Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ինչու է էժանացել բանանը, և ինչու է այլ ապրանքների մասով գնանկում արձանագրվում. Պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն
 


 


   1in.am

Վերջին օրերին մի շարք սննդատեսակների գների մասով փոքր ու խոշոր սուպերմարկետներում 5-25%-ի չափով գնանկում է նկատվում։ Մասնագետների դիտարկմամբ՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում գնանկումները կշարունակվեն ավելի շատ ապրանքների գծով։ Եվ սա այն պարագայում, երբ միջազգային շուկաներում այդ ապրանքների գների էական նվազում չի եղել։

«Առաջին լրատվական»-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, թե ինչպես է բացատրվում առանց լուրջ պատճառների կտրուկ գնանկումը, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նախկին գները չհիմնավորված բարձր են եղել։ Եվ ինչպես տնտեսագետ Բաբկեն Թունյանն էր նկատել՝ տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, քանի որ որքան գնաճն է կարևոր բացատրելը, այնքան էլ գնանկումը։

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ իրենք շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտանցումներ և մոնիթորինգ են իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչպես նաև գերիշխող դիրք զբաղեցնող առևտրային կետերում: Համաձայն այդ դիտանցումների՝ մի քանի գերիշխող ապրանքային շուկաներում արձանագրվել է գների նվազում։ Մասնավորապես, ընթացիկ տարում որոշակի գնային նվազում է արձանագրվել բանանի շուկայում: Սկսած ընթացիկ տարվա ապրիլի 3-ից 1 կգ բանանի գինը նվազել է միջինում 175 դրամով՝ 870-ի փոխարեն մայիսի սկզբին դառնալով 695 դրամ:

Գնանկումը շարունակվել է նաև մայիս ամսվա ընթացքում՝ արձանագրելով ևս մինչև 105 դրամի նվազում: Հանձնաժողովի դիտարկումներով՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին 1 կգ բանանի իրացման մանրածախ գների նվազումները, ըստ հանձնաժողովի, պայմանավորված են մի քանի գործոններով:

«Նախ՝ պետք է նկատի ունենալ, որ բանանի իրացումը կրում է սեզոնային բնույթ. յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներից սկսած՝ իջնում են բանանի իրացման գները: Այս հանգամանքը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նշված ամիսներին արդեն շուկա են դուրս գալիս տեղական արտադրության մրգերը, որոնց սպառման ծավալների աճին զուգահեռ նվազում են ներկրված արևադարձային մրգերի սպառման ծավալները: Բացի այդ, 2018 թվականի տարեսկզբից միջազգային շուկաներում դիտարկվում է բանանի ձեռք բերման գների իջեցում, ինչը մի քանի ամիս անց ազդեցություն է ունեցել իրացման գների վրա: Տեղեկացնենք նաև, որ ԵԱՏՄ ամդամակցությամբ պայմանավորված՝ բանանի շուկայում ներմուծում իրականացնող տնտեսվարողների թիվը վերջին 3 տարիների ընթացքում էականորեն ավելացել է: Ներմուծման ընթացակարգերի պարզեցումը հանգեցրել է ներմուծող տնտեսվարողների թվի աճին: Եթե 2015 թվականին բանան ներմուծող տնտեսվարողների թիվը եղել է 16, ապա 2017-ին ավելացել է՝ դառնալով 42: Այս հանգամանքը ևս որոշակիորեն իր ազդեցությունն է ունեցել իրացման գների վրա»,- պարզաբանեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Հանձնաժողովի դիտանցումներով՝ որոշակի գնային նվազում է արձանագրվել նաև հավկիթի շուկայում, որտեղ ևս կան գերիշխող տնտեսվարողներ: Այս շուկայում գործունեություն են իրականացնում մեկ տասնյակից ավելի տնտեսվարողներ, որոնցից արտադրության և իրացման առավել խոշոր ծավալներ ունեն «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» և «Աշտարակ Ձու» ընկերությունները։ Նշված տնտեսվարողներին բաժին է ընկնում արդյունաբերական եղանակով արտադրված ձվի իրացման ավելի քան 80%-ը։ Խոշոր առևտրային ցանցերում իրականացվող դիտանցումների արդյունքները ցույց են տալիս, որ 2018 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ձվի իրացման միջին գները կազմել են համապատասխանաբար 48-55 դրամ։

«Հարկ է նաև նշել, որ ձվի գնագոյացման գործընթացն ունի սեզոնային բնույթ, և, որպես կանոն, յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում նկատվում է ձվի իրացման գների աստիճանական նվազում՝ պայմանավորված սպառման ծավալների անկմամբ։ Բացի այդ, Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ի թիվս այլ գործոնների՝ այս ապրանքատեսակի գնագոյացումը մեծապես կախված է նաև տվյալ ժամանակահատվածի արտադրական ծավալներից»,- նշեց Սահակյանը:

Հանձնաժողովը գնային փոփոխություն է արձանագրել նաև ներկրված սառեցված հավի բուդ ապրանքային շուկայում: 2018 թվականի ապրիլին 1 կիլոգրամի իրացման մանրածախ միջին գինը կազմել է 851 դրամ, մայիսին նկատվել է գնանկում՝ մինչև 761 դրամ կամ 10.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում 2 տոկոսով նվազել է նաև շաքարավազի գինը՝ կազմելով 327 դրամ, իսկ 3 տոկոսով՝ Նորզելանդական կարագի գինը՝ դառնալով 4290 դրամ: «ՏՄՊՊՀ-ն այս պահին իրականացնում է ուսումնասիրություն՝ վերոնշյալ շուկաներում գնային փոփոխությունները պարզելու նպատակով»,- ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք այս գնանկումը ենթադրո՞ւմ է, որ մի շարք տնտեսվարողներ նախկինում աշխատել են գերշահույթով, հանժնաժողովից պատասխանեցին. «Գների անկման վրա ազդող գործոնները կարող են լինել բազմաթիվ՝ սկսած ինքնարժեքը ձևավորող տարրերից, տարադրամի փոխարժեքից, արտադրական ծավալներից մինչև պահանջարկի փոփոխություն: Վերոնշյալ բոլոր ապրանքների գծով գնի տատանումներ դիտարկվել են մշտապես, ինչը բնականոն և նորմալ երևույթ է: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից հայտնաբերվել են չարաշահումներ, ապա տվյալ տնտեսվարողների հանդեպ կիրառվել է օրենքով սահմանված պատասխանատվության միջոց: Գերիշխող մյուս ապրանքային շուկաներում՝ կաթնամթերք, ձավարեղեն, ալյուր, ձեթ, բենզին և այլն, գնային նվազումներ չեն արձանագրվել»:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 29.05.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (29.05.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 5735 | Տեգեր: էժանացել, ԻՆՉՈՒ, ապրանքների, այլ, մասով, գնանկում, արձանագրվում., Բանանը, պարզաբանում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...