Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Սեքսապաթոլոգ. սեռավարակները կարող են ախտանիշներ չունենալ
 
 


   

Զրույց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ սեռավարակների տեսակների,  Հայաստանում դրանց տարածվածության,  ախտանիշների, հնարավոր հետևանքների  մասին:

Սեռավարակների ինչ տեսակներ կան և հատկապես որոնք են ավելի հաճախ հանդիպում Հայաստանում: 

Վրեժ Շահրամանյան - Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` «դասական», «նոր» հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: «Դասական» հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդներելելլան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը եւ այլն: Ժամանակակից վիճակագրությանն այնքան էլ պարզ չէ սեռավարակներով տառապողների իսկական թիվը, իսկ դրա պատճառները մի քանիսն են. մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում, որովհետեւ չգիտեն իրենց հիվանդության մասին: Եթե սիֆիլիսի ու գոնորեայի ախտանիշներին ծանոթ են հնուց եւ, վախենալով այդ հիվանդություններից, բուժվում են, ապա «նոր» վեներական հիվանդությունները, ինչպիսիք են` քլամիդիոզը, տրիխոմոնոզը, գարդներելոզը, շատերը նույնիսկ չեն էլ կասկածում: Այս վարակներն ընթանում են առանց որևէ ախտանիշի, հատկապես կանանց դեպքում: Բացի այդ, վեներական հիվանդությունները վտանգավոր են այնքանով, որ հնարավոր է՝ փոխանցվեն դեռեւս ներարգանդային կյանքում կամ մայրական կաթի միջոցով: 

Ինչ հետևանքներ կարող են լինել սեռավարակը չբուժելու դեպքում:

Վրեժ Շահրամանյան - Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած այս կամ այն հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետեւանքների: Օրինակ, քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ եւս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի: Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ դրանք կարող են փոխանցվել երեխային` առաջացնելով նորածնի մոտ աչքերի բորբոքային հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ, օտիտ եւ այլն: Այնպիսի սեռավարակը, ինչպիսին մարդու պապիլոմայի վիրուսն է, կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ: Լյարդի քաղցկեղի բուն պատճառ է համարվում հեպատիտ B-ն: Հերպեսի վիրուսը ներարգանդային կյանքում առաջացնում է շատ ախտաբանական երեւույթներ: 

Տարիքային որ շրջանում են  ավելի շատ հանդիպում սեռավարակները:

Վրեժ Շահրամանյան - Սեռավարակների սրման տարիքը համարվում է 25 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք 6 անգամ ավելի քիչ են պահպանակներ օգտագործում եւ 5 անգամ ավելի քիչ են ստուգվում, քան երիտասարդները, չնայած նրանց վարակվելու հավանականությունը հավասար է: Զուգընկերը կարող է հանդիսանալ պոտենցիալ վարակակիր, եթե թմրադեղեր է օգտագործում, եթե նրա աշխատանքը կապված է արյան հետ (բուժքույրերն ու բժիշկները): Պոտենցիալ վտանգավոր են մարդիկ, որոնց մոտ հեմոդիալիզ կամ արյան փոխներարկում են իրականացրել: Վտանգավոր են նաեւ դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք: Երբեմն նույնիսկ անալիզների արդյունքները ոչ մի սեռավարակի մասին չեն ասում, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ ցանկացած վարակ ունի իր գաղտնի շրջանը: Հատկապես տղամարդկանց արտաքին տեսքից հաճախ չի էլ երեւում այս կամ այն հիվանդությունը: 

Ինչպես կարելի է պարզել, արդյոք սեռավարկ ունի մարդը, թե ոչ, ինչ փուլերից է այն բաղկացած:

Վրեժ Շահրամանյան Սեռավարակների ինկուբացիոն /գաղտնի/ շրջանն ընդհանրապես տեւում է 1-7 օր: Այս ժամանակահատվածում տղամարդկանց մոտ առաջացող ախտանշանները լինում են քորի ու այրոցի տեսքով, իսկ կանանց մոտ, այս ամենի հետ մեկտեղ, նաեւ լինում է արտադրություն: Երբեմն մարդիկ մտածում են՝ չարժե այդ աննշան գանգատների համար դիմել բժշկի: Բայց սա համարվում է վարակի սուր շրջան, իսկ այն չբուժելու դեպքում վերածվում է քրոնիկականի: Հիվանդության քրոնիկական բնույթի դեպքում հնարավոր է ընդհանրապես որեւէ ախտանշանի բացակայություն, եւ հիվանդը կարծում է, որ իր ինքնաբուժումը նպատակին ծառայեց, բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում հիվանդությունը քրոնիկական բնույթի անցնելիս հիմնավորվում է հիվանդի օրգանիզմում, ու այսպիսով՝ նա դառնում է վարակակիր: Այս դեպքում արդեն ոչ մի բժիշկ չի կարող ասել, թե երբ ու ինչպես կարող է արտահայտվել այդ վարակը, իսկ դրանից առաջացած հիվանդությունը կոնկրետ որ օրգանները կարող է ախտահարել: Հաճախ են նաեւ դեպքերը, երբ հիվանդությունը հենց սկզբից էլ իր մասին զգացնել չի տալիս: Դա բնավ էլ վարակի բացակայություն չէ, այլ պարզապես հիվանդությունը հենց սկզբից կրում է քրոնիկական բնույթ: Հիվանդության անմիջապես ախտորոշումը, ասենք, քլամիդիոզ կամ տրիխոմոնոզ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ սեռավարակները «միայնակ» չեն հանդիպում, այլ միշտ, կարելի է ասել` հանդես են գալիս «փնջով»: Եվ որպեսզի այդ հիվանդությունների «փունջը» բուժվի, պետք է գտնել, թե հիվանդության որ հարուցիչն է առաջացրել այն, եւ, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում: Ահա թե ինչու մի փոքր կասկածի դեպքում անգամ պետք է հանձնել անալիզներ առնվազն 7 վարակի համար: Հիվանդության գաղտնի շրջանը վարակման րոպեից մինչեւ առաջին ախտանիշների առաջ գալու ժամանակահատվածն է: Օրինակ՝ գոնորեան կարող է արտահայտվել վարակումից 10-20 օր անց, իսկ հեպատիտ C-ն մինչեւ 6 ամիս կարող է չարտահայտվել ընդհանրապես: Հերպեսի ախտանշաններն ի հայտ են գալիս 1-3 շաբաթ հետո, միկոպլազմոզը` 3-5 շաբաթ հետո, սիֆիլիսը` միջինում 3-4 շաբաթ անց, բայց կարող է այդ ժամանակահատվածը կրճատվել կամ երկարել մինչեւ 110 օր: 

Ինչ խորհուրդ կտաք սեռական առողջությունը պահպանելու համար:

Վրեժ Շահրամանյան- Առողջ ապրելակերպն ու անվտանգ սեռական վարքագիծը դարձնելով ապրելաոճ` կխուսափես ՄԻԱՎ-ից, սեռավարակներից, կպահպանես առողջությունդ և չես վտանգի հարազատ ու մտերիմ մարդկանց: Եղի՛ր պատասխանատու սեփական և այլոց առողջության համար, կատարի՛ր ճիշտ քայլեր, որ վտանգը նահանջի:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 90 | Տեգեր: ախտանիշներ, սեռավարակները, կարող, Են, չունենալ, Սեքսապաթոլոգ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...