Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Կույր աղիքը և ճիճվային հիվանդությունները
 
 


   doctors.am

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը կույր աղիքի մի փոքր հավելումի բորբոքումն է` ապենդիցիտը, որից երբեմն ձևավորվում էր թարախակույտ, երբեմն էլ այն պայթում էր, առաջացնելով որովայնամզի տարածուն բորբոքում, հաճախ մահացու ելքով:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ապենդիքսի բորբոքմանը կարող են նպաստել տարբեր պատճառներ` աղիքների, բկանցքի բորբոքային հիվանդությունները, որդանման ելունի գալարակծկման խանգարումները և այլն: Սակայն, ինչպես վկայում են փաստերը, ապենդիքսի բորբոքում կարող է զարգանալ նաև միանգամայն առողջ վիճակում:

Պարզված է, որ ապենդիքսն ապահովում է նաև հաստ աղիքում բնական պայմաններում համագործակցող մանրէների առկայությունը, 8 խմբի վիտամինների սինթեզը. այստեղ արտադրվում է նաև արտազատուկ, որը հակամանրէային ակտիվություն ունի: Այս բոլոր տվյալների հիման վրա որոշվեց, որ առողջ ապենդիքսը չպետք է հեռացվի, այլ այն պետք է վերացվի միայն, եթե բորբոքված է և սուր որովայնի զարգացման վտանգ կա:

Որոշ գիտնականներ ապենդիքսը ներկայացնում են ոչ թե որպես ռուդիմենտ, այլ օրգան, որն օրգանիզմը ձեռք է բերել էվոլուցիոն զարգացման ավելի ուշ շրջաններում: Դրա ապացուցն է այն փաստը, որ կույր աղիքի որդանման ելուն ունեն միայն պրիմատները և մարդիկ` օրգանիզմներ, որոնք կանգնած են էվոլուցիոն զարգացման ամենաբարձր աստիճանին:

Մեր երկարամյա հետազոտություններն առիթ են տվել ուշադրության արժանացնել ապենդիցիտի և ճիճվային հիվանդությունների միջև առկա կապը: Բանն այն է, որ համարյա բոլոր մակաբույծները, որոնք բնակվում են մարդու աղիքներում, հանդիպում են նաև ապենդիքսում: Ի.Ի.Մեչնիկովը առաջիններից էր, որ ենթադրեց մակաբույծների դերի, հատկապես մազագլխի և ասկարիդի դերն ապենդիցիտի զարգացման գործում: Այդ կարծիքն ուներ նաև Ս.Ն.Մոլչանովը: Մի խումբ հետազոտողներ բացառում էին ապենդիցիտի զարգացման հիմքում ճիճվային վարակների դերը, դա են վկայում նաև վիճակագրական տվյալները: Բ.Ա. Տկաչենկոն իր աշխատության մեջ նշում է, որ այդ նույն ժամանակ, երբ ճիճվակիրների թիվը Տաջիկստանում (1951-1955 թթ.) նվազել էր` 18%-ից հասնելով 7,9%-ի, ապենդիցիտի դեպքերի թիվն այդ նույն ժամանակահատվածում վիրաբուժական հիվանդների շրջանում աճել էր` 19,7%-ից հասնելով 22,6%-ի: Հեղինակը նշում է նաև, որ ապենդիցիտով հիվանդների շրջանում ճիճվակիրների թիվը փոքր է: Դրանից ելնելով, նա նշում է, որ ճիճվակրությունը դեր չի խաղում ապենդիցիտի զարգացման գործընթացում: Նա միաժամանակ գտնում է, որ այդ նույն ժամանակահատվածում ճիճվակիրների շրջանում ապենդիցիտով հիվանդների թիվը հասել էր 10,9%-ի (այդ ցուցանիշն ինքնին բարձր է), չտալով ապենդիցիտով հիվանդների մասին ընդհանուր տեղեկություններ: Այսպիսով, հեղինակը փորձում է եզրակացություններ անել, հաշվի չառնելով ապենդիցիտով և ճիճվակրությամբ տառապողների հիվանդացության մակարդակների համեմատական գնահատման մեթոդների տրամաբանական արժանահավատ լինելը:

Մի խումբ հեղինակներ (Matignon, Lean), ժխտելով մակաբույծ որդերի դերը ապենդիցիտի առաջացման գործում, հիմնվում են այն փաստի վրա, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Չինաստանը, Մեքսիկան և այլն, որտեղ ճիճվակիրները մեծ թիվ են կազմում, ապենդիցիտով հիվանդների թիվը փոքր է:

Այսպիսի անհամապատասխանություն է մատնանշում նաև Աշբումը: Նա նշում է, որ չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ում ճիճվակրությունը սպիտակամորթների շրջանում 4 անգամ ավելի փոքր է, քան կարմրամորթների, և 8 անգամ պակաս, քան էսկիմոսների, իսկ ապենդիցիտի տարածվածության ցուցանիշը ճիշտ հակառակն է:

Մեր կարծիքով, ճշմարիտն այն է, որ ոչ թե պետք է միանշանակ ասել, թե ճիճվակրությունը դառնում է ապենդիցիտի պատճառ, այլ անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր մակաբույծ որդի առանձնահատկությունները, քանի որ դրանցից յուրաքանչյուրի սնման եղանակը և մարդու օրգանիզմում գոյատևման վարքը տարբեր են:

Ապենդիքսում ավելի հաճախ հայտնաբերվում են սրատուտի (Enterobius vermicularis) բեղմնավորված հասուն և չբեղմնավորված ձվերը: Սթիլլը գտնում է, որ ապենդիքսը որդերի ձվադրման համար հարմար վայր է: Առաջին անգամ ապենդիքսում սրատուտ հայտնաբերեց Ֆաբրիցիուսը (1634): Ապենդիքսի հեռացված հատվածներում սրատուտի հայտնաբերման հաճախականության տատանումները շատ մեծ են` 1%-ից մինչև 30% և ավելի: Աա պատճառաբանվում է ոչ այնքան տարբեր գոտիներում բնակչության իրական վարակվածության մակարդակով, այլ մակաբույծների հայտնաբերման կիրառված մեթոդներով: Այսպես, Շենկենը և Մոսսը հաստատեցին, որ սովորական հյուսվածաբանական մեթոդի կիրառման ժամանակ մակաբույծների տարբեր կենսական ձևերի հայտնաբերման տոկոսը ցածր է` 0,5-1%: Ապենդիքսի պարունակության մանրադիտակային հետազոտությամբ, սրատուտների ձվերի հայտնաբերման տոկոսը հասնում է 10-ի, իսկ ցենտրիֆուգի մեթոդով պարունակության նստեցված զանգվածում հայտնաբերման տոկոսն ամենաբարձրն է: Այս մեթոդի շնորհիվ հայտնաբերվել են սրատուտի ինչպես հասուն հղի ձևերը, այնպես էլ նրանց ձվերը:

Ճիճվային հիվանդությունների հետևանքով զարգացած ապենդիցիտի մահաբերությունը կազմում է 0,3-2%: Բորբոքումը սովորաբար սկսվում է հավելվածի ծայրային 1/3-ից:

Ապենդիքսում հայտնաբերվող տարբեր տեսակի որդերի թվում առաջին տեղում է սրատուտը, ապա` ժապավենաձև տրիխինելան (20%), անզույգ մազագլուխը, ասկարիդը (10%) և ամերիկյան նեկատորը (7,5%): Իհարկե, այս տվյալները հավաստի են այն բնակավայրի համար, որտեղ կատարվել են հետազոտությունները, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի, իսկ մնացած տարածաշրջանների համար պետք է կատարվեն համապատասխան հետազոտություններ:

Ներկայացնում ենք մեր կողմից հետազոտված 2 դեպք 

Ա.Լ.-ն, ծնված 13.04.01թ., տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդը գանգատվում էր որովայնի տարածուն ցավերից: Հետազոտություններից հետո բժիշկներն ախտորոշեցին սուր կատառային ապենդիցիտ: Սուր ապենդիցիտ ախտորոշումով հիվանդը վիրահատվեց: Հեռացված որդանման հավելվածի խոռոչում ախտաբանաանատոմիական հետազոտության ժամանակ, լուսային մանրադիտակի տակ, պատրաստուկում հայտնաբերվել են սրատուտներ: Այս դեպքը շատ հետաքրքիր է և ուշագրավ, քանի որ ապենդիքսում ճիճվի ի հայտ գալը շատ հազվադեպ է պատահում` հատկապես ձվադրման ընթացքում:

Պատկերներում ներկայացված են հեղուկով լցված առաջային խոռոչը և անգույն, թափանցիկ, ասիմետրիկ ձվաբջիջները, ինչպես նաև կույր աղիքի որդանման ելունում գտնվող սրատուտը (նկար 1, 2, 3):

«Մեկելի դիվերտիկուլ» կլինիկական ախտորոշմամբ 12 տարեկան Դ.Կ.-ի (արական սեռ) որդանման ելունի պաթոմորֆոգոլիական հետազոտությամբ հայտնաբերվել են սրատուտներ:

Հեղինակ` Ջանիբեկ Գևորգյան, Արմեն Իսկանյան, Արսեն Վարդանյան, Տաթևիկ Գևորգրյան. Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոն



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 04.02.18 | Հեղինակ: doctors.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (04.02.18) | Հեղինակ: doctors.am
Դիտումներ: 181 | Տեգեր: հիվանդությունները, կույր, աղիքը, ճիճվային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...