Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչ անել, եթե դաշտանային ցավերը հանգիստ չեն տալիս. մեղմացնելու խորհուրդներ
 

 


   

Անվերահսկելի ցավեր, տրամադրության անկանխատեսելի տատանումներ, թուլություն. «այդ» օրերը հեշտ չեն անցնում: Սակայն սա չի նշանակում, թե դա հավերժ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ամենը կարելի է վերահսկել և անգամ չեզոքացնել մի շարք խորամանկությունների միջոցով:

Դաշտանի հետ սկսվող ու դադարող ախտանշանները տհաճ են ու անցանկալի: Դրանք կրկնվում են ամեն ամիս և, թվում է՝ ոչինչ անել հնարավոր չէ: Մինչդեռ գոյություն ունեն մի շարք գիտականորեն ապացուցված միջոցներ այդ շրջանին բնորոշ տհաճ զգացողությունները թուլացնելու և անգամ կանխարգելելու համար, օրինակ՝ սննդակարգում կոնկրետ մթերքներ ավելացնելու, տաք լոգանք ընդունելու և նույնիսկ կրծկալը փոխելու շնորհիվ: Օգտվիր մեր հուշումներից՝ հաջորդ անգամ այդ օրերը պատրաստված դիմավորելու համար:

Ճնշիր ցավը նախքան դրա ի հայտ գալը

Երբեմն դա ընդամենը կարճատև ցավ է փորի կամ մեջքի հատվածում: Մինչդեռ հաճախ այդ ցավերը կարող են օրեր տևել՝ տանջելով քեզ, ստիպելով հետաձգել կարևոր ծրագրերն ու գիշերներն անցկացնել տաք շշի հետ գրկախառնված:

Այդ հավելյալ ազդեցությունը պրոստագլանդին նյութի պատճառով է, որն օգնում է արգանդային մկաններին կրճատվել և օրգանիզմն ազատել արգանդի պարունակությունից: «Պրոստագլանդինն արտադրվում է ցանկացած կնոջ օրգանիզմում,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի պրոֆեսոր Մերի Ջեյն Մինկինը,- սակայն կանանց մի մասի մոտ այն արտադրվում է ավելի շատ, կամ էլ առկա է առանձնահատուկ զգայունություն այդ նյութի հանդեպ»:

Ցավերը հսկողության տակ պահելու համար կարևոր է ժամանակին գործելը: «Դաշտանի սկսվելուց անմիջապես առաջ կամ սկզբնական ցավերի ընթացքում ցավազրկող մեկ-երկու հաբ ընդունիր և շարունակիր դրանց ընդունումը վեց ժամը մեկ,- հուշում է CBS News-ի բժշկական խորհրդատու, գինեկոլոգ Ջենիֆեր Էշտոնը,- դեղը կդանդաղեցնի պրոստագլանդինի արտադրությունը նախքան ուժգին ցավերի ի հայտ գալը»:

Մինչ սպասում ես դեղերի ազդեցությանը, որովայնիդ շրջանում կպցրու ջերմային կպչուն փաթաթաններ. տաքությունը թուլացնում է մկանային կրճատումները: Դրանք չեն երևում հագուստի տակից և փոխարինում են տնային պայմաններում օգտագործվող ոչ պակաս արդյունավետ ջեռակին:

Եթե ցավը չի թուլանում, խորհրդակցիր գինեկոլոգիդ հետ: Շարունակական ցավերը կարող են էնդոմետրիոզի նշան լինել: Սա այն վիճակն է, երբ արգանդային հյուսվածքները տեղափոխվում են մարմնի այլ հատվածներ՝ առաջացնելով ցավ, որը ուժեղանում է տարիների ընթացքում: Էնդոմետրիոզը կարող է հանգեցնել անպտղության: «Ի դեպ, հարցրու գինեկոլոգիդ նաև հակաբեղմնավորիչ հաբերի անցնելու հավանականության մասին: Այդ հաբերը նվազեցնում են արգանդային արտադրությունը, այնպես որ, արյունը նման պայմաններում առատ չէ, և պրոստագլանդինն էլ արտադրվում է ավելի քիչ քանակությամբ»,- հուշում է դոկտոր Մինկինը:


