Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Հայաստանն ու սնկերը... այ քեզ ողբալի երկիր, որ կար
 

 


   Նիկոլայ Թորոսյան

Նախկին իշխանության հետ կապված ականավոր գործիչներից մեկի տանը գտնվող ոսկեջրած (կամ ոսկեգույն) անվանական վերելակը ստիպեց հիշել Բրազիլիայի սելվայում բնակվող փայտագործ-մրջյունների դաժան թշնամի՝ կորդիցեպս սնկի մասին։ Սունկն ընտրում է շարքային մի մրջյունի ու վարակում նրան։ Ինչից հետո մրջյունը՝ կամազուրկ, բայց կենդանի ու բոլոր կարևոր ֆունկցիաները պահպանած, թողնում է մրջնանոցում իրեն վստահված աշխատանքն ու հեռանում անտառ։ Այնտեղ նա ընտրում է հարմար մի ծառ ու կառչում դրա տերևներից մեկից, ուղիղ մրջնանոցի վերևում։ Սունկը շարունակում է զարգանալ նրա մեջ, ու 10-11 օրվա ընթացքում ձևավորվում՝ ծակելով նրա գլուխը։ Դրանից հետո սունկը «պայթում է»՝ սպորները թափվում են մրջնանոցի վրա, վարակելով նոր մրջյունների, որոնք հեռանում են․․․ կառչում ծառից․․․ մահանում․․․ նոր սպորներ տարածում․․․ և այսպես՝ մինչև մրջնանոցի վերջնական ցեղասպանությունը։

Մեր «հին» էլիտան, որը կառչել էր մեր գլխավերևում, Մարս մոլորակից չէր ժամանել․ մեր պես շարքային մրջյուններ էին, որոնք մրջնանոցից հեռանալուց ու ծառ բարձրանալուց իրենց հետ տարան դեռ նախքան անկախանալը հայոց մեջ տարածված բազում ավանդույթներ՝ «տուն պահելը», քիրվայությունը, օրենք չհարգելը, հանրայինի վրա թքած ունենալը, սերն առ ոսկեզօծ վերելակներ, «գեղեցիկ» համարներ, մեծ մեքենաներ ու արևելյան զռռացող պերճանքի և անճաշակության այլ հատկանիշներ։ Դրանք հատուկ են մեզ՝ միջնադարից ի վեր անկախություն չունեցած և զարգացման կարևոր փուլեր չանցած հասարակության, ընդգծում են մեր «բոշայից» «փաշա» դառնալն ու որոշակի արտոնություններ ապահովում։ Այդ արատները համեմվեցին արդեն ոչ այդքան ավանդական, ժամանակակից ձեռքբերումներով՝ անպատժելիությամբ, երբ հույժ պետք է՝ կրակելու պատրաստակամությամբ, օֆշորային կամ ընտրակեղծարար սխեմաներով և այլն։ Այդ մարդիկ՝ կրելով հին արատների ցեցն ու վարակվելով նոր արատներով, կառչել էին գլխավերևում ու պայթում էին՝ տարեցտարի վերարտադրելով դրանք ու վարակի շարքերը համալրելով նոր մրջյուններով։ Որոնք էլի, ի սկզբանե, շարքային էին, բայց ում ամոթ չէր գնալ մաքսային ու հարկային՝ իմանալով, որ գողանալու են, ուժային կառույցներ, իմանալով՝ որ գողանալու են, սոցապ՝ իմանալով, որ գողանալու են, և այլն։ Երբ էլ պետք է՝ ընտրություններ են կեղծելու, հնարավորության դեպքում՝ օֆշորային գործարքներ անելու, ու այդպես շարունակ։

Ընդհանրապես, եթե կոռուպցիան, քիրվայությունն ու մնացածը խորթ դարձած լիներ մեզ որպես երևույթ, մենք կձերբազատվեինք դրանցից շատ-շատ արագ․ պատկերացրեք, օրինակ, որքան արագ կազատվեինք մի իշխանությունից, որը փորձեր ՀՀ-ում, դիցուք, մահմեդականությունը պետական կրոն հռչակեր։ Երբ, օրինակ, Իսլանդիայում վարչապետի օֆշորը գտան, մարդիկ չէին խորացել՝ բյուջեից է տարած, թե զոքանչի թոշակն էր, այդ փողով եկեղեցի է կառուցել, թե քաղցկեղով հիվանդ մանուկների բուժել։ Թաքցրել ես՝ վերջ։ Իսկ մեզ մոտ ֆեյսբուքյան մեկնաբանություններում ասում են, որ սկանդալի կենտրոնում հայտնված էսինչ գործիչը լավն է, քանի որ «ժողովրդին չէր մոռանում», իսկ մի ուրիշ քրեական հեղինակություն՝ լավը, քանի որ հայերին լավ է նայում Հռոմում կամ Կիսլովոդսկում։ Դեմ են կոռուպցիային ու «էս թալանչիներին», բայց կամավոր փող են տալիս՝ երեխային բուհ դասավորելուց, անելով դա աղքատի երեխայի հաշվին, և այլն:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ «սաղ ժողովուրդն ա մեղավոր», ինչպես տողատակով միշտ փորձում են արդարացնել իշխանական արատները որոշ «հասարակական-քաղաքական գործիչներ»: Առաջին հայացքից միայն: Քանի որ մարդկությունը, այնուամենայնիվ, մրջյուններին որքան էլ նման է, որոշ բաներով տարբերվում է, առաջին հերթին՝ բանականության առկայությամբ։ Եթե հույսը բացառապես «ժողովրդի» վրա դներ, այդպես էլ կմնար քարի դարում: Միշտ ինչ-որ «հեղափոխականներ» կամ «լուսավորիչներ» կամ անգամ «բռնապետեր» են հայտնվել, որոնք ծեծով, համոզելով կամ սեփական օրինակով ստիպել են իրենց մրջնանոցին մի քիչ լավը դառնալ։ Սա ամենակարևորն է, որովհետև չի կարող