RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Երեխայի բնականոն զարգացումը՝ ըստ ամիսների
 


 


   168.am

Խաղահրապարակներում շատ հաճախ կհանդիպեք ծնողների, ովքեր շատ մտահոգ կերպով հարցնում են մյուս մայրիկներին նրանց երեխայի տարիքը և մի քանի հարցեր հղում՝ կապված երեխայի տարիքին համապատասխան գործունեության հետ։ Դրանք հետևյալն են. խոսո՞ւմ է, թե՞ ոչ, քայլո՞ւմ է, շփվո՞ւմ է, և եթե հանկարծ իրենց երեխայի տարեկից փոքրիկը կատարում է մի քանի գործողություն ավելի, քան իրենց երեխան, դա շատ ցավագին է ընկալվում, և ծնողը դա կարող է ընդունել՝ ընդհուպ որպես անձնական վիրավորանք։
 

Ի՞նչն է խնդիրը։ Ինչո՞ւ են ծնողները երեխաների զարգացումը բնականոն ընթացքից ետ պահելով՝ ջանում ամեն բան սովորեցնել, ամեն կերպ իրենց երեխային ամենալավը համարել և տարեկիցների հետ համեմատականում՝ առանձնացնել «լավագույնը» պիտակով։

Նման խնդիրների առաջացման պատճառներից մեկը տեղեկատվության պակասն է, թե որ տարիքում երեխան ինչ պետք է անի։ Փորձեմ ըստ ամիսների՝ մինչև մեկ տարեկան, հակիրճ ներկայացնել, թե երեխան որ ամսում ինչ պետք է անի:

Մեկ ամսական

  1. Դրսևորում է պասիվ շարժունակություն, խոսք լսելիս՝ դրան համապատասխան ռիթմիկ ձայն կարող է արտաբերել:
  2. Տարբերում է կարմիր, դեղին, սև, սպիտակ գույները, ինչպես նաև՝ գծերն ու քառակուսի պատկերները:
  3. Կենտրոնացնում է հայացքը դեպի իրեն մոտեցած մարդու դեմքին:
  4. Տարբերում է ձայների դրսևորումները:
  5. Ճանաչում է մայրիկի ձայնը, հոտը, ձեռքերի հպումը:
  6. Կենտրոնացնում է հայացքն անշարժ առարկայի վրա, նույնիսկ, եթե նա դանդաղորեն շարժվի:
  7. Փորիկի վրա լինելով՝ փորձում է բարձրացնել և պահել գլուխը:

Երկու ամսական

  1. Հիացնում է և պատասխան ազդակ տալիս իր հետ հաղորդակցվողին՝ աննման, շողացող ժպիտի միջոցով:
  2. Տեսողական մակարդակում կենտրոնանում է շարժվող, ապա կանգ առնող առարկայի վրա:
  3. Գլուխը շրջում է արձակվող ձայնի ուղղությամբ և աչքերով փնտրում այն:
  4. Շփմանն արձագանքում է՝ ամբողջ մարմնով ակտիվանալով:
  5. Փորիկի վրա լինելով՝ փորձում է պահել գլուխը:
  6. Արտաբերում է ձայներ՝ ձայնարկելով ձայնավորներ:
  7. Կողային դիրքից կարողանում է շրջվել մեջքի վրա:

Երեք ամսական

  1. Ճանաչում է հայրիկին և մայրիկին, վերջիններիս հետ շփվելիս՝ ժպտում:
  2. Կամակորություն է անում, բողոքի ճիչ արձակում:
  3. Տարբեր ձայներ արտաբերելով՝ հաղորդակցվում է դիմացինի հետ:
  4. Ձեռքով դիպչում է մահճակալից կախված խաղալիքին:
  5. Բռնում է խաղալիքը և մոտեցնում բերանին:
  6. Փորիկի վրա պառկած հենվում է արմունկների վրա՝ բարձրացնելով գլուխը:
  7. Մեջքի դիրքից շրջվում է կողայինի:
  8. Թևատակերից բռնած դիրքից ոտքերով հենվում է ամուր մակերեսին:
  9. Ամուր պահում է գլուխը և կառավարում այն:
  10. Գտնում է ձայնի և լույսի աղբյուրը:

Չորս ամսական

  1. Ճանաչում է մայրիկին (կամ այն մարդուն, ով խնամում է իրեն) և գերադասում նրան բոլորից:
  2. Ճանաչում է ծանոթ ձայները, և տարբերում դրանք անծանոթներից:
  3. Արտաբերում է ձաներ և առաջին վանկերը:
  4. Բռնում է կախված խաղալիքը մեկ կամ միանգամից երկու ձեռքով:
  5. Ճանաչում է իր անունը և արձագանքում դրան:
  6. Մեջքի վրա պառկած բարձրացնում է ուսերը և գլուխը դեպի առաջ:
  7. Տարաբնույթ արձագանքում է ծանոթ և անծանոթ իրերին:
  8. Առանձնացնում է սիրելի և ոչ սիրելի խաղալիքները:
  9. Կերակրման ժամանակ խաղում է կրծքի կամ շշի հետ՝ բռնելով այն:

Հինգ ամսական

  1. Մեծ հաճույքով նայում է նկարում պատկերված դեմքերը:
  2. Մեղեդայնորեն թոթովելուց անցում է կատարում չկապակցված խոսքի:
  3. Բռնում է, պահում, շոշափում, տանում դեպի իրեն և հետո դեն նետում իրերը:
  4. Տարբերում է ծանոթ և անծանոթ մարդկանց:
  5. Դրսևորում է անհանգիստ վարք անծանոթների նկատմամբ:
  6. Ինքնուրույն զբաղվում է խաղալիքով 10-15 րոպե:
  7. Մեջքի դիրքից շրջվում է փորիկի վրա, ձեռքերը ձգում առաջ՝ ցանկանալով նստել:
  8. Փորիկի վրա պառկած դիրքում հենվում է ձեռքերի վրա՝ ուղիղ պահելով դրանք:

Վեց ամսական

  1. Կրկնօրինակում է լսած ձայները:
  2. Ուշադրությամբ լսում է զրույցը:
  3. Հայացքով գտնում է այն առարկաները, որոնց մասին խոսում եք:
  4. Պահպանում է որոշակի տարածություն՝ անծանոթների հետ շփման ժամանակ:
  5. Խաղալիքը մի ձեռքից փոխանցում է մյուսը:
  6. Վերցրած իրերը նետում է: Կարող է արագորեն քաշել կախված խաղալիքի թելից:
  7. Սողում է դեպի իր ձեռքից 10-20 սմ հեռավորության վրա գտնվող առարկան:
  8. Սովորում է կանգնել՝ հենվելով ամուր հենարանի վրա:

Յոթ ամսական

  1. Հասկանում է որոշակի բառերի իմաստը:
  2. Հուզականորեն կապվածությունը մեծանում է մայրիկի հետ, անընդհատ ձգտում է դեպի նա:
  3. Սկսում է մայրիկի հետ բաժանման վախ ձեռք բերել:
  4. Կարողանում է փոքր առարկաները տեղավորել մեծ առարկաների մեջ:
  5. Ամուր հենված կանգնում է: Փորձում է քայլ անել:
  6. Սովորում է ինքնուրույն նստել:
  7. Սովորում է սողալ:
  8. Շրջվում է մեջքի դիրքից դեպի փորիկը, և՝ հակառակը:
  9. Կարողանում է ուտել գդալից և խմել բաժակից:
  10. Ծափիկ է անում և խաղում նմանատիպ ժեստային խաղեր:

Ութ ամսական

  1. Թոթովում է այնպես, կարծես խոսում է:
  2. Հասկանում և կատարում է այնպիսի խնդրանքներ, ինչպիսիք են՝ «Տուր ձեռքդ» կամ «Բարձրացրու գլուխդ»:
  3. Խաղում է շատ հասարակ պահանջներ ներկայացնող խաղեր՝ ծափիկ, գնդակ գլորել, պարել:
  4. Մոր հետ բաժանման մեծ վախ է ապրում:
  5. Հստակ տարանջատում է կատարում հարազատ և անծանոթ մարդկանց մեջ:
  6. Վախենում է կտրուկ և բարձր ձայներից (փոշեկուլ, զանգ, շան հաչոց):
  7. Հենարանին հենվելով՝ ինքնուրույն վեր է կենում և քայլում:
  8. Ինքնուրույն նստում է:
  9. Սկսում է ակտիվ սողալ:
  10. Կարող է կծել փափուկ կերակուր և ծամել:
  11. Խյուսային սնունդից անցում է կատարում մանրացված սննդի:
  12. Հանգիստ է ընկալում պետքարանին նստելու փաստը:

Ինը ամսական

  1. Թոթովանքը վերածում է մեղեդային վանկերի:
  2. Մայրիկի կամ իր վրա ցույց է տալիս աչքերի, բերանի, քիթիկի տեղը՝ հաճախ մատը տանելով անհրաժեշտ տեղը:
  3. Մատները փորձում է մտցնել բոլոր անցք ունեցող խաղալիքների մեջ (ճանաչողական փուլ):
  4. Կարողանում է պատռել և ճմրել թուղթը, տրորել խմորը:
  5. Կարողանում է թերթել հաստ ստվարաթղթե գրքի էջերը:
  6. Ինքնուրույն կարողանում է նստել, հենվելով կանգնել, սողալ:
  7. Կանգնում է՝ առանց հենարանի օգնության:
  8. Ռիթմիկ թռչկոտում է՝ հենվելով ինչ-որ տեղ կամ բռնվելով մայրիկի ձեռքից:

