Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Հաճախակի ցավում է ծնկահո՞դը... ահա, թե ինչը կօգնի
 

 


   «Տնային Առողջարան»

-13 տարեկան երեխայիս ծնկները ցավում են եւ նստելիս ճրթճրթում, իսկ երկար քայլելիս ցավն անցնում է: Ինչի՞ հետ է կապված, ի՞նչ անել:
Անահիտ, Երևանից

Ծնկահոդը մարմնի ամենաբարդ ու ամենամեծ հոդն է: Այն կազմված է ազդոսկրի ստորին հատվածից, մեծ ոլոքի վերին հատվածից եւ ծնկոսկրից: Ծնկոսկրն ազատ տեղաշարժվող ոսկր է, որը գտնվում է հոդի առաջնային մակերեսին:
Ծնկահոդի վնասվածքները բազմազան են. կապանների վնասվածք, հոդախախտ, հոդի կազմության մեջ մտնող ոսկրերի կոտրվածքներ եւ այլն: 

Հոդերի վնասման համար ամենավտանգավոր սպորտաձեւերն են բասկետբոլը, ֆուտբոլը, չմշկասահքը, դահուկներով սահելը, վոլեյբոլը: Վնաս է մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես ասում են` ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Ցավացող հոդերի համար մեծ ծանրաբեռնվածություն է վազքը, ցատկոտելը: Օգտակար է մաքուր օդում քայլելը: 
Ծնկոսկրազդրային ցավի համախտանիշը ծնկների ցավն է, որն առաջանում է վարժությունների ընթացքում կամ դրանցից հետո: Նախանշանները սովորաբար սկսվում են դեռահասության շրջանում, սպորտային խմբակներ հաճախելիս: Կանայք ավելի շատ են հակված ծնկների ցավեր ունենալուն:

Սովորաբար նման խնդիր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հանգստանալ եւ խուսափել ցավ առաջացնող գործունեությունից:
Հոդախտ առաջանում է հոդի երկարատեւ վնասման, ներզատիչ համակարգի, նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի հետեւանքով: Այն առաջանում է նաեւ հոդաճառի քրոնիկական վնասման դեպքում` հոդերի վրա մշտական ֆիզիկական չափից ավելի բեռնվածության հետեւանքով: 

Ոտնաթաթի հոդախտի պատճառ կարող է դառնալ նեղ կոշիկ կրելը: 

Ընթերցողին հուզող հարցը պարզաբանում է օրթոպեդ-վնասվածքաբան Էդուարդ Սարգսյանը:

- Երեխաների մոտ  ո՞ր դեպքերում է առաջանում ծնկների ցավ, ճրթճրթոց: Որո՞նք են ցավի պատճառները: 13 տարեկան երեխայի մոտ ինչի՞ հետ դա կարող է կապված լինել:
- Եթե երեխան նախկինում եւս նշել է ճրթճրթոցի զգացողություն, բայց առանց ցավի են դրանք արտահայտվել, շատ հնարավոր է, որ կապված լինի մանկական հասակում գոյություն ունեցող մի այսպիսի իրավիճակի հետ, երբ երեխաների մոտ կապանային, ջլային ապարատը չափից ավելի ձգվող է, եւ այն արտահայտվում է ամբողջ օրգանիզմի բոլոր հոդերում, բոլոր կապաններում եւ ջլերում: Եվ այդ առաձգականության պատճառով հոդերում շարժումների ժամանակ (ծալելու, բացելու) հնարավոր են այդ ճրթճրթոցները զգացվեն, մանավանդ մեծ հոդերում (ծնկահոդ) դրանք ավելի են արտահայտված լինում: Դա սովորաբար տարիքի հետ բերում է ցավերի:

- Ինչո՞վ է պայմանավորված այս դեպքում ցավի զգացողությունը:
- Հոդերը, հոդամակերեսները իրար հետ աշխատում են շատ սահուն, իսկ տարիքի հետ, մանավանդ եթե մանկական հասակում մարդը զբաղվում էր նաեւ սպորտաձեւով, այդ ցավերը կարող են առաջանալ:  
Երեխայի բուռն աճի շրջանում նույնպես կարող են ցավեր առաջանալ: Աճով պայմանավորված լինելու դեպքում, ցավերը կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, որոնց ընթացքում տեղի են ունենում նույն կերպ, ինչպես որ մնացած կենսահեղուկների փոփոխությունները, օրինակ՝ ներզատիչ գեղձերի արտազատումներ, հորմոնների փոփոխություններ են կատարվում, դա վերաբերում է նաեւ մյուս կենսահեղուկներին, այսինքն` արյան պլազմայի, եւ այդ թվում նաեւ ներհոդային հեղուկի մեջ կարող են փոփոխություններ առաջանալ, եւ դա կբերի ցավերի: Կարող են նաեւ ծնկահոդերում ցավեր առաջանալ կապված երեխայի ֆիզիկական ծանրաբեռնվածության  հետ: 

