Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է ինչ-որ կուսակցության գրասենյակում. Վիկտոր Սողոմոնյանը՝ ՀՔԾ հայտարարության մասին
 

 


   «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ունեցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ:

– Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն երեկ հետախուզում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և նույնիսկ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Նաև հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են հրավիրում «Մարտի 1-ի» գործով: Մեր թերթին ադեն ասել եք, որ Քոչարյանը չի խորշելու պատասխանել քննիչների հարցերին: Բայց ընդհանուր առմամբ` որքա՞ն է այս ամենը անհանգստացնում ձեզ: Չունե՞ք արդյոք որոշակի մտավախություններ այն տեսանկյունից, թե ինչպես կավարտվի այս գործընթացը:

– ՀՔԾ երեկվա հյատարարությունից հետո ստիպված եմ երկու պատասխան տալ Ձեր հարցին: Եթե խոսք է գնում խնդիրները իրավական դաշտում քննարկելու ու լուծելու մասին, ապա չկա Ռոբերտ Քոչարյանի անվան հետ առնչվող որևէ հարց, որը կանհանգստացնի մեզ: Ճիշտ հակառակը. «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Հանրահայտ է, որ տարիներ շարունակ այդ թեման շահարկվել է` չունենալով աղերսներ իրականության հետ: Դրա հիմնական նպատակն է եղել սևացնել նախագահ Քոչարյանի կառավարման օրոք արձանագրված բազմաթիվ հաջողությունները, ներկայացնել նրան «ամեն ինչի համար մեղավորի» կարգավիճակում: Ու բնական է, որ այդ թեման փակելու լավագույն միջոցը կամ նոր բացահայտումներն են, կամ էլ համապատասխան փաստերի ի հայտ չգալը` գոյություն չունենալու պատճառով: Այնպես որ, եթե խնդիրները` կրկնում եմ` քննարվում ու լուծվում են իրավական դաշտում, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք, այլև ուրախ ենք ցանկացած բացահայտմանը:

Հիմա անդրադառնամ երկրորդ տարբերակին:

Երեկվա ՀՔԾ հայտարարությունը «Մարտի 1-ի» գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները, ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի: Բացատրեմ, թե ինչու: Նախ, խնդրո առարկա տեքստը ակնհայտորեն զուրկ է իրավական հիմքերից և իրավապահ մարմնի համար անթույլատրելի ձևակերպումներ է պարունակում: Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է կամ ինչ-որ կուսակցության գրասենյակում, կամ էլ, օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում և համապատասխան հրահանգից հետո պարզապես տեղադրվել է ՀՔԾ կայքում:

Պետական ինստիտուտների օրինական որոշումների և օրենսդրության վրա հղումներ կատարելու կամ դրանք հաշվի առնելու փոխարեն, ՀՔԾ-ն ինչ-որ գեղարվեստական ձևակերպումներ է առաջ բերում ու ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում:

Մասնավորապես, ԿԸՀ որոշումների վրա հղումներ կատարելու փոխարեն տեքստի հեղինակները հղում են անում սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Ահա այս ամենը, բնականաբար, լուրջ անհանգստության տեղիք է տալիս, անթույլատրելի է, կործանարար է մեր պետության համար և պետք է խստագույնս դատապարտվի:

Ուրախ եմ, որ բամաթիվ մասնագետ-իրավաբաններ արդեն բարձրաձայնում դրա մասին: Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին:

– Դուք դատական հայց եք ներկայացրել 1in.am կայքի և «Ժամանակ» օրաթերթի դեմ: Մտավախություն չունե՞ք, որ հեղափոխությունից հետո հասարակությունը սա միանշանակ ընկալելու է որպես հարձակում խոսքի ազատության դեմ:

– Կարծում եմ, հասարակությունը պետք է սովորի զատել խոսքի ազատությունը կեղծիք ու անտեղի մեղադրանքներ հրապարակելու արատավոր ազատությունից: Եվ մենք պետք է զատենք այդ երևույթները անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահին պետական իշխանության կրողը կամ որն է այդ պահին իշխող կուսակցությունը: Բացի այդ, գոյություն ունի նաև լրագրողական էթիկա, որի մասին Ձեր նշած կայքի ու թերթի ղեկավարը, ըստ ամենայնի չի էլ լսել:

Թեև, ինչ էթիկայի մասին կարող է խոսք գնալ. գործ ունենք մի անձնավորության հետ, ով փաստաթղթերը կեղծելու միջոցով խուսափել է զինվորական ծառայությունից, մեղքն էլ բարդել սեփական մոր վրա:

Սա առաջինը: Երկրորդը: Չկա սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու այլ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը` համապատասխան հայցով: Եվ այդ ճանապարհին մեզ չի կարող խանգարել ինչ-որ մեկի հիստերիկ, տղամարդուն ոչ այնքան բնորոշ պահվածքը: Մենք հետևողական ենք լինելու: Վստահ եմ, այս ամբողջ գործընթացի արդյունքում շահելու է հենց հասարակությունը: 



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: «Ժողովուրդ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 656

Загрузка...