RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Եթե տանը փոքրիկ է ծնվել. կարևոր խորհուրդներ նորատի ծնողներին
 


 


   «Տնային Առողջարան»

Երեխա ունենալը յուրաքանչյուր ընտանիքի երազանքն է: Երկար ու ձիգ ինը ամիսներ, եւ ցանկալի նորածինը նորաստեղծ ընտանիքում մի շարք խնդիրների առաջացման պատճառ է դառնում:

Թեմայի մասին տեղեկացնում է «Փոքրիկ ճեմարանականներ» կենտրոնի հոգեբան Մարիա Համբարձումյանը:

- Կարո՞ղ է առաջնեկի ծնունդը դառնալ նորաստեղծ ընտանիքում խնդիրների առաջացման պատճառ:

- Լինում են դեպքեր, երբ  մարդիկ ամուսնանում են` նախնական պատկերացում չունենալով միմյանց մասին, կամ այդ պատկերացումները թյուր են ու ոչ լիարժեք: Ամուսնանալուց հետո որքան  մինչամուսնական չլուծված խնդիրներ են լինում, այնքան ավելի մեծ է լինում կոնֆլիկտների հավանականությունը: Երեխայի ծնվելուց հետո զույգը կամ գտնում է ներդաշնակություն, կամ ավելի է մեծանում կոնֆլիկտների հավանականությունը:

Նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ մինչ երեխայի ծնունդը խնդիրներ չկային եւ ամուսիններն ապրում էին ներդաշնակ ընտանեկան կյանքով, երեխայի ծնունդը կարող է խնդիրների պատճառ հանդիսանալ, քանի որ փոքրիկի լույս աշխարհ գալը միջանձնային հարաբերությունների ոլորտում արդեն նոր իրադարձություն է: Եթե ընտանիքը 2 հոգուց է բաղկացած, խոսքը նուկլեար ընտանիքի մասին է, ապա նրանք կարգավորել են իրենց հարաբերությունները, առօրյան, ռեժիմը որոշակի համակարգում, իսկ երեխայի ծննդից հետո նրանք ստիպված են վերափոխել իրենց մոտեցումները, պատկերացումները, նույնիսկ սովորույթները: 

Ծնվում է  նոր անդամ` մի նոր մարդ, ով ինքն իրենով ոչ մի ազդեցություն չի ունենում զույգի հարաբերությունների վրա, սակայն միաժամանակ հսկայական ազդեցություն է ունենում, որովհետեւ կին-ամուսին հարաբերությունների ոլորտում առաջանում է “ես” մեկը, ով ավելի շատ խնամքի եւ ուշադրության կարիք ունի եւ միջնորդավորում է ամուսինների հարաբերությունները: Այդ դեպքում, հնարավոր է, որ ամուսինները միմյանց հետ շփվեն երեխայի միջոցով: 

Պակասում է կին-ամուսին շփումը, սղվում է այն ժամանակը, որն իրենք նախկինում սովոր էին տրամադրել միմյանց: Այժմ ավելանում է մեկը, ով է՛լ ավելի մեծ հոգատարության կարիք ունի, ով ուշադրության ավելի մեծ պահանջ ունի, եւ այդ` 3 անդամից բաղկացած ընտանիքում նոր հարաբերությունների, նոր մոտեցումների ստեղծման կարիք է առաջանում: 

- Հնարավո՞ր է, որ այս դեպքում առաջանա խանդ: Այսինքն ամուսինը խանդի երեխային, ով ավելի մեծ ուշադրության է արժանանում կնոջ կողմից:

- Շատ հավանական է: Եթե կինն առաջին անգամ է երեխա ունենում, շատ է կապված երեխայի հետ, հատկապես երբ նա չունի երեխա պահելու փորձ եւ անընդհատ անհանգստանում է, որ  սխալ չգործի: Նրան թվում է`  եթե մի փոքր քիչ ուշադրություն կամ ժամանակ տրամադրի երեխային, ապա   փոքրիկը դրանից կտուժի: 

Այս զգուշությունից ելած ավելի մեծ ջանք ու եռանդ է  տրամադրվում փոքրիկին, նրա խնամքի խնդիրներին, որը կարող է ամուսնու մոտ դժգոհությունների առիթ հանդիսանալ: Նա սովոր է լինել կնոջ ուշադրության կենտրոնում: Հնարավոր է, որ հայրն իր փոքրիկին կնոջ կողմից ուշադրության արժանանալու մրցակից դիտի: Սա այն դեպքերում է լինում, երբ մայրն այնքան էլ փորձառու չի լինում եւ չի կարողանում հավասարաչափ բաշխել իր  ուշադրությունը:

- Այս դեպքում ի՞նչ հնարավոր միջոցների պետք է դիմել, որպեսզի լրացվի ուշադրության պակասը:

- Այս դեպքում ամենալավ միջոցն է հայրիկին փոքրիկի խնամքի խնդիրներում ներգրավելը: Քանի որ մայրիկն իր ուշադրության մեծ մասը տրամադրում է փոքրիկին,  եւ որպեսզի ամուսինը չմնա կողքից դիտողի կարգավիճակում, ավելի նպատակահարմար է, որ ինքն էլ մասնակցի երեխայի խնամքին եւ դրա միջոցով շփվի կնոջ հետ: 

Քանի որ ամուսինները հաճախ չեն էլ  պատկերացնում, տեղյակ էլ չեն երեխա պահելու դժվարություններին,  չեն հասկանում, թե ինչու կինը չի կարողանում  տրամադրել ամուսնուն այն ուշադրությունը, որին նա սովոր է: Բայց երբ  տղամարդը  անձամբ է մասնակցում, տեսնում է այդ դժվարությունները, ապա ինքն էլ իր ներդրումն է ունենում երեխային մեծացնելու գործում, եւ այս դեպքում  կնոջն  ավելի քիչ է մեղադրում  անուշադրության մեջ, ինքն էլ զգում է այդ գործի մեծ պատասխանատվությունն ու ավելի դրական վերաբերվում ե՛ւ փոքրիկին, ե՛ւ կնոջը:

- Ինչպե՞ս է այս ամենն անդրադառնում ամուսինների ինտիմ կյանքի վրա: 

- Ինտիմ կյանքը կարող է տուժել, եթե կնոջ մոտ առկա է հոգնածություն, ծանրաբեռնվածություն, որը կարող է հանգեցնել նրան, որ կին-ամուսին հարաբերություններին քիչ ժամանակ տրամադրվի, ինչպես նաեւ  կնոջ հոգնածությունը  կարող է չնպաստել սեռական ակտիվությանը: Սակայն, եթե ամուսինը ցուցաբերի հանդուրժողական մոտեցում եւ օգնության հասնի կնոջը առօրյա հարցերում, կինը, աստիճանաբար, ժամանակի ընթացքում կհարմարվի նոր, փոխված պայմաններին, կվերականգնի իր էներգիան, կլինի ակտիվ եւ կկարողանա ժամանակ տրամադրել ամուսնուն:
Ամուսինը պետք է հասկանա, որ կնոջ կյանքում եւս երեխան մեծ իրադարձություն է, փորձի ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ նրա փոքր-ինչ անտարբերությունը չի նշանակում, որ ինքն այլեւս գրավիչ չէ կնոջ համար: Ընդհակառակը. գուցե ավելի մեծ է դառնում ամուսնու կարիքը, հոգատարությունը, խնամքը, նոր հոգսերի, նոր խնդիրների առաջացման ժամանակ նրա աջակցությունը: Եթե ամուսինը ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում կնոջը տալիս է այն հոգատարությունը, որի կարիքը նա ունի, չեմ կարծում, որ որեւէ խնդիր առաջանա կին-ամուսին հարաբերություններում: Սովորաբար ամենադժվարն առաջին 6 ամիսն է` փոքրիկի ծննդյան հետ հարմարվելու փուլը:  6 ամսից կարգավորվում է փոքրիկի ռեժիմը, կինն ավելի փորձառու է դառնում, նա կարողանում է ճիշտ պլանավորել, ճիշտ կարգավորել եւ բոլորին ժամանակ հատկացնել: 

- Բացի վերոհիշյալից, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ զույգի մոտ: 

- Խանդ, գերհոգնածություն, նյարդային լարվածություն, կնոջ մոտ կարող են առաջանալ հետծննդաբերական տարբեր սթրեսային իրավիճակներ, որի ամենածանր դրսեւորումը հոգեկան խանգարումն է: Դրան նպաստող պայմաններ կարող են լինել ժառանգական գործոնները եւ, իհարկե, սթրեսային միջավայրը, երբ կինը հղիությունն անցկացրել է անբարենպաստ միջավայրում: Եվ մյուս կողմից էլ բարդ ծննդաբերությունը, որի հետեւանքով կնոջ մոտ առաջացած չափից դուրս լարվածությունը կարող է վերածվել նյարդային պոռթկումների: Այս դեպքում էլ ժամանակ է պետք, որպեսզի կինը հարմարվի, հաշտվի նոր դերին, նոր ֆունկցիաներին, տեղին է նաեւ ճիշտ բժշկական օգնությունը, եւ քանի դեռ վիճակն այնքան չի սրվել, որ կարիք լինի դիմել բժշկի, ապա կարող են դիմել նաեւ հոգեբանի օգնությանը:

