնում է միզուկը: Առնանդամը ծածկված է  բարակ, շարժուն մաշկով,որի գլխիկի մոտ առաջանում է մի ծալք` թլիփ:

Տղամարդու միզուկը - պատկանում է միազային համակարգին: Տղամարդու միզուկի միջով անցնում է մեզը և սերմնահեղուկը, իսկ կնոջ միզուկով` միայն մեզը: Միզուկն ունի 3 մաս` շագանակագեղձային, թաղանթային և սպունգային: 
Շագանակագեղձային մասը միզուկի սկզբնական հատվածն է, երկարությունը մոտ 3 սմ է: Թաղանթային մասն սկսվում է շագանակագեղձից մինչև առնանդամի կոճղեզ: Նեղ մաս է,1սմ երկարությամբ, անցնում է միզասեռական ստոծանու միջով: Սպունգային մասը 15սմ է: Միզուկի լորձաթաղանթը ծածկող էպիթելը տարբեր մասերում տարբեր է` փոփոխական, բազմակորիզ, գլանաձև, բազմաշերտ,հարթ:

Իգական սեռական օրգաններ

Իգական սեռական օրգանները բաժանվում են ներքին և արտաքին օրգանների: Ներքին սեռական օրգաններն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը և հեշտոցը: Արտաքին օրգաններն են ամոթույքի մեծ և փոքր շրթերը, ծլիկը, կուսաթաղանթը, ցայլքը, միզուկը և բարթոլինային գեղձերը:

Ձվարանները - զույգ խառը գեղձեր են, գտնվում են փոքր կոնքի խոռոչում: Ունեն 3 սմ երկարություն, 2 սմ լայնություն և 1 սմ հաստություն: Ձվարանն ունի 2 ծայր` փողային: Արգանդային ծայրերից սկսվում է ձվարանի սեփական կապանը, որը կապում է ձվարանն արգանդի հետ: Կեղևային նյութում տեղի է ունենում օվոգենեզ կամ ձվաբջջի զարգացում, որն ընթանում է 3 փուլով:                                                                        

1-ին փուլը կոչվում է բազմացման փուլ,որը սկսվում է ներարգանդային կյանքից և շարունակվում է մինչև կյանքի 1-ին ամիսը:                                                                                    

2 փուլը կոչվում է աճի փուլ և բաղկացած է 2 ենթափուլերից`փոքր աճի և մեծ աճի:Փոքր աճը հաջորդում է բազմացման փուլին`սկսվում է կյանքի 1-ին ամսից և տևում մինչև սեռական հասունացում:                                             
Մեծ աճը սկսվում է սեռական հասունացման հենց առաջին օրվանից և տևում մինչև դաշտանադադար:


Արգանդ - տանձաձև խոռոչավոր օրգան է,գտնվում է փոքր կոնքի խոռոչում`առջևից միզապարկի,հետևից ուղիղ աղիքի արանքում: Այն ունի հատակ,մարմին և վզիկ: Հատակը մարմնի վերին ուռուցիկ մասն է: Մարմինը կազմում է արգանդի մեծ մասը և դեպի վեր նեղանալով,փոխարկվում է վզիկի: Արգանդի խոռոչը հատակի և մարմնի հատվածում եռանկյունաձև է: Չծննդաբերած կանանց մոտ արգանդի երկարությունը 7-8 սմ է, ծննդաբերածների մոտ` 8-9.5 սմ,լայնությունը 4-5.5 սմ,հաստությունը` 2.5սմ: Արգանդի պատը կազմված է 3 շերտից: Ներքին լորձաթաղանթային շերտը կոչվում է էնդոմեթրիում, ունի մոտ 1 մմ հաստություն և կազմված է միաշերտ խորանարդաձև էպիթելից: Միջին մկանային շերտը կոչվում է միոմեթրիում,կազմում է արգանդի պատի հաստության մեծ մասը և պարունակում է առաձիգ թելեր: Արտաքին շճային շերտը կոչվում է պերիմեթրիում,և սա հենց որովայնամիզն է:

Դաշտանային ցիկլ - կազմված է 3 փուլից` նախադաշտանային, դաշտանային և հետդաշտանային:

1. Նախադաշտանային կամ սեկրեցիոն փուլը բնորոշվում է նրանով, որ պարզ խողովակակազմ գեղձերը երկարում են, ճյուղավորվում և արտադրում են լորձային արտազատուկ,ուղիղ զարկերակները լայնանում են և արյունալցվում:

2. Դաշտանային փուլ, երբ լայնացած անոթներից տեղի է ունենում արյունահոսություն, որը տևում է 3-7 օր, արյան միջին կորուստը կազմում է 50-70 մլ: Դաշտանային արյան հետ թափվում են ֆունկցիոնալ շերտը և տվյալ ամսվա չբեղմնավորված ձվաբջիջը:

3. Հետդաշտանային կամ վերականգման փուլ: Բազալ շերտում գեղձերի հատակներից, ոչ դիֆերենցված բջիջներից, վերականգնվում է ֆունկցիոնալ շերտը: Այս թուլը տևում է 12-14 օր և կատարվում է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ:

Արգանդափողեր - զույգ խողովակներ են, գտնվում են փոքր կոնքի խոռոչում`արգանդի լայն կապանի վերին եզրում: Տարբերում են փողի հետևյալ մասերը`                                                       