Զուգարանի «ընկերակցությամբ»

Առատ արտադրության առաջին օրերին պարբերաբար զուգարան վազելն ամենևին հաճելի զբաղմունք չէ: Մարսողության համակարգի հետ կապված խնդիրների մեղավորը կրկին պրոստագլանդինն է: «Այս քիմիական տարրն աղիների վրա ունի նույն՝ կրճատման երևույթը խթանող ազդեցությունը, ինչ հեշտոցի վրա: Դրանով էլ բացատրվում է առատ հոսքը»,- հուշում է դոկտոր Մինկինը:

Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում ցավազրկող ընդունել նախքան դաշտանի սկսվելը՝ պրոստագլանդինի արտադրության ընթացքը դանդաղեցնելու համար: Եթե պահը բաց է թողնվել, և աղիներդ արդեն «աղմկում են», ընդունիր հակալուծողական հաբ:

Դաշտանից մոտ մեկ շաբաթ առաջ խուսափիր փորը թուլացնող մթերքից, օրինակ` մանրաթելերով հարուստ բանջարեղենից, մրգերից, ամբողջական հացահատիկներից, կոնֆետներից ու արագ սննդի կետերի կերակուրներից: «Ստամոքսը հանգստացնող և օսլայով հարուստ սնունդը, ինչպես օրինակ՝ բրինձը կամ տոստերը, կարող են կանխարգելել փորլուծությունը՝ կղանքը պնդացնելու շնորհիվ»,- նշում է դոկտոր Մինկինը:


Կարգավորիր տրամադրության տատանումները

Մեկ ժպտում ես, մեկ՝ լալիս, մեկ գոհ ես, մեկ՝ անտանելի լարված ու զայրացած: «Պատճառը նախքան դաշտանը և դրա առաջին օրերի ընթացքում օրգանիզմում էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի տատանումն է: Սա ազդում է ուղեղի վրա` ստիպելով քեզ տատանվել երջանկության, դեպրեսիայի և զայրույթի միջև,- բացատրում է գիտությունների դոկտոր, Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոան Մենսոնը:

Հեշտ լուծում սննդի միջոցով. սննդակարգումդ ավելացրու կաթնամթերք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կալցիումի և վիտամին D-ի վրա շեշտը դնելն օգնում է կառավարել դաշտանի հետ կապված տրամադրության տատանումները: Մանսոնը նշում է, որ պարտադիր պետք է ընդունել կալցիումի օրական չափաբաժինը՝ 1000 միլիգրամ և ավելին, ինչպես նաև՝ վիտամին D-ի 600 IU, այսինքն՝ օրական 4 բաժին կաթ, պանիր, կամ յոգուրտ: Ի դեպ, կալցիումի պակասը կարելի է լրացնել նաև համապատասխան սննդային հավելումների միջոցով:

Տրամադրությունը կառավարելու մեկ այլ ձև է մարզասրահ հաճախելը: Ընդամենը 20 րոպե մարզանքը կարող է խթանել ուրախության հորմոն էնդորֆինի արտադրությունն օրգանիզմում:


Առանց ավելորդ փքվածության

Ի՜նչ խոսք, փքվածության զգացումը չի կարող ուրախություն պարգևել: «Պատճառը էստրոգենի քանակի ժամանակավոր նվազումն է, ինչը ստիպում է օրգանիզմին լրացուցիչ հեղուկ կուտակել»,- ասում է դոկտոր Էշտոնը: Կարող ես խուսափել փքվածությունից՝ դաշտանի սկսվելուն զուգահեռ սննդակարգում ավելացնելով կալիումով հարուստ մթերք, օրինակ՝ բանան, սպանախ, անյուղ միս, թռչնամիս և ձկնեղեն: «Այս հանքանյութը կօգնի երիկամներին հեռացնել ավելորդ հեղուկն օրգանիզմից»,- նշում է դոկտոր Էշտոնը:

Բացի այդ, այդ օրերին խուսափիր այն մթերքից, որը ջուրը պահում է օրգանիզմում. դա հիմնականում մեծ քանակությամբ սոդիում պարունակող մթերքն է (չիպսեր, փքաբլիթներ, վերամշակված ապուրներ, արագ սննդի կետերի կերակուրներ): Ալկոհոլը նույնպես նպաստում է փքվածության զգացումի առաջացմանը, ուստի սահմանափակվիր օրական մեկ գավաթ գինով կամ մեկ կոկտեյլով: Իսկ ահա ջուր պետք է օգտագործել հնարավորինս շատ: Որքան ավելի շատ խմես, այնքան ավելի հաճախ միզելու ցանկություն կառաջանա, ինչի շնորհիվ օրգանիզմդ էլ ավելի մեծ քանակությամբ հեղուկից կազատվի:

Բացի այդ, մի՛ անտեսիր քո ամենօրյա մարզումները: Այդ օրերին դու սովորականից ավելի շատ կքրտնես, նյութափոխանակությունդ կխթանվի և փքվածության զգացումն ավելի արագ կանցնի: Եթե ջրով «լցված» լինելու զգացումն իրոք անտանելի է (ասենք՝ ամեն ամիս՝ դաշտանի օրերին, իրանդ զգալիորեն հաստանում է), ապա հարցրու գինեկոլոգիդ՝ արդյոք կարելի է անցնել հակաբեղմնավորիչ հաբերի ընդունմանը. դրանք կրկին կարող են օգնել փքվածության դեմ պայքարում:


Թուլացրու ցիկլային միգրենները

Այդ օրերին գլխացավն արտահայտվում է շարունակական, տրոփող ցավով, սովորաբար՝ գլխի մի կողմում, և ուղեկցվում է սրտխառնոցով և լույսի հանդեպ զգայունությամբ: «Տատանվող հորմոնները հանգեցնում են արյունատար անոթների լայնացմանը, և մի շարք կանանց մոտ դա միգրենի պատճառ է դառնում»,- ասում է «Վեներայի շաբաթը» գրքի հեղինակ, գինեկոլոգ Ռեբեկա Բութը:

Այս ցավից ազատվելը ներառում է մի քանի փուլ: Առաջին ցավի հետ մեկտեղ ընդունիր որևէ ցավազրկող հաբ և հաջորդիր այն սուրճով: «Ինչպես հայտնի է, կոֆեինն օգնում է նեղացնել ուղեղի արյունատար անոթները, ինչը ճնշում է ցավը: Այն կարող է նաև նպաստել հաբի ավելի արագ ներծծմանն օրգանիզմում»,- ասում է դոկտոր Էշտոնը: – Եթե հաբի ու կոֆեինի համադրումը չի օգնում, խնդրիր գինեկոլոգիդ նշանակել հատուկ միգրենի դեմ դեղեր»:

Օգտակար է նաև հանգիստ միջավայրում լիցքաթափվելը, օրինակ՝ մութ, հանգիստ սենյակում. լույսն ու աղմուկը ուժեղացնում են միգրենը: Իսկ դաշտանից մեկ շաբաթ առաջ վերանայիր սննդակարգդ և խուսափիր միգրենը խթանող մթերքից (օրինակ` կարմիր գինի, պանիր կամ շոկոլադ):


Անցնենք կրծքին

Կրծքի՝ դաշտանի ընթացքում նկատվող զգայունությունը մինչև այսօր հանելուկ է գիտնականների համար: «Ըստ գերիշխող վարկածի՝ այդ օրերին օրգանիզմում պահպանվող ավելորդ հեղուկը խթանում է կրծքի պրոլակտին հորմոնի աշխատանքը, որը կուրծքը գերզգայուն է դարձնում հպումների հանդեպ»,- ասում է դոկտոր Մինկինը:
Հակադարձ քայլն օրգանիզմում հեղուկի քանակությունը կրճատելն է, որպեսզի պրոլակտինի արտադրությունը ևս նվազի: Հարկավոր է հետևել վերը նշված` փքվածության դեմ ուղղված քայլերին. խուսափել կոֆեինից, աղի սննդից և ալկոհոլից, մարզվել մարզասրահում, օգտագործել կալիումով հարուստ սնունդ: Եթե անգամ աստիճաններով բարձրանալը կրծքի հատվածում անսովոր զգացումներ է առաջացնում, դաշտանի ընթացքում կրիր սպորտային կրծկալ և լրացուցիչ ամրության շնորհիվ կազատվես անցանկալի տատանումներից:


Խուսափիր վարակային ցաներից

Դու կարծում էիր, թե անցանկալի պզուկների շրջանն անցյալո՞ւմ է, սակայն դաշտանային ցիկլը պարբերաբար հիշեցնում է այդ մասին:

«Դրանք հորմոնային ֆոնի փոփոխությունների արդյունք են, ինչպես օրինակ` տեստոստերոն հորմոնի արտադրությունը, որը քիչ քանակությամբ առկա է բոլոր կանանց մոտ»,- բացատրում է Յեյլի բժշկական դպրոցի մաշկաբանության և վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Դեյվիդ Ջեյ Լեֆելը: Տեստեստերոնի տատանումը ստիպում է օրգանիզմին արտադրել ավելի շատ քանակությամբ մաշկի ծակոտիները խցանող յուղ:

Դաշտանի օրերին այդ խցանված ծակոտիները վերածվում են սպիտակ կամ սև գլխիկներով բշտերի: «Լուծումը նույնն է, ինչ սովորական ցանի դեպքում. պատել դեմքը բենզոիլ-պերօքսիդով կամ սալիցիլային թթվով, որպես կանոն՝ օրվա մեջ երկու անգամ»,- ասում է դոկտոր Լեֆելը: Խուսափիր այդ շրջանում մաշկը դիմակներով մաքրելուց, ինչը կգրգռի առանց այդ էլ բորբոքված ծակոտիները: «Եթե բշտիկները չափից դուրս մեծ են, մտածիր հակաբեղմնավորիչների անցնելու մասին: Օրալ հակաբեղմնավորիչներում պարունակվող հորմոններն առաջին հերթին կրճատում են ցանը խթանող հորմոնալ տատանումները»,- ասում է դոկտոր Լեֆելը:


Վերջ դիր էներգիայի կորստին

Հոգնածության շարունակական զգացումի, ինչպես նաև անքնության պատճառը ևս հորմոններն են, տվյալ դեպքում՝ էստրոգենի և պրոգեստերոնի «թռիչքները»: Բացի այդ, անքնությունը բացատրվում է նաև ցավերով ու տրամադրության տատանումներով: Իզուր չէ, որ այդ ողջ ընթացքում քեզ չի լքում «ծանրացած» կոպերի զգացումը:
Իհարկե, ավելի վաղ անկողին մտնելն այդքան էլ դյուրին չէ խճճված գրաֆիկի և գերծանրաբեռնվածության պայմաններում, սակայն դա աշխատող տարբերակ է: «Հետաձգիր այն, ինչ կարող ես, օրինակ՝ ուշ երեկոյան ընկերներիդ հետ հանդիպումը կամ սիրելիիդ հետ ընթրիքը, և գոնե առաջին օրերին պառկիր քնելու ավելի վաղ»,- առաջարկում է դոկտոր Բութը:

Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, շարժվիր հնարավորինս շատ: Դուրս արի զբոսանքի՝ հետիոտն կամ հեծանվով: Սրտի աշխատանքը խթանող ցանկացած գործողություն կօգնի վերալիցքավորվել: Այդպիսով՝ քեզ առույգ ու աշխույժ կզգաս անգամ դաշտանի օրերին: Սակայն հիշիր, չարժե որպես էներգիայի աղբյուր դիտարկել քաղցրավենիքն ու սուրճը: Դու արագ կլիցքավորվես, սակայն դա երկար չի տևի, իսկ օրգանիզմումդ մնացած շաքարը քիչ անց քեզ ավելի ուժասպառ կանի:


Քո անհատական ցիկլային միֆերը

Եթե քո գինեկոլոգը չի տրամադրում ժամանակ քեզ հուզող հարցերին անդրադառնալու համար, ապա, թերևս, պետք է փոխել մասնագետին: Մինչ այդ փորձենք օգնել քեզ՝ պատասխանելով մի շարք տարածված հարցերի:

«Ամեն անգամ՝ դաշտանի օրերին, կարող եմ մտածել միայն ուտելու մասին. ինչո՞ւ եմ այդքան քաղցած»:

Մեղավորը քո «ագահ» հորմոններն են: Դաշտանից մի քանի օր առաջ նրանց մակարդակն օրգանիզմում սկսում է տատանվել, ուստի երբ սկսվում է կոնկրետ դաշտանը, քո ախորժակն անասելի չափերի է հասնում:

 «Ինչո՞ւ է դաշտանի սկզբում արյունը մուգ շագանակագույն»:

Հին արյունը կարող է լինել մուգ կարմիր, շագանակագույն և անգամ սև, քանի որ այն մնացել է արգանդում որոշ ժամանակ:


 «Մի՞թե այդքան կարևոր է դաշտան ունենալը»:

Բացառությամբ այն դեպքերի, երբ դու ծրագրում ես հղիանալ, որոշ գինեկոլոգներ նշում են, որ դաշտանը պարտադիր չէ: Դու կարող ես հետաձգել այն անորոշ ժամանակով՝ շարունակաբար հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելով կամ ընդունելով հատուկ հաբեր, որոնք կրճատում են արտադրությունը տարեկան 12-13 անգամից մինչև 4 անգամ: Եթե հետաքրքրվեցիր, խորհրդակցիր գինեկոլոգիդ հետ:


 «Ինչո՞վ են բացատրվում հեշտոցի ներսում ցավագին զգացումներն այդ օրերին»:

Ներքին և արտաքին սեռական շուրթերի զգայունությունը բացատրվում է արյան առատ հոսքով: Տվյալ պարագայում տամպոնը կարող է նույնիսկ վատթարացնել վիճակը, ուստի լավագույն լուծումը միջադիր կրելն է: Իսկ եթե ցավագին զգացումները լուրջ բնույթ են կրում, ճիշտ կլինի գինեկոլոգի հետ խորհրդակցել:


 «Ինչպե՞ս կարելի է հասկանալ արյան մեծ թանձրուկների առկայությունն արտադրության հետ մեկտեղ»:

Կարմիր կամ շագանակագույն թանձրուկները նորմալ են համարվում և բնորոշ են առատ արտադրության օրերին: Սակայն եթե նրանք հայտնվում են դաշտանի վերջում կամ չափից դուրս մեծ չափսերի են, ասա այդ մասին գինեկոլոգիդ. դա կարող է էնդոմետրիոզի նշան լինել:


 «Քանի՞ տամպոն է հարկավոր օգտագործել օրվա ընթացքում»:

Ամեն ինչ կախված է հոսքի առատությունից: Կարելի է փոխել լայն ներծծման հատկությամբ օժտված տամպոնը յուրաքանչյուր երկու ժամը մեկ դաշտանի առաջին օրերին, իսկ ավելի թեթև հոսքի դեպքում սահմանափակվել ութ ժամը մեկ տամպոն փոխելով:


 «Ինձ մոտ դաշտանը պարբերական բնույթ չի կրում: Ինչպե՞ս կարելի է կարգավորել այն»:

Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու այն տեղի չի ունենում յուրաքանչյուր 21-35 օրը մեկ: Սթրեսը, դիետան, էնդոմետրիոզը կարող են նման խնդիրների պատճառ լինել: Ցանկացած դեպքում հարկավոր է ստուգվել մասնագետի մոտ:


 «Ինչպե՞ս կարող եմ դաշտանի ընթացքում ընկերոջս մոտ հետաքրքրություն առաջացնել սեքսի հանդեպ»:

Սեքսի համար ընտրեք դաշտանի ընթացքում հոսքի կարճատև դադարները կամ զբաղվեք անմիջապես ցնցուղից հետո, երբ արտադրությունն այդքան առատ չէ: Ընտրեք դիրքեր, երբ դու մեջքի կամ կողքի վրա ես: Կարող ես կիրառել նաև մենստրուալ կափարիչ՝ փափուկ, շարժական հարմարանք, որը մտցվում է վզիկի մեջ մինչև 12 ժամ տևողությամբ և արգելափակում է արյան հոսքը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain








Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 06.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (06.07.17)
Դիտումներ: 776 | Տեգեր: ԻՆՉ, Եթե, խորհուրդներ, չեն, հանգիստ, անել, ցավերը, դաշտանային, մեղմացնելու, տալիս. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...