 Այս ժամանակ կանայք չեն գիտակցում, որ սխալ են իրենց պահում, բայց իրականում նրանց պահվածքը երբեմն կարող է անտանելի լինել: Այս դեպքում ամուսինը, տեսնելով կնոջ նյարդային վիճակը, պետք է ըմբռնումով մոտենա, չփորձի էլ ավելի բորբոքել ու սրել իրավիճակը, լինի զգոն, չտրվի հույզերի հորձանքին եւ ավելի վատթարացնի կնոջ հոգեկան վիճակը. նա չպետք է  արտահայտի այն հույզերը, որը կուտակվել է իր մեջ: Գուցե հայ տղամարդկանց համար այս պահվածքն այդքան էլ ընդունելի չէ, բայց պետք է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի:

- Իսկ կարո՞ղ է ամուսնու մոտ նույնպես առկա լինել ետծննդաբերական սթրես:

- Շատ հնարավոր է: Եթե նա պատրաստ չէ հայր դառնալուն, պատրաստ չէ իր վրա կրել այն  պարտականություններն ու հոգսերը,   որոնք ի հայտ են գալիս երեխայի ծնվելուց հետո, ապա նրա մոտ նույնպես կարող է առաջանալ հետծննդաբերական սթրես: Դրա պատճառը կարող է լինել գումարի կամ աշխատանքի բացակայությունը,  ընտանիքում իր գերակայող դիրքերը զիջելու պահը:
Կինը պետք է մինչ ծննդաբերությունը զրուցի ամուսնու հետ եւ նրան հոգեբանորեն պատրաստի: Սակայն սա էլ կախված է կնոջ գիտակցության մակարդակից, գիտելիքներից: Եթե կինն ինքը պատրաստ չէ երեխայի ծնվելուն, ապա, բնականաբար, չի կարողանա տրամադրել իր ամուսնուն: Այստեղ նրանք դժվար թե հասկանան, որ իրենց մոտ առկա է լուծման կարիք ունեցող խնդիր: Նրանց պետք են հարազատ եւ տեղեկացված մարդիկ, ովքեր մտահոգված են իրենցով եւ կարող են խորհուրդներ տալ: Հակառակ դեպքում նրանք կարող են կուլ գնալ հոսանքին:

- Հնարավո՞ր է, որ երեխայի ծնունդն ավելի սերտ կապերով միավորի այնպիսի ամուսնական զույգերի, որոնք միմյանց նկատմամբ սեր չեն զգացել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Երեխայի ծնունդը կարող է նպաստել, որ  ամուսիններն ավելի ջերմ լինեն միմյանց նկատմամբ, ավելի սերտ կապեր հաստատվեն: Ամուսիններին կարող է նույնիսկ միավորել որդեգրված երեխան, եթե, իհարկե, նրանց մեջ կա ձգտում, ցանկություն: Այստեղ կարեւոր է, թե ինչ ընդհանուր հետաքրքրություններ ունեն նրանք: Տարբեր բնավորություններ ու ձգտումներ ունեցող մարդկանց համար շատ դժվար է  համատեղ, մի հարկի տակ ապրելը: Այս դեպքում վաղ թե ուշ բախումներն անխուսափելի կլինեն:

Ամուսնական հարաբերություններում երկուստեք փոխզիջում է հարկավոր, կարեւոր է նաեւ հումորով մոտեցումը: Շատ դեպքերում հումորը փրկում է այնպիսի իրավիճակներ, որոնք կարող էին ծայրահեղ գործողությունների վերածվել: Ինչպես նաեւ այստեղ շատ կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը, գիտակցությունը, ինտելեկտը` նոր դերի, նոր ֆունկցիայի եւ պարտականությունների նկատմամբ:

Հեղինակ՝ Արաքս Գևորգյան



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.04.18) | Հեղինակ: «Տնային Առողջարան»
Դիտումներ: 525 | Տեգեր: խորհուրդներ, կարևոր, Եթե, ծնողներին, նորատի, ծնվել., փոքրիկ, տանը | - Վարկանիշ -: 0.0/0