RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«Որևէ հարուստ կամ լավ կապեր ունեցող մարդ չի կարող երկիրը երջանիկ և առաջատար դարձնել»
 


 


   168.am

Հարցազրույց Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, ըստ Ձեզ՝ ինչի՞ ցուցիչն էր Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպը, ի՞նչ խնդիրներ մենք ունենք։

– Այս ամբողջ պատմությունը պետք է դիտել 3 դաշտում. առաջինը՝ կապված Նուբարաշենի քաղաքացիների հետ, որը գտնվում է քաղաքացիների իրավունքների, մարդու իրավունքների, արժանապատիվ ապրելու և համապատասխան պայմաններում ապրելու դաշտում, ինչը պարտավոր է պետությունն ապահովել մարդկանց համար։ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործողությունը գտնվում է գեղագիտության դաշտում. դա կարելի է ընդունել-չընդունել, գեղագիտության ճաշակի հարց է, իսկ այն, ինչ կատարվեց նրանց հանդեպ, արդեն Քրեական օրենսգրքի դաշտում է։ Ես անձամբ կողմնակից չեմ այդ գեղագիտությանը, բայց ես շատ բանի կողմնակից չեմ՝ գեղագիտության տեսանկյունից, այդ թվում նաև՝ Գոռ Վարդանյանի ֆիլմերին, բայց դա ինձ իրավունք չի տալիս իմ կարծիքն արտահայտել օրենքից դուրս սահմաններում։ Ես ինչքան կարդում եմ մեկնաբանությունները, տարբեր բաներ խառնում ենք իրար։ Թե ինչքանով է այս ակցիան գեղեցիկ կամ տգեղ, դա մի հարց է, որը բացարձակապես չի վերաբերում հետևանքներին, դրանք արդեն ուրիշ բան են։

– Արդյո՞ք նման միջադեպերը ցույց չեն տալիս, որ բռնությունը դարձել է մեր մշակույթի մի մասը։

– Ցավոք սրտի, այո։ Եվ այստեղ միանշանակ մենք քաղում ենք դեպի մշակույթը վերաբերմունքի պտուղները։ Երբ մենք չենք հասկանում, որ մշակույթն ու կրթությունը շատ կարևոր դեր են կատարում հանրության՝ ավելի հանդուրժող, քաղաքակիրթ լինելու հարցում, և հողը մնում է պարարտ, այդ ժամանակ այդտեղ բռնությունն է ծիլեր տալիս։ Եվ ոչ միայն այդ դեպքը․ մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, երբ հարցը փորձում են լուծել բռնության, այսպես ասած՝ սամասուդի միջոցով, այլ ոչ թե՝ օրենքի սահմաններում, օրենքի միջոցով։ Սա շատ վտանգավոր է, և ես այստեղ չեմ տեսնում, որ սա միայն իշխող կուսակցության մոտեցումն է, սա հանրության մեջ շատ խորն արմատներ է դրել։ Եկեք՝ հարցը լուծենք բռնությամբ, հարցն օրենքի սահմաններում լուծել հնարավոր չէ, որովհետև միևնույն է, մենք երբեք արդար լուծման չենք հասնի, ուրեմն՝ սա միակ ձևն է. այ, սա շատ վտանգավոր է։

– Իսկ այդ վտանգավոր երևույթի դեմ պայքարելու ի՞նչ տարբերակներ կան, Դուք ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։