1. Արգանդային,որը գտնվում է արգանդի պատի հաստության մեջ,    
                                       
2. նեղուց,որն աստիճանաբար լայնանալով,դառնում է ամպուլա,    

3. ամպուլային,որում կատարվում է ձվաբջջի հասունացումը և բեղմնավորումը: Ամպուլան վերջանում է լայնանցքով,որը կոչվում է ձագար:

4. Ձագար, որի եզրերն ունեն տարբեր չափերի ելուններ`արգանդային ծոպեր:

Հեշտոց - Մկանաներդակազմ օրգան է,ունի 8-12 սմ երկարություն: Հեշտոցն իր վերին լայն մասով գրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին նեղ մասով բացվում է ամոթույքի անդաստակի մեջ:Հեշտոցի պատը կազմված է 3 շերտից` լորձաթաղանթ, միջմկանային և շարակցահյուսվածքային:      

Կույսերի հեշտոցի արտաքին բացվածքում լորձաթաղանթն առաջացնում է մի նուրբ ծալք, որը կոչվում է կուսաթաղանթ:
 
Բեղմնավորում - Սեռական հարաբերության ժամանակ հեշտոց է թափվում 3-5 մլ սպերմա, որը պարունակում է 300-500մլն սպերմատոզոիդներ: Սպերման հիմնականում կուտակվում է հեշտոցի հետին կամարում: Սեռական գրգռման հետևանքով տեղի է ունենում արգանդի մկանների կծկում,վզիկի արտաքին բացվածքը քիչ բացվում է, Կրիստսելլերի խցանը դուրս է գալիս վզիկից և շաղախվում հետին կամարում գտնվող սպերմայով: 

Սեռական հարաբերությունից հետի լորձային խցանը սպերմատոզոիդներով ներքաշվում է արգանդի վզիկի մեջ:                                         
Այն սպերմատոզոիդները,որոնք արգանդափողերով դորս են գալիս որովայնի խոռոչ, մահանում են մեկ օրվա ընթացքում: Բեղմնավորումը հիմնականում տեղի է ունենում փողի ամպուլյար հատվածում:

Ամոթույք - մեծ շրթեր-մաշկի 2 կլորավուն ծալքեր են,որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպային հյուսվածք,հարուստ են արյունատար և ավշային անոթներով: Ունեն 8 սմ երկարություն,2-3 սմ լայնություն: Երկու շրթերի միջև ընկած տարածությունը կոչվում է ամոթույքի ճեղք:

Ամոթույքի փոքր շրթեր - լորձաթաղանթ հիշեցնող 2 մաշկային ծալքեր են: Թաքնված են ամոթույքի ճեղքում: Փոքր շրթերի միջև ընկած տարածությունը կոչվում է հեշտոցի անդաստակ կամ նախադուռ:

Ծլիկ - գտնվում է հեշտոցի նախադռան մեջ, միզուկի արտաքին բացվածքից քիչ վեր: Ունի գլխիկ, մարմին և 2 ոտիկներ, որոնք կպչում են ցայլոսկրի ստորին ճյուղերին:

Կաթնագեղձեր - զույգ օրգան է,գտնվում է կրծքավանդակի առաջային երեսին, 3-7-րդ կողերի մակարդակին: Կաթնագեղձի կենտրոնում գտնվում է պտուկը,իսկ նրա շուրջը հարպտկային օղակը: Ամենամեծ չափերի գեղձը հասնում է հղիության և կրծքով կերակրելու շրջաններում: Հղիության 2-րդ կեսում գեղձի բշտիկներում սկսվում է արտազատման պրոցեսը: Ծննդաբերությանը մոտ օրերին կաթնագեղձերից դալ է դուրս գալիս, իսկ երեխան ծնվելուց մի քանի օր անց սկսվում է կաթի արտազատումը:

Շեքը - սա այն շրջանն է, որն ընկած է արտաքին սեռական օրգանների և հետանցքի միջև: Շեքը փոքր կոնքի ելքն է: Շեքի սահմաններն են` առջևից սիմֆիզի ստորին եզրը, կողքերից նստային թմբեր, հետևից` պոչուկը:    

Կոնքի ստոծանին կազմված է 2 զույգ մկաններից` սրբանը բարձրացնող և պոչուկային:                                                                                                                                        Միզասեռական ստոծանու առաջավերին բաժինը կազմված է կոնքի լայնական կապան կոչվող ներդակազմ հյուսվածքից: Կոնքի ստոծանու և միզասեռական ստոծանու մկանների վրա գտնվում են շեքի մակերեսային մկանները, որոնք 4-ն են` 

1.հետանցքի արտաքին սեղման, 2.կոճղեզասպունգային մկան, որը,կախված սեռից, ունի տարբեր կառուցվածք, 
3.նստախորշիկային մկան, 
4.շեքի մակերեսային լայնական մկան: 

Վերջին 2 մկանները կանանց մոտ թույլ են զարգացած:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.07.18)
Դիտումներ: 1654 | Տեգեր: գրագետ, ցանկացած, կամ, սեռական, տղամարդ, պետք, իր, իմանա, կին, ԻՆՉ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...