- Ի՞նչ անել ծնկահոդի ցավի դեպքում:
- Եթե այդ ցավերը չեն զուգակցվում հոդի շրջանում կարմրածությամբ, հոդի այտուցներով, ելքը բարվոք է: 
Եթե դրանք հորմոնալ փոփոխությունների հետ են կապված, հարկ է նշել, որ հորմոնալ փոփոխություններին օրգանիզմը որոշ ժամանակ հետո արդեն հարմարվում է, եւ ցավերը գնալով մեղմանում են: 

Եթե կապված է կապանային ապարատի առաձգականության հետ, սովորաբար երեխայի աճին զուգահեռ այդ կապաններն ավելի ձիգ են դառնում, եւ այդ առաձգականությունն այդքան չի անհանգստացնում նրանց: Իսկ եթե ցավերը զուգակցվում են նաեւ հոդերի այտուցով, կարմրածությամբ, արդեն այդ դեպքում խնդիրն ավելի լուրջ է, եւ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որովհետեւ ե՛ւ օրթոպեդիայի, ե՛ւ ռեւմատոլոգիայի, ե՛ւ մանկաբուժության ասպարեզում կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են արտահայտվել նման ձեւով, ունենալ նման ախտանշաններ:

- Խնդրում եմ թվարկեք այդ հիվանդություններից մի քանիսը:
- Ամենատարածվածը ռեւմատիզմանման  բազմահոդաբորբն է, ինչպես նաեւ քրոնիկական տոնզիլիտը, վարակները, ինչպիսիք են` բրուցելոզը,  պարբերական հիվանդությունը եւ այլն:

- Հնարավո՞ր է՝ ծնկներում ցավեր լինեն վնասվածքներից հետո:
- Սուր վնասվածք կարող է լինել ցանկացած տարիքում, որն արտահայտվում է սուր ցավերով: Հետազոտվում է, ռենտգեն է արվում, ոչ մի խնդիր չի նկատվում, վնասումները լինում են փափուկ հյուսվածքային, որոնք շատ արագ` մոտավորապես 4-5-րդ օրը, հետ են զարգանում, հիվանդը վերադառնում է իր բնականոն կյանքին: Սակայն շատ հնարավոր է, որ մնան մնացորդային, թեկուզ շատ հասարակ՝ կպումային երեւույթներ, որոնք ժամանակի ընթացքում ծանրաբեռնվածության հետ կարող են մարդուն անհանգստացնել: Դրանք ճրթճրթոցով չեն արտահայտվում:

Կա նաեւ այսպիսի մի հիվանդություն` ծնկոսկրի սովորույթային հոդախախտ: Մարդ կարող է մի անգամ վնասվածք ստանալ, թեկուզ`պատանեկան հասակում, որի ընթացքում ունենա ծնկոսկրի հոդախախտ, որն ուղղվում է, անցնում, բայց  ծնկահոդերում առաջանում է ոչ կանոնավոր վիճակ: Այդ հոդախախտն ուղղվելուց հետո շատ կարեւոր է, որ լավ, իր ժամկետի մեջ անշարժացում կատարվի, որպեսզի վնասված հոդաշապիկը վերականգնվի: Երբեմն լինում է, որ անշարժացումից հետո ժամկետը չի պահվում` ավելի շուտ է անշարժացումը հանվում, երեխան սկսում է քայլել, եւ դա հանգեցնում է նրան, որ այդ վնասված հոդաշապիկն ամբողջովին չի վերականգնվում: Այն ժամանակի ընթացքում կարող է բերել արդեն սովորույթային հոդախախտի, այսինքն` հաջորդ անգամ` թեթեւ վնասվածք, եւ հոդախախտը կարող է կրկնվել:

Հեղինակ՝ Աննա Իսկանդարյան





Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.03.18 | Հեղինակ: «Տնային Առողջարան»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.03.18) | Հեղինակ: «Տնային Առողջարան»
Դիտումներ: 621 | Տեգեր: հաճախակի, ծնկահո՞դը..., ցավում, Ահա, Ինչը, կօգնի, Թե | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...