– Ընդհանրապես, երբ նման երևույթները խորն արմատներ են դնում հանրության մեջ, այստեղ միայն մեկ դեղատոմս առաջարկելը, կարծում եմ՝ սխալ է։ Սա խոսում է այն արժեքային համակարգի մասին, որը, ցավոք սրտի, մեզ մոտ գործում է։ Մեզ մոտ մարդը մեր արժեքային համակարգի կենտրոնում չէ։ Ինչպե՞ս անել, որ մարդը լինի արժեքային համակարգի կենտրոնում։ Սա և՛ դատական համակարգի խնդիրն է, և՛ ընդհանուր մշակույթի, և՛ կրթության խնդիրն է. մեզ համար մարդը, մարդու անձեռնմխելիությունը պետք է արժեք լինեն, մարդու իրավունքը՝ հայտնելու իր կարծիքն իր ուզած ձևով, անկախ նրանից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, որովհետև դժվար է պատկերացնել, որ բոլորին կարող են դուր գալ դերերը, բայց դա բացարձակապես չի ենթադրում, որ պետք է դիմել բռնության։ Բռնությունն ընդհանրապես պետք է վերանա մեր կյանքից, հակառակ դեպքում մենք որևէ հարց չենք լուծի, որովհետև քանի դեռ բռնությունն է մեր արժեքային համակարգի մեջ, այլ ոչ թե մարդը, մենք մշտապես առնչվելու ենք նման դեպքերի հետ։

Ժամանակին, երբ մենք ստորագրեցինք ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ես ասացի, որ համաձայնագիրը միայն ստորագրություն է, այն պետք է լցվի համապատասխան բովանդակությամբ, եթե մենք այն չլցնենք համապատասխան բովանդակությամբ, ապա այդ համաձայնագիրը գրոշի արժեք չունի։ Տարբեր երկրներում նման ակցիաների բազմաթիվ դեպքեր են լինում՝ մի քիչ ավելի կոպիտ, մի քիչ ավելի սրամիտ, գեղագիտության տեսանկյունից՝ ավելի հաճելի, ոչ այդքան հաճելի: Բայց սրանք ակցիաներ են, որոնք կարելի է ընդունել-չընդունել, բայց բռնությունը բացառվում է։ Սա պետք է միանշանակ բոլորի համար դառնա օրենք, և նա, ով կիրառում է բռնություն, միանշանակ պետք է պատժվի, ընդ որում՝ անկախ նրանից, թե ով է դա անում. դա կարող է լինել պարզապես հասարակ քաղաքացի, պաշտոնյա… կապ չունի, բռնությունը պետք է բացառել։ Իսկ մնացած հարցերը, որոնք կապված են կոյուղուց ջուր բերել-չբերելու հետ, նորից եմ կրկնում՝ գեղագիտության ոլորտից են։

– Օրերս Դուք ներկա էինք ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Գյումրիում տեղի ունեցած հանդիպմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածությանը։

– Արմեն Սարգսյանի հետ շատ հաճելի է շփվել, նրա կերպարը շատ հաճելի է, այն մտքերը, որոնք նա արտահայտում է, և այն նշանակությունը, որ տալիս է իր պաշտոնին, կարծում եմ՝ շատ ընդունելի է, որովհետև իր և մեզ համար ներկայացուցչական լինելն ու համապատասխան աշխարհայացքով ներկայանալը քիչ բան չէ։ Ինչքանո՞վ դա ազդեցություն կունենա՝ արդեն ուրիշ հարց է: Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, հիմա դժվար է կանխատեսել։ Ես ընդհանրապես սովորություն ունեմ պաշտոնյաներին գնահատական տալ միայն իրենց գործունեության արդյունքները տեսնելուց հետո, ոչ թե նախապես։ Որովհետև դա, նախ և առաջ, քեզ հեռու է պահում հիասթափություններից․ չափից ավելի ոգևորությունը հետո բերում է չափից ավելի հիասթափության։ Կարծում եմ՝ ոչ շատ ոգևորվել է պետք, ոչ շատ թշնամական է պետք ընդունել, պետք է ներկայացնել որոշակի պահանջներ՝ որոշակի պաշտոնի հանդեպ, և նայել, թե ինչպես է այդ անձը կատարում այդ պարտականությունները, արդյո՞ք իսկապես կունենա նա ազդեցություն մեր պետական համակարգի վրա, հասարակությունում տիրող բարքերի վրա։ Խոսքը նորից արժեքային համակարգի մասին է. արդյոք նման նախագահը կբերի՞ նրան, որ մեր արժեքային համակարգի կենտրոնում կլինի մարդը, կապրենք՝ կտեսնենք։ Ես հիմա դժվարանում եմ ասել, շատ եմ ուզում՝ այդպես լինի, բայց Աստվածաշնչում ասվում է, որ դժոխքի ճանապարհը կառուցված է բարի ցանկություններից։ Եթե օժանդակության հարց կա, որ Արմեն Սարգսյանը լինի հենց այդպիսի նախագահ, ես անձամբ իմ կարողություններով և երկու ձեռքով կփորձեմ օժանդակել, օգնել նրան, որովհետև բոլոր դեպքերում պետք է նաև մարդուն օգնել, եթե նա ունի այդ տեսակի նպատակ։

