Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Գեղեցկության չափանիշները
 
 


   erkusov.com

«Գեղեցկությունը զոհեր է պահանջում», այս կարծիքին է կանանց մեծ մասը: Դեռ հին ժամանակներում կանայք ձգտել են կատարելության՝ այլևայլ փորձությունների ենթարկելով իրենց մարմինը: Իսկ գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակներում տարբեր են եղել, և կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում կնոջ՝ նորաձևության քմայքներին տուրք տալը երբեմն մազոխիստական դրսևորումներ է ունեցել՝ սկսած կորսետներից մինչև էպիլյացիաներն և սիլիկոնները: Կատարյալ կազմվածք ունենալու գինը երբեմն բավական բարձր է. հաճախ «գեղեցկություն» ասվածի դիմաց վճարում ենք առողջությամբ, երբեմն էլ՝ սեփական կյանքով:
 

Նախնադարյան գեղեցկություն

Կնոջ մարմնի վերաբերյալ առաջին պատկերացումները մեզ են հասել «Վիլենդորֆյան Վեներայի» քանդակի շնորհիվ, որը գտնվել է Ավստրիայում և մասնագետների կարծիքով պատրաստվել է 20.000 տարի Մ.թ.ա.: Այն կախված կրծքով, մինչև ծնկները հասնող որովայնով և լայն ու հաստ կոնքերով կնոջ կերպար է: Ըստ մեր նախնիների՝ միայն նման «գեղեցկություն» ունեցող կինը կարող էր առողջ երեխա կերակրել:
 
Գեղեցկության չափանիշները

Առաջին քաղաքակրթությունները

Առաջին քաղաքակրթություններին զուգահեռ առաջանում են գեղեցկության նոր չափանիշներ, գեր կազմվածքն այլևս գեղեցիկ չէր համարվում, և կանայք ստիպված էին ջանքեր գործադրել` նորաձևության պահանջներին համապատասխանելու համար: Իսկ նորաձևությունը սկսում են թելադրել նկարիչները, քանդակագործները, բանաստեղծները, փիլիսոփաները, կայսրերն ու փարավոնները:

Եգիպտոս

Հին Եգիպտոսում կատարյալ էր համարվում բարձրահասակ նիհարիկ կինը՝ խոշոր դիմագծերով, լայն թիկունքով, նեղ կոնքերով և բարակ գոտկատեղով: Իսկ չափանիշը Նեֆերտիտի թագուհին էր (մ.թ.ա. 3400 թ.): Մեզ հասել է թագուհու կիսանդրին (քանդակագործը Թութմոսն է): 
 
Գեղեցկության չափանիշները

Չնայած ժամանակների և պահանջների փոփոխություններին՝ այդ երիտասարդ փխրուն կինն իր արտահայտիչ աչքերով, բարակ պարանոցով և հոնքերի նրբին ուրվագծով գեղեցիկ Է համարվում նաև այսօր: Այդպիսի տեսք ունենալու համար Նեֆերտիտին ստիպված Էր բծախնդրորեն հետևել իրեն, մշտապես սափրել գլուխը, կրել մեծ թագ և ծանր ականջօղեր կախել:

Չինաստան

Հազիվ թե Նեֆերտիտիի տանջանքները համեմատվեն չինուհիներին բաժին ընկած տառապանքների հետ: Սկսած մ.թ.ա. II դարից՝ բոլոր ազնվական ընտանիքների աղջիկների ոտնաթաթերը մանուկ հասակից պինդ փաթաթում էին, որպեսզի դրանք հնարավորինս փոքր մնան՝ 7-10 սմ երկարությամբ, ոչ ավելի: Իսկ նրբագեղության գագաթնակետն էր համարվում «ոսկե լոտոսի թերթիկի» տեսքով ոտնաթաթը: Նման դեֆորմացիան չափազանց դաժան էր, աղջիկները ողջ կյանքում դժոխային ցավեր էին կրում և ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվել: Չինուհիների այս ողբերգությունը կասեցվել է միայն XX դարի 40-ական թվականներին, երբ կոմունիստները, մահապատժի սպառնալիքով, արգելեցին այդ սովորույթը:

Հունաստան և Հռոմ

Ավելի երջանիկ էին ապրում անտիկ քաղաքակրթության ներկայացուցչուհիները: Հին Հունաստանում գնահատվում էր առողջ տեսքը, գեղեցիկ դեմքն ու մարմնի ատլետիկ կազմվածքը: Եթե տղամարդկանց համար չափանիշ էր մկանուտ մարմինը, վկան՝ Ապոլլոնի քանդակը, ապա կանանց համար օրինակելի էր գեղեցկության և սիրո աստվածուհի Միլոսյան Աֆրոդիտեն, թեև, մերօրյա չափանիշներով, նրա մարմինն այնքան էլ կատարյալ չէր՝ 86-69-93 և 164 սմ հասակ:

Գեղեցկության գրեթե նույն չափանիշներն էին ընդունում հույներին նվաճած հռոմեացիները: Բայց իտալուհիների համար Աֆրոդիտեի գեղեցկությունը փոքր-ինչ անհասանելի էր. նրանք, ճիշտ է, բարալիկ կազմվածք ունեին, բայց բարձր հասակի ու կեցվածքի մասին կարող էին միայն երազել: Կատարելության ձգտելով՝ հռոմեուհիները ստիպված էին շատակերությամբ զբաղվել, բայց ապարդյուն, քանի որ ճարպերը նրանց օրգանիզմում ցելյուլիտի պատճառ էին դառնում:
Ի դեպ, ճարպակալման խնդիրն այսօր էլ առկա է իտալացիների մոտ. բնակչության մոտ 35 տոկոսը տառապում է գիրությունից:


Միջնադար

Անտիկ «ազատ» գեղեցկությանը փոխարինելու եկան համեստությունն ու ճգնակյացությունը: Նորաձև ու գեղեցիկ էին համարվում փխրուն, հյուծված տեսք ունեցող կանայք, որոնք ավելի շատ միանձնուհու էին հիշեցնում և նմանվում Սուրբ Կույս Սարիամին. ձգված, երկարավուն դեմք, բարձր ճակատ, փոքրիկ բերան, խոշոր աչքեր: Որպեսզի կինը դուրեկան համարվեր, պետք է աչքի չընկնող մարմին ունենար՝ փոքր կուրծք, նեղ կոնքեր, և այդ ամենը հարկ էր խնամքով քողարկել լայն հագուստի տակ, իսկ մազերն անհրաժեշտ էր հավաքել գլխաշորի մեջ:

Նույն ժամանակաշրջանում «նորաձև» է դառնում հղիությունը, կանայք նույնիսկ հագուստի տակից բարձ էին դնում: Ընդհանրապես, միջնադարում գեղեցիկ լինելը վտանգավոր էր. չափից ավելի աչքի ընկնող կանանց եկեղեցին վհուկության մեջ էր մեղադրում և այրում խարույկի վրա: Հենց աննկատ լինելու անհրաժեշտությունն էլ կորսետների ստեղծման պատճառ դարձավ: Իսպանիայում կանայք իրենց փարթամ կուրծքը քողարկում էին ոսկրերից, երկաթից կամ փայտից պատրաստված պատյանների տակ, իսկ դեռատի աղջիկների կրծքավանդակի վրա գիշերները արճճե սալիկներ էին դնում, որպեսզի կուրծքը շատ չաճեր:


Վերածնունդ

Վերածննդի ժամանակաշրջանում կրկին սկսեց գեղեցիկ համարվել կնոջ փարթամ մարմինը: Ավելին՝ կանանց թույլատրվում էր գիրանալ, շպարվել և շքեղ հագնվել:
 
Գեղեցկության չափանիշները

Այս ժամանակաշրջանում չափանիշ էր համարվում նկարիչ Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավում (1485 թ.) պատկերված շիկակարմիր վարսերով Վեներան: Սիրո աստվածուհին պատկերված է մանկական անմեղ դեմքով, բայց փարթամ և հասուն մարմնով, լայն կոնքեր, փոքր կուրծք, ուղիղ ոտքեր և երկար վարսեր:

Բարոկկո և ռոկոկո

Վերածննդին փոխարինելու է գալիս բարոկկոյոի դարաշրջանը՝ իրեն հատուկ ցուցադրական գեղեցկությամբ և սեթևեթությամբ:
Կնոջ կազմվածքի նոր չափանիշների «օրենսդիր» դարձավ Ռուբենսը: Հսկայական կտավների վրա Ռուբենսը պատկերում էր թմբլիկ, եռանդով լեցուն, առողջություն ճառագող դեմքով կանանց:
Նույն ժամանակաշրջանում կանայք, հագնվելու արվեստին տիրապետելու համար ընդօրինակում էին Եղիսաբեթ I թագուհուն, որ հագնում էր անհարմար, բայց կազմվածքն ընդգծող կորսետներ և բարձրակրունկ կոշիկներ:

Սեկ հարյուրամյակ անց՝ ռոկոկոյի դարաշրջանում, կորսետները տարածվում են ողջ Եվրոպայում. այն կրում էին անգամ հղի կանայք: Կնոջ գրավչության չափանիշներ են դառնում զգացմունքայնությունը, գայթակղիչ արտաքինն ու կեցվածքը, հագուստի լայն բացվածքները:
Որոշ աղբյուրների համաձայն՝ կանայք և աղջիկները, գոտկատեղն ավելի փոքրացնելու համար, նախքան կորսետի թելերը կապելը քացախ էին խմում, դա ստամոքսի կծկումներ էր առաջացնում՝ հնարավորություն տալով նեղացնելու գոտկատեղը ընդհուպ մինչև 40 սմ: Սակայն «ավազի ժամացույց» հիշեցնող կազմվածքը մի շարք առողջական խնդիրներ էր առաջացնում, տձևանում էին ներքին օրգանները, ծռվում էին կողոսկրերը, նրանք ուշագնաց էին լինում, իսկ հղի կանայք հաճախակի վիժում էին:


XIX դար

Նորաձևության որոնումները վերադարձրին հունական գեղեցկությունը: Ողջունելի դարձավ այն, ինչը բնական էր. անցյալում մնացին խոր բացվածքները, փարթամ կեղծամները, զարդերն ու կոսմետիկան: Սկսեցին գնահատվել սփրթնած, վտիտ տեսքով, նիհար կազմվածքով և թախծոտ դեմքով աղջիկները: Իսկ նման հյուծված տեսք ունենալու համար առողջ կանայք և աղջիկները քացախ էին խմում և հրաժարվում սննդից: Հենց այդ ժամանակաշրջանում էլ հայտնվում են առաջին դիետաներն ու դրանց վերաբերյալ տեղեկագրերը:

XIX դարում գեղեցկության չափանիշները բազմիցս փոփոխության ենթարկվեցին: Տղամարդկանց մերթ դուր էին գալիս ռոմանտիկ աղջիկները՝ ձգած կորսետներով և նիհարությամբ տառապող, մերթ բալգակյան տարիքի հոգնատանջ արտաքինով կանայք, մերթ ցայտուն արտանիքով և սանձարձակ վարքով բարձրաշխարհիկ կանայք, ովքեր, որպես կանոն, սպիտակամաշկ էին, բոցավառ աչքերով, շիկակարմիր վարսերով, եռանդով լեցուն և անկաշկանդ պահվածքով:     Այսպես     կոչված «բարձրաշխարհիկ առյուծուհիները» հաճույքով մասնակցում էին տղամարդկանց «խաղերին», ծխում էին, խմում, որսի գնում, ձի հեծնում, անգամ տղամարդու հագուստ կրում: Ի դեպ, տաբատ հագնելու հանդգնություն ունեցող առաջին կանանցից էր գրող ժորժ Սանդը:


XX դար

Չնայած նախորդ դարերի բազմազանությանը՝ գեղեցկության համարձակ պահանջներն իրենց գագաթնակետին հասան XX դարում: Կինոարվեստի, մոդելային բիզնեսի, գովազդային հոլովակների և գլամուրային ամսագրերի հաղթարշավը կանանց մեջ թերարժեքության զգացում է առաջացնում: Նրանք պատրաստ էին գեղեցկության համար իրենց մաշկի վրա դժոխային տանջանքներ զգալ (նաև բառիս բուն իմաստով) և հաշվել ծախսվող գումարի զրոների քանակը: Նպատակը մեկն էր՝ նմանվել հեռուստաէկրաններից և ամսագրերի շապիկներից ժպտացող «կատարյալ» կանանց, որոնց համար տղամարդիկ խենթանում էին:

Նոր-նոր էր 1910-ական թվականների նորաձևության «դիրիժոր» Պոլ Պուրեն կանանց ազատել չարաբաստիկ կորսետներից, երբ փոխարինելու եկան կրծկալները: Առաջին աշխարհամարտի տարիներին կանայք ձգտում էին նմանվել տղամարդկանց. ցանկալի էին նեղ կոնքերը, աննկատ կուրծքն ու գոտկատեղը, մազերի կարճ սանրվածքը: Այս ուղղության ջատագովն էր Կոկո Շանելը, որ կանանց տղամարդու հագուստ էր հագցնում՝ խիստ ձևվածքի պիջակներ, վերնաշապիկներ, նույնիսկ փողկապներ:

«Կանացիություն» ասվածը կրկին ասպարեզ եկավ 50-ականներին, իսկ նորաձևության օրենսդիրներից մեկը դարձավ Քրիստիան Դիորը: Կրկին կոնքերը, կուրծքը և նեղ գոտկատեղը կնոջ հպարտությունը դարձան, իսկ որպես չափանիշ՝ մատնացույց էին արվում Ջինա Լոլոբրիջիտան և Սոֆի Լորենը:

 
Գեղեցկության չափանիշները

60-ականներին սկիզբ է առնում «սիլիկոն» անունով հիվանդությունը: Բարբի տիկնիկի անթերի կազմվածքը և Մերիլին Մոնրոյի կանացիությունը ողջ աշխարհի կանանց ամենահամարձակ քայլերի էին դրդում: Ստինքները մեծացնելու վիրահատությունը դառնում է սովորական երևույթ: Մեկ այլ տարածված վիրահատություն՝ սեղանատամների հեռացումը, չորսական ատամ յուրաքանչյուր կողմից: Այդպես փորձում էին ավելի նեղ դիմագծեր ունենալ, ինչպես Մառլեն Դիտրիխը:

Տասը տարի անց չափանիշ են դառնում «կմախք» մոդելները: Բայց եթե 70-ականներին կարևոր էր նաև առողջ արտաքինը, ապա 80-ականներին նիհարությունն արդեն ինքնանպատակ էր: Զանգվածային են դառնում տարբեր պլաստիկ վիրահատությունները, լիպոսակցիան (ավելորդ ճարպերի հեռացում) և կրծքերի մեծացումը:

90-ականներին վերջակետ է դրվում. գեղեցկության չափանիշները՝ բարձր հասակ, երկար ոտքեր և 90-60-90 չափսեր, այլևս քննարկման ենթակա չեն: Այս թվերին համապատասխանելու համար կանայք նույնիսկ հեռացնում էին վերջին երկու կողոսկրերը: հ դեպ՝ նման վիրահատություն է արել նաև հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան):

Ներկա

 
Գեղեցկության չափանիշները

Նորաձևության և գեղեցկության պահանջներն ու չափանիշները XXI դարում գրեթե չեն փոխվել: Իրենց և ուրիշներին դուր գալու համար կանայք և աղջիկները շարունակում են դիետաներ պահել՝ երբեմն իրենց հասցնելով մինչև բուլիմիայի (ուտելու նկատմամբ անզսպություն) և անորեքսիայի (ախորժակի լրիվ բացակայություն): Առավել տարածված են դարձել վիրահատական ճանապարհով երիտասարդանալու, դիմագծերն ու մարմնի կազմվածքը շտկելու փորձերը:

Մերօրյա տարօրինակությունները

Բոռնեո կղզում (Մալայզիա) մանուկ հասակից աղջիկների ականջներից բրոնզե կշռաքարեր են կախում, ըստ նրանց՝ գեղեցիկ լինելու համար ականջի բլթակները պետք է ձգվեն մինչև ուսերը:

Մյանմայում պադաունգ ցեղի կանայք պարանոցը երկարացնելու համար վզին օղակներ են կրում, նրանց վզի երկարությունը միջին հաշվով հասնում է 30-35 սանտիմետրի:
Աֆրիկյան ֆուլանի ցեղում ընդունված է սափրել հոնքերն ու թարթիչները, որպեսզի ճակատն ավելի մեծ երևա:


Չենք համարձակվում կանխատեսումներ անել, թե կանանց ուր կհասցնի փոփոխական և քմահաճ նորաձևությունը, և ինչ նոր զոհողություն կպահանջի գեղեցկությունը: Սակայն կարող ենք վստահաբար ասել, որ կանայք կդիմեն ամեն ինչի: Հազարամյակների փորձն ապացուցում է, որ կնոջ՝ կատարյալ մարմին, գեղեցիկ արտաքին ունենալու և երիտասարդ մնալու բնազդը շատ ավելի ուժեղ է ինքնապահպանման բնազդից և շատ ավելի բարձր՝ գիտակցության ձայնից:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ նմանատիպ թեմայով

 
 
 

 
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 27.08.14 | Հեղինակ: erkusov.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (27.08.14) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 4727 | Տեգեր: Սա հետաքրքիր է, ՄՈԴԱ, պատմական դրվագներ, նորաձևություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...