Տասը ամսական

  1. Լսում է մեծահասակի զրույցը և կրկնօրինակում ձայները:
  2. Ընկալում է իրեն ուղղված կատակները:
  3. Զվարճալի ձայներ է արտաբերում և ծիծաղում դրանց վրա:
  4. Ուրախանում է զվարճալի խաղերից:
  5. Մի առարկան դնում է մյուսի մեջ:
  6. Մանր առարկաները գերադասում է խոշորներից:
  7. Մեկ առարկայի միջոցով վերցնում է մյուսը:
  8. Գիտակցաբար նետում է առարկաները և խաղալիքները:
  9. Գլորում է գնդակը, «վարում» է մեքենա գորգի վրա:
  10. Նստում, սողում և հենվելով քայլում է:
  11. Հանգիստ «բաժանվում» է կրծքից:
  12. Ծամում է մանրացված սնունդը:
  13. Ցուցաբերում է ակտիվ հետաքրքրվածություն այլ երեխաների նկատմամբ:

Տասնմեկ ամսական

  1. Լսում և հասկանում է ծնողների զրույցը իր և շրջակա միջավայրի մասին:
  2. Արտաբերում է բառեր, կրկնօրինակում կենդանիների ձայները:
  3. Կատարում է խնդրանքն ու կոչը, ինչպիսիք են ՝ բե՛ր, տո՛ւր, տա՛ր, դի՛ր, վերցրո՛ւ:
  4. Սպասում է իր գործողության խրախուսմանը և թույլատրմանը:
  5. Համոզվածությամբ առաջ ու ետ է անում գլուխը, և բացասականորեն թափահարում գլուխը:
  6. Թափահարում է ձեռքը՝ հաջողության կամ ողջույնի ժամանակ:
  7. Անսպառ կատարում է նույն գործողությունը՝ կատարելագործվելով դրանում:
  8. Փորձում է ինքնուրույն ուտել գդալից և հմտացած խմում բաժակից:
  9. Բարձրանում և իջնում է աստիճաններով, ակտիվ սողում է:
  10. Փորձում է ինքնուրույն քայլել:
  11. Մինչև մեկ րոպե տևողությամբ կարող է կախվել օղակներից:
  12. Կարողանում է մեկ-երկու քայլ մագլցել դեպի վեր:

Տասներկու ամսական (մեկ տարեկան)

  1. Արտաբերում է 10-15 հասարակ և կրկնավանկ բառեր:
  2. Ինքնուրույն քայլում է:
  3. Տարբեր մարդկանց հետ տարբեր է իրեն դրսևորում:
  4. Դրսևորում է ինքնուրույնություն:
  5. Ակտիվ արտահայտում է բացասական հույզերը:
  6. Դասավորում է բուրգը, խորանարդիկներից կառուցում 2-3 պատկեր:
  7. Խմորից ծեփում է գնդակներ և երկար փայտիկներ:
  8. Ունի հստակ արտահայտված հետաքրքրություններ, սիրած և չսիրած զբաղմունք:
  9. Նկարչությունը կատարում է մեկնաբանելով:
  10. Կծում և ծամում է կոշտ սնունդը:
  11. Օգտվում է բաժակից և գդալից:

Որպես կանոն, նման զարգացման փուլերն իրենցից ներկայացնում են համալիր տեղեկատվություն, թե որ ամսականում երեխան ինչ պետք է կարողանա անել։

Յուրաքանչյուր ծնող, սակայն, յուրացնելով այս գիտելիքը, չպետք է մոռանա, որ ամեն երեխա ունի իր անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, և դրանք կարող են արտահայտվել՝ համապատասխան փոքրիկի ինքնատիպության դրսևորման։ Երեխաներ կան, որոնք մեկ տարեկանում կարող են խոսել, երեխաներ կան, որ ամեն բան հասկանալով հանդերձ՝ խոսում են երկու տարեկանում, սակայն դա չի խոսում խոսքային խնդրի մասին։

Այն տվյալ երեխայի անհատական զարգացման ուղին է, որը պետք է ծնողի կողմից ընդունվի և համահունչ ուղեկցվի դեպի տվյալ փուլի լիարժեք զարգացում։ Երբևիցե չի խրախուսվում ժամանակից շուտ անհանգստանալը և երեխային ստիպողաբար հրամցնելը տարիքին կամ նրա զարգացման ռիթմիկային դեմ գիտելիքներ, քանի որ այն զարգացնելու փոխարեն՝ կարող է հանգեցնել զարգացման հապաղման։







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 285 | Տեգեր: ամիսների, բնականոն, զարգացումը՝, երեխայի, ԸՍՏ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...