– Իսկ հանդիպման ժամանակ չէ՞ր ուրվագծվում՝ նա ունի՞ այդպիսի նպատակ, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ ունի, որովհետև այդ հանդիպման ժամանակ հարց եղավ լծակների մասին, որը կարծում եմ՝ շատերին է հուզում. նա շատ սթափ է դրան վերաբերվում, բայց էլի եմ ասում՝ նա շատ մեծ տեղ է տալիս սեփական օրինակին՝ ինչպես ինքը կդրսևորվի։ Եվ կարծում եմ, որ անկախ մեր ցանկությունից՝ հաճախ մարդկանց համար դա օրինակ է լինում։ Պետական պաշտոնյայի պահվածքը, դիրքը, հայեցակարգը, տեսակետը, գործունեությունը, դա է, որ ներշնչում է հավատ, այլ ոչ միայն՝ խոսքերը։ Ես կարծում եմ՝ նա այդ ցանկությունն ունի, ինչքանո՞վ դա կհաջողվի, այլ հարց է։ Լծակների մասին մի հետաքրքիր բան ասաց, որի մասին չէի մտածել, բայց երբ հիշեցի նրա վարչապետ եղած ժամանակները, հիշեցի, որ դա իսկապես այդպես է։ Նա ասաց, որ, երբ նշանակվեց վարչապետ, այն ժամանակվա վարչապետն ուներ նվազագույն լիազորությունները. միակ լիազորությունը, որ ուներ այն ժամանակվա վարչապետը՝  նախագահի բացակայության ժամանակ փոխարինել նախագահին՝ կառավարության նիստերի ժամանակ։ Բայց մինչև հիմա հիշում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում նրան շատ բան հաջողվեց անել։

Եվ մեկ կարևոր հարց, որն ինձ դուր է գալիս իր տեսակետների մեջ, այն է, որ պետք չէ սպասել բարի թագավորին, որ մեր երջանկության երաշխիքը յուրաքանչյուրիս գործելաոճի և աշխատանքի մեջ է։ Հանրության մեջ դեռ այդ բանը կա՝ թող գա բարի թագավոր, մեզ համար բացի աշխատատեղեր, այս անի, այն անի, բայց այդպես չի լինի, յուրաքանչյուրը պետք է ճանապարհի իր մասն անցնի, որպեսզի կարողանա նաև պահանջել։ Այդ տեսակետն ինձ շատ հարազատ է, որովհետև դա արժևորում է յուրաքանչյուր անձի, դա բերում է նրան, որ յուրաքանչյուր անձ պետք է հասկանա, որ իրենից շատ բան է կախված, սկսած նրանից, թե ինչպես ենք մենք ընտրում մեր քաղաքական համակարգը, ում ենք ընտրում, ինչպիսի մշակույթի մեջ ենք ապրում, ինչ քաղաքակրթության մեջ ենք ուզում ապրել։

– Հիմա էլ շատերը հույս են կապում Արմեն Սարգսյանի արտաքին կապերի և ֆինանսական միջոցների հետ։

