Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


10 հրաշալի վայր ամանորը նշելու համար
 
 


   

Ամանորն անշուշտ ընտանեկան տոն է, և այն պետք է նշել ընտանիքի, կամ գոնե մտերիմ ու սիրելի մարդկանց շրջապատում։ Մյուս կողմից, ո՞վ ասաց, որ ամանորն անպայմանորեն պետք է տանը դիմավորել։ Իհարկե մենք՝ հայերս դժվար ենք պատկերացնում, որ այս հրաշալի տոնը կարելի է անցկացնել առանց ավանդական խոզի բդի, դոլմայի, քյուֆթայի ու մայրաքաղաքային աղցանի, բայց եկեք խոստովանենք, որ դա արդեն մեզ ձանձրացրել է։

Մյուս կողմից էլ հայտնի խոսք կա չէ՝ ինչպես Նոր տարին դիմավորես, այնպես էլ այն կանցնի։ Ուստի եկեք առանձնահատուկ ու ուրախ անցկացնենք այն։ Վերցնում ենք մեզ հետ հարազատ ու սիրելի մարդկանց և ուղևորվում Նոր տարին դիմավորելու։ Իսկ թե ուր պետք է ուղևորվել, կպատմեմ հենց հիմա, որովհետև ձեր գեղեցիկ ընտանիքի համար առանձնացրել եմ աշխարհի ամենագեղեցիկ անկյունները ամանորը նշելու համար։ Եվ այսպես, գնացինք


1. Ֆինլանդիա


Աշխարհի ամենաամանորյա երկիրը, թերևս, հենց Ֆինլանդիան է։ Շուրջբոլորը պատված է ձյունով, կարելի է օրուգիշեր շրջել սահնակներով, որոնք ձեր փոխարեն վարում են հյուսիսային եղջերուները կամ կարելի է գնալ ձմեռային ձկնորսության, որը պարզապես ֆանտաստիկ հաճույք է։  Ֆինլանդիան զբոսաշրջիկներին գրավում է ամանորյա պայծառ տրամադրություն ու ստեղծում է այնպիսի հեքիաթային մթնոլորտ, որից, վստահ եմ, դուք ավելի շատ եք ուրախանալու, քան ձեր երեխաները։ Այս չքնաղ երկիրը հիմնականում գրավում է Լապլանդիա այցելելու հնարավորությամբ։ Հենց Լապլանդիայում է տեղակայված Ձմեռ պապի հայտնի գյուղը, շների ու եղջերուների ֆերմաները, արկտիկական կենդանաբանական այգին և զվարճանքների ընդարձակ զբոսայգին։ Անպայման պետք է այցելել Ձմեռ պապիկի նստավայր ու անձամբ համոզվել, որ նա գոյություն ունի։ Ճանապարհորդությունը դեպի պրն Ձմեռ պապիկի նստավայր արժե 60 եվրո մեկ անձի համար։ Դեպի Ֆինլանդիա տուրերը մի քիչ ավելի թանկ արժեն, քան տուրերը դեպի այլ եվրոպական երկրներ։ Մեկշաբաթյա ուղևորությունը երկու անձի համար կարժենք 2500-2700 եվրո։

Քիչ մնաց մոռանամ։ Զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի է Լայնիո սառցե գյուղը, որտեղ կարելի է մեկ գիշերվա համար սենյակ ամրագրել հեքիաթային գեղեցկությամբ աչքի ընկնող «Սառցե» հյուրանոցում։ Ի դեպ նշեմ նաև, որ Ֆինլանդիայում բնավ էլ ցուրտ չէ, ուստի պետք չէ վախենալ, որ ձեր երեխաները կմրսեն ու ձեր ողջ հանգիստը կփչանա։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին -5-ից -7 աստիճան է։

 


2. Չեխիա, Պրահա

 
Չե՞ք եղել Պրահայում։ Ո՞չ։ Ուրեմն ժամանակն է։ Իսկ եթե ձմեռը այցելեք, կշահեք կրկնակի։ Նոր տարին Չեխիայում ցնցող կերպով են նշում։ Բացի այդ դեկտեմբերի վերջին Պրահան այնքան գեղեցիկ է, որ եթե բանաստեղծական ունակություններ չունեք էլ, կսկսեք ստեղծագործել։

Անպայման այցելեք Ամրոցն (the Castle District) ու Փոքր Քաղաքը (the Lesser Town) և  ավարտեք ձեր զբոսանքը Հին Քաղաքի սրտում: Պրահայի Ամրոցի համալիրն այցելելիս, անպայման ժամանակ տրամադրեք` այցելելու Գոթական Սուրբ Վիտուսի Մայր տաճարը (the Gothic St Vitus Cathedral) և Սուրբ Գեորգի Բազիլիկը (St George’s Basilica), ինչպես նաև անպայման անցեք փոքրիկ գեղատեսիլ տների մոտով, որոնք գտնվում են Ոսկե Նրբանցքում (Golden Lane): Այնուհետև իջեք դեպի Փոքր Քաղաքը, որտեղ կգտնեք հին քաղաքային տները և Բարոկկոյի ոճի պղնձե գմբեթով Սուրբ Նիկոլայի (St Nicolas Church) Եկեղեցին: Կանգ առեէ Կարլի կամրջի մոտ։ Այստեղ շատ անելու բան կա։ Իսկ քաղաքի ռոմանտիկ մթնոլորտը ավելի լավ զգալու համար կարող  եք Վենետիկյան նավարկություն (Venice Boat Cruise) կատարել:

Ամանորը դիմավորելու համար պետք է գնալ Ստարամեստկայա հրապարակ (թարգմանաբար՝ հին քաղաքի հրապարակ)։ Այստեղ Նոր տարին ազդարարում են 14-րդ դարի աստղագիտական ժամացույցները։ Նոր տարուն այս հրապարակում կարելի է տեսնել աշխարհի տարբեր երկրներից ժամանած խայտաբղետ ամբոխի։ Եթե Դուք վախենում եք մրսել, ապա գնացե՛ք «Արքայազնի մոտ» ռեստորան։ Այնտեղ 30-ականների մեղեդիների ներքո կարելի է հետևել հրապարակում կատարվող իրադարձություններին, կամ պարզապես հիանալ Պրահայի կղմինդրե կտուրներով։ Մենք խորհուրդ կտայինք նախապես սեղան ամրագրել, որովհետև այն սովորաբար սեփ լեցուն է լինում։ Եթե քաղաքակիրթ եվրոպական հանգիստ եք փնտրում, ապա Պրահան ձեզ համար է։ Երկու անձի համար ութօրյա շրջագայությունը դեպի Չեխիայի մայրաքաղաք կարժենա 1500 - 1800 եվրո։

Հին քաղաքի ու Վալցլավյան հրապարակներում ամեն տարվա դեկտեմբերին կազմակերպվում են ամանորյա տոնավաճառներ, որտեղ վաճառվում են արվեստի ստեղծագործություններ, հուշանվերներ, ինչպես նաև սննդամթերք (բավարյան տաք նրբերշիկներ, տրդելնիկներ (քաղցր բուլկիներ) և խմիչքներ։ Հենց տոնավաճառներն են հանդիսանում ամանորյա զվարճանքի կիզակետը։ Դրանք Վալցլավյան հրապարակում գործում են դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը։
Ամանորի գիշերը Հին քաղաքի հրապարակում՝ բացօթյա սրճարանների ու փոքրիկ ռեստորանների շուրջ, անցկացվում են համերգներ։ Հենց այս հրապարակում էլ տեղադրվում է ամենամեծ ամանորյա տոնածառը։ Այստեղ ցուցադրվում են ներկայացումներ, որոնց ընթացքում դերասանները պատկերում են Բեթղեհեմի իրադարձությունները՝ մարմնավորելով Մարիամ Աստվածածնին. Հովսեփին, մոգերին և այլոց։ Կոստյոլներում (լեհական կաթոլիկ եկեղեցի) այդ տոնին գիշերային ծառայություն է գործում։ Կարելի է նաև գնալ Պրահայի օպերայում ընթացող ամանորյա համերգին։ 
Չեխիայի մայրաքաղաքու կարելի է սնվել 3-8 եվրոյով։ Չափաբաժիններն այստեղ սվորոբար մեծ են, իսկ ճաշատեսակները՝ սննդարար։ Ռեստորան գարեջուր վայելելու համար հարկավոր է վճարել 1–1,5 եվրո, իսկ խանութներում գարեջրի շիշը վաճառվում 0,6–0,8 եվրոյով։


3. Ավստրիա, Վիեննա

Վիեննան փոքրիկ, բայց բազմազանությամբ աչքի ընկնող քաղաք է։ Եթե դեկտեմբերի 31-ից մի փոքր ավելի շուտ գաք այստեղ, կհացսնեք տեսնել Սուրբ Ծննդյան առթիվ կազմակերպված տոնավաճառները, որոնց պատմությունը գալիս է XIII-րդ դարից։ Այստեղ կարելի է գնել ձեռագործ խաղալիքներ, ուտել կոճապղպեղի քաղցրաբլիթներ, ըմպել տաք ըմպելիքներ։ Մասնավորապես խորհուրդ կտամ փորձել թերմոն։ Ամանորն այստեղ կարելի է նշել ցանկացած ռեստորանում, կամ սրճարանում Վիեննան շատ կոմպակտ է ու հարմարավետ քաղաք է։ Մի քանի ժամում կարելի է զբոսնել այստեղի այգիներով ու հիանալ Սուրբ Ստեփանոսի տաճարի գոթական ոճով և տարբեր եկեղեցիների բարոկկոյի լավագույն նմուշներով։ Այստեղի դղյակները, թատրոնները, օպերաներն ու հրապարակները պարզապես աչք են շոյում։ Եթե բախտը ձեզ ժպտա, կհայտնվեք Վիեննայի պարահանդեսներից մեկում։ Մի քիչ պարեք ու կգաք կպատմեք։ Վիեննայում անցկացրած նոր տարին շատ երկար եք հիշելու։ նույնիսկ, եթե ձեր ամուսին ասի, որ պարել չի սիրում, կամ մեջքն է ցավում, վստահ եղեք, որ պարահանդեսում և պարել կսիրի, և մեջքի ցավերը կմոռանա։ Արդեն ուզո՞ւմ եք գնալ հա։՚ Շատ անհամբերն եք։ Ուրեմնա ասեմ գները։ 6 գիշերը Վիեննայում կարժենա մոտ 1800 եվրո երկու անձի համար։ Թանկ չէ։


4. Փարիզ, Ֆրանսիա

Փարիզ... Այս հրաշք քաղաքի մասին այնքան է գրվել, որ ամաչում եմ ես էլ գրել։ Եկեք շատ չխորանամ և ասեմ, որ դեպի Փարիզ ճանապարհորդությունից լավ կարող է լինել միայն ճանապարհորդությունը դեպի ամանորյա Փարիզ։ Քաղաքը, որը չքնաղ է տարվա ցանկացած եղանակին, գիշերով թե ցերեկով, ամանորյա տոներին լի է լույսերով, իսկ օդում ճախրում է տապակած շագանակի նուրբ բուրմունքը։ Սակայն պետք է միանգամից ձեզ հիասթափեցնեմ և ասեմ, որ ամանորին Փարիզում ձյուն չի լինելու։ Իսկ անձրև շատ մեծ հավանականությամբ կարող է տեղալ։ Ամանորյա մասշտաբային տոնակատարություններ նույնպես այստեղ չեն լինում։ Քանի որ ողջ Եվրոպայում հիմնական տոնը համարվում է Սուրբ Ծնունդը, Փարիզում սովոր են ամանորը բավականին համեստ դիմավորել։ Նոր տարին նշելու առաջին սովորական տարբերակը՝ երթն է Ելիսեյան դաշտերում, շամպայն ու հրավառություն Էյֆելյան աշտարակի տակ։ Երկրորդ տարբերակն է բազմաթիվ ռեստորաններից, կաբարեներից, կամ էլ բարերից մեկում անցկացված երեկոն, որտեղ կարող եք ամենաբազմազան ամանորյա ծրագրերի մասնակցել։ Կան տուրիստական գործակալություններ, որոնք առաջարկում են այնպիսի տուրեր, որոնք թույլ են տալիս միանգամից վճարել Մուլեն Ռուժում, Լիդոյում ու մի քանի այլ հայտնի ու թանկարժեք վայրերում ամանորյա գիշերն անցկացնելու համար։ Ոչ այնքան ճոխ վայրերում կարող եք ինքներդ էլ տեղ պատվիրել՝ համացանցի միջոցով։ Շատերը սխալվում են՝ համարելով, որ Փարիզ այցելությունը հատկապես ամանորյա տոներին միայն հարուստների համար է։ Փարիզը շատ մեծ քաղաք է, որտեղ անհավանական քանակությամբ տարբեր հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ կան՝ ամենատարբեր ֆինանսական հնարավորությունների տեր մարդկանց համար։

Եթե ձեր երեխաների հետ եք այցելում Փարիզ, ապա նրանց կարող եք Փարիզի Դիսնեյլենդ տանել։ Նոր տարվա օրերին ատրակցիոնների հերթերը շատ փոքր են լինում համեմատած ամռան հետ։


5. Իսրայել, Կարմիր և Մեռյալ ծովեր, Երուսաղեմ

Եթե երդվյալ հակասիոնիստ չեք, կառաջարկեմ Իսրայել ուղևորվել։ Սա երկիր է, որտեղ կարելի է համատեղել անհամատեղելին՝ ժամանցն ու ուխտագնացությունը։ Պլանն այսպիսին է. սկզբում մի լավ դիմավորում ենք Նոր տարին Մեռյալ, կամ էլ Կարմիր ծովերի հանգստավայրերից մեկում, իսկ հետո՝ Սուրբ Ծննդին, գնում ենք Երուսաղեմ՝ մեղքերի թողություն հայցելու համար։ Ձմռանը իսրայելական լողափներում սեզոնային պիկ է, որովհեհտև հենց այդ ժամաման է օդի ու ջրի ջերմաստիճանն իդեալական լինում։

Սուրբ Ծննդյան տոներին Երուսաղեմում են հավաքվում ուխտագնացներ ողջ աշխարհից, ուստի մթնոլորտն այդ օրերին բացառիկ է լինում այստեղ։ Եթե ոուզում եք այցելել քաղաքի բոլոր սրբավայրերը, մեկ այցը Երուսաղեմ շատ քիչ է, բայց հիմնական տեսարժան վայրերն ու պատմական տեղերը մի քանի օրում կարելի է տեսնել։ 
Դե իհարկե, պարզապես մեղք կլինի չայցելել Բեթղեհեմ՝ վայր, որտեղ ըստ կտակարանի, ծնվել է Հիսուս Քրիստոսը։




6. Լոնդոն


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Սուրբ ծնունդը վաղ են սկսում տոնել։ Սուրբ ծննդյան պատրաստություններն այստեղ սկսում են նոյեմբեր ամսից։  Անցած տարի, օրինակ,  Օքսֆորդ սթրիթի տոնական լույսերը, որոնք վառել էր Ռոբբի Ուիլլիամսը,  վառ էին մինչև հունվարի 4-ը, ուստի, եթե դեկտեմբերի վերջին որոշեք մեկնել Լոնդոն, կհասցնեք վայելել ամանորյա ողջ հրաշքը։ Լոնդոնում այդ օրերին քաղաքով մեկ բացվում են տոնական տոնավաճառներ, որոնց այցելուների մեջ կարող է լինել անգամ ինքը՝ թագուհի Եղիզաբեթ 2-րդը։ Բացի դրանից, անց են կացվում բազմաթիվ տոնական միջոցառումներ ու առաջարկվում են հետաքրքիր ժամանցի վայրեր, ինչպիսին օրինակ անցյալ տարի բացված աշխարհի խոշորագույն սահադաշտն էր։

Լոնդոնում էկոնոմ նախաճաշը կարժենա 3.5-6 ֆունտ, ճաշը (օրինակ՝ սենդվիչներ ու կարտոֆիլ)՝ 6-9 ֆունտ, ընթրիքը՝ 8-14 ֆունտ։ Մեկ գավաթ գարեջուրը լոնդոնյան հայտնի փաբերում ձեր վրա կնստի 3.2-4.5 ֆունտ ստերլինգ։ Փաբերում ու կաֆետերիաներում ուտելիքն արժե մոտ 5 ֆունտ ու ներառում է բեկոն, լոբի՝ տոմատի սոուսով, ձու, նրբերշիկ, սուրճ, կամ էլ թեյ։ 7 ֆունտով կարելի է ֆաստ ֆուդերում էլ սնվել։

Տուրիստները՝ հյուրանոցներ ընտրելիս, գերադասում են բնակվել Բլումսբերիում, Էրլս-Կորտում, Արևմտյան Քենսինգտոնում, Պեդդինգտոն, Բեյսուոթերում և Վեստմինսթերում։

Լոնդոնը լավն է, գեղեցիկ է, լի է ամեն տեսակի ժամանցի վայերով ու զվարճանքի կենտրոններով։ Միարժեքորեն կարելի է փորձել։


7. Ռիո
Կախարդական Բրազիլիայի կախարդական մայրաքաղաքը հենց այն վայրն է, որտեղ պետք է իր Նոր տարին նշի իսկական զվարճանքների սիրահարը, ում համար այդ օրերին ձյունը պարտադիր պայման չէ։ Բրազիլիայում ամանորի ամենամասշտաբային տոնակատարությունները տեղի են ունենում հենց Ռիոյում ու դրանք մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանում։ Ամեն տարի շքեղ հրավառություններն ու երաժշտական ներկայացումները գրավում են մոտ երկու միլիոն զբոսաշրջիկ աշխարհի բոլոր ծայրերից դեպի լեգենդար Կոպակաբանա լողափը։ Այդ օրերին ընդունված է հագնել միայն սպիտակ զգեստներ, որովհետև համարվում է, որ դա հաջողություն է բերում։ Դեկտմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին բոլորը սկսում են համբուրվել, գրկախառնվել ու կենացներ ասել՝ միմյանց ուրախ Նոր տարի մաղթելով։

Ռիոյի ամենապոպուլյար ուտեստներից մեկը ֆեյդոժան է, որը պատրաստում են լոբուց, չորացրած մսից, երշիկից, խոզի մսից, սխտորից, պղպեղից ու դափնու տերևից։ Այն մատուցում են խորը ափսեով ալյուրով, երբեմն էլ՝ բրնձով, նարնջով, կաղամբով ու սոուսով։ Տարածված են նաև ծովային ուտեստները։ Ռիոյում ամենաշատ մասսայականություն վայելող ըմպելիքը սուրճն է, իսկ ալկոհոլային խմիչքներից ամենատարածվածները գարեջուրը և կաշասուն են։

Ռիոյում կարելի է նախաճաշել 2-4 դոլարով, ճաշել՝ 2-6 դոլարով ու ընթրել 4-10 դոլարով։ Իսկ այ բնակտարածքը Ռիոյում ամենաթանկն է Բրազիլիայում։ Ամենաթանկ հյուրանոցները գտնվում են Հարավային Գոտում (Zona Sul), որը գտնվում է Իպամենա ու Կոպակաբանա լողափների անմիջական հարևանությամբ։ Ֆլամենգոյի ու Կատատեի մերձակայքում կարելի է գտնել ավելի մատչելի տարբերակներ։ Հյուրանոցներն ամբողջովին լցված են լինում հունվարին, որովհետև հենց այս ամսին են բրազիլացիների հիմնական արձակուրդները։



8. Թայլանդ, Լանտա

Եթե որոշել եք 2015 թվականը դիմավորել տաք վայրերում, ապա Թայլանդը Թուրքիայի, Բալիի ու Եգիպտոսի լավագույն այլընտրանքն է: 
Պատկերացրեք իդեալական աշխարհ, բարեսիրտ ու ժպտերես մարդիկ, տրոպիկական անտառներով ծածկված սարեր, թարմացնող ջրվեժներ ու զբոսաշրջային արահետների իսպառ բացակայություն։ Պատկերացրեցի՞ք։ Ձեր պատկերացրածը Նոր Զելանդիան էր... իսկ եթե այդ իդեալան տեսարանին ավելացնեք նաև այդ ծառերի վրա թռչկոտող վայրի կապիկներ՝ դա արդեն Թայլանդի Լանտա կղզին կլինի։

Սովորաբար Նոր տարին Լանտայում դիմավորում են ավանդական եղանակով. Ընտանեկան ընթրիք, հրավառություն ու երկարատև գիշերային զբոսանք կիսադատարկ լողափի երկայնքով։ Կա սական մեկ նյուանս. կղզու որոշ հյուրանոցներում վերջերս սկսել են ծովային զբոսանքներ կազմակերպել հենց ամանորյա գիշերով և այդ զբոսանքներն արվում են ձկնորսական մակույկներով։ Դա սովորաբար արվում է հետևյալ կերպ. մոտավորապես երեկոյան 8-ին դուրս եք գալիս ծով ու այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը՝ տախտակամածին շամպայնի հեղեղ է, նավի վրա ուրախ երաժշտություն է նվագում, իսկ նավաստիները ջրի մոտ են իջեցնում լամպերով պատված ձողերը, որոնց լույսի վրա ջրերի խորքից սկսում է վերև բարձրանալ ստորջրյա պլանկտոնը, իսկ նրանց հետևից՝ կաղամարները։ Ցանկացողները կարող են հենց տեղում ձկնորսությամբ զբաղվել և իրենց Հեմինգուեյի հերոսներից զգալ։



9  Շվեդիա

Ամանորը կարելի է դիմավորել նաև Շվեդիայում ու դա անել հետևյալ կերպ. Ստոկհոլմից օդանավով թռչում ես մինչև Կիրունայի օդանավակայան, իսկ այնտեղից շներից ամրացված սահնականերով՝ Յուկասյարվի տեղանքը, որտեղ գտնվում են ճարտարապետ Այմո Ռեյսենենի սառցե պալատը,  որը հայտնի է նաև Ice Hotel անունով։ Այս հյուրանոցը շվեդները ամեն տարի նորից են կառուցում և ամեն անգամ սառույցի մեծ կտորներից։ Արդյունքում ստացվում է  Ձմեռ պապին հարիր իսկական պալատ։ 
Եթե ուզում եք մի քանի օր ձեզ Ձմեռ պապ զգալ ու վայելել շվեդական խստաշունչ ձմեռը, պետք է պատրաստ լինեք 2000 եվրո յուրաքանչյուր անձի համար։ Հավատացեք արժե ծախսել այդքան գումար։ Մի մոռացեք, որ նման ճանապարհորդության բոնուս կարող է դառնալ իսկական հյուսիսափայլը, որը կփոխարինի ցանկացած հրավառության ու ի տարբերություն հրավառությունների՝ իր գեղեցկությամբ ձեզ կշլացնի լրիվ անձայն։ Դե իսկ այն հանգամանքը, որ հյուրանոցում միջին ջերմաստիճանը չի բարձրանում -5 աստիճանից, թող ձեզ չանհանգստացնի։ Չէ՞ որ դուք միայնակ չեք լինելու։ Բացի դա, հյուրանոցում կան նաև միանգամայն պատկառելի ու քաղաքակիրթ համարներ, սաունա ու ոգելից խմիչքներով հարուստ բար։


10  Նյու Յորք

Միակ պատճառը, որ երազանքների իրականացման քաղաքը՝ Նյու Յորքը, ցուցակի վերջին հորիզոնականում է, այն է, որ այստեղ անցկացված մեկ շաբաթը գրեթե կրկնակի թանկ կնստի ձեզ վրա՝ համեմատած ցուցակի մյուս երկրների հետ։ Մյուս բոլոր առումներով, եթե այն չի գերազանցում, ապա հաստատ չի զիջում ցուցակի առաջատարներին։ Եթե նոր տարին որոշել եք Նյու Յորքում անցկացնել, ապա աշխատեք այստեղ լինել դեկտոմբերի 24-ին, որովհետև ամերիկացիների հիմնական տոները դեկտեմբերի 24-ից 25-ն են։

Սուրբ ծննդյան տոներին ամերկացիները սկսում են պատրաստվել դրանից 1,5-2 ամիս առաջ և դա զարմանալի չէ, որովհետև հսկայածավալ աշխատանք է կատարվում այդ ընթացքում։ Սուրբ ծննդյան տոներին քաղաքը կարծես կերպարանափոխվում է և ամառվա ամիսներին Նյու Յորքը տեսած մարդը, այդ օրերին այն հաստատ չի ճանաչի։ Ամենուրեք երաժշտություն է ու լուjսեր, իսկ Մանհեթենի երկնաքերերի վրա ֆանտաստիկ անիմացիաներ կարելի է նկատել։ Այս հրաշք քաղաքի ամեն տուն ու ամեն խանութ փայլում է այդ օրերին, իսկ ամանորյա տրամադրությունը չի լքում քեզ ոչ մի վայրկյան։

Այդ օրը Նյու Յորքի փողոցներով քայլելը հրաշալի գաղափար է ամանորը մարմնի բոլոր բջիջներով զգալու համար։ Ձմեռ պապիկներ, էլֆեր, եղնիկներ.... փողոցները լի էն հեքիաթային ամեն տեսակ արարածներով։ Այս հսկա քաղաքն այդ օրերին Ձմեռ պապիկի գյուղի է վերածվում։ Այստեղ և ամենահայտնի սահադաշտն է և ամեն տարի Նորվեգիայից բերվող հսկայական եղևնին։ Եղևնուն ամրացված լուսյերի քանակը գերազանցում են 28.000-ը։ Նյու Յորքում այդ օրերին նաև մեծ զեղչեր են և կարելի է շատ հայտնի բրենդների ապրանքներ ձեռք բերել շատ մատչելի գներով։ Սա քաղաք է, որը երբեք չի քնում, սա քաղաք է, որը միշտ կուրախացնի քեզ, սա քաղաք է, որի մասին ամենաշատ ֆիմերն են նկարահանված։ Նյու Յորքն իսկապես աշխարհի այն քաղաքների թվում է, որոնք կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնել։ Եկեք ու տրվեք Նյու Յորքին, դա ձեզ դուր կգա։

Հուսամ կարողացա օգնել ձեզ ձմեռային հանգստի ճիշտ ընտրության հարցում։ Հանգստից վերադառնալուց հետո չմոռանաք կիսվել մեկնաբանություններում, թե այն ինչպես անցավ։ Ամենայն բարիք ձեզ։ 





Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 146 | Տեգեր: ամանորը, վայր, ՀԱՄԱՐ, 10, նշելու, հրաշալի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...