– Այո, բայց դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև որևէ հարուստ կամ լավ կապեր ունեցող մարդ չի կարող երկիրը երջանիկ և առաջատար դարձնել. դա կարելի է անել, եթե բոլորս ցանկանանք։ Կարծում եմ՝ հասարակության մեջ ինչ-որ բան փոխվում է այդ տեսակետից, մենք հիմա ավելի քիչ ենք կապում մեր երկրի ճակատագիրն ուրիշ երկրների հետ, հիմա գալիս է երկրորդ քայլը, որ պետք է մեր ճակատագիրը կապենք անձամբ ինքներս մեզ հետ, ոչ թե պաշտոնյաների։ Ոչ ոք ինձ չի կարող ստիպել դառնալ սրիկա, եթե ես չեմ ուզում, ոչ ոք ինձ չի կարող ստիպել դառնալ գող, եթե ես գող չեմ, եթե այդ հատկությունը կամ ցանկությունը ես չունեմ, կամ դարձնել մարդասպան, բռնարար։ Բռնարար, հանցագործ չեն դառնում պայմանների թելադրանքի պատճառով, այդ պայմանները պարզապես տալիս են քեզ հնարավորություն՝ դրսևորել քո մեջ եղած բացասական հատկությունները։ Եվ հաճախ դա պարզապես արդարացում է, երբ որևէ մեկին դիտողություն ես անում, ասենք՝ ինչո՞ւ քեզ կարգին չես պահում, ինչո՞ւ օրենքի սահմաններում չես գործում, հիմնականում պատասխանում են՝ այդ ինչու բոլորը օրենքը պահպանո՞ւմ են, որ ես պահպանեմ։ Սա ամենավտանգավոր բանն է՝ միշտ ուրիշին մատնացույց անելը։ Մենք երբեք չենք դառնա քաղաքակիրթ երկիր, մինչև չհասկանանք, որ մեր սեփական պահվածքի համար մենք ենք պատասխան տալիս, այլ ոչ թե՝ ով ուզում է լինի։

Ես իմ և իմ թատրոնի ճակատագիրը երբեք չեմ կապել որևէ մեկի հետ։ Օգտվել ենք տրված հնարավորություններից, դիմել ենք, և այլն, բայց ինքներս ենք փորձել լուծել մեր հարցերը։ Եվս մեկ կարևոր բան կա՝ որպեսզի երկիրը երկիր դառնա, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտ քաղաքացի լինի, իսկ ռեալ հպարտությունը գալիս է այն ժամանակ, երբ ինքդ քաղում ես քո գործունեության արդյունքները։ Դու հպարտ ես քո արած գործի համար, դու արժանապատիվ ես, որովհետև դու ես այդպիսին, դրսից քեզ հնարավոր չէ դարձնել հպարտ, չի լինում այդպես։

Միայն սեփական կյանքը, սեփական մոտեցումները, սեփական տաղանդը, պնդությունը՝ հազար ու մի հարցի վերաբերյալ, քեզ հավատ են ներշնչում սեփական ուժերի հանդեպ։ Եթե մենք չունենք հավատ սեփական ուժերի հանդեպ, մեր կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Մարդը շատ ուժեղ է, շատ բան կարող է փոխել, միայն պետք է այդ հավատն ունենալ։ Սա էլ արդեն կրթության, մշակույթի հարց է։

Անձամբ քեզնից շատ բան է կախված, և այդ բանը չի ստեղծվում միայն այն ժամանակ, երբ դու համապատասխան պաշտոն ես զբաղեցնում։ Ամենահասարակ մարդը ևս շատ ուժեղ է՝ իր բարոյականությամբ, սկզբունքայնությամբ, իր ազնվությամբ․սա քիչ բան չէ։ Եթե հանրապետության ապագա նախագահը միայն իր անձնական օրինակով դա ցույց տա, դա քիչ բան չէ, միանգամից կլինի համախոհների շատ մեծ խումբ, մարդիկ, որոնք ուզում են այդ ձևով ապրել, դավանում են այդ տեսակ սկզբունքների։ Կապրենք՝ կտեսնենք, ես չեմ ուզում հիմա շատ բան ասել, ամեն ինչ նրա պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում պարզ կդառնա։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 143 | Տեգեր: մարդ, Լավ, հարուստ, չի, երկիրը, «Որևէ, ունեցող, կապեր, կարող, կամ | - Վարկանիշ -: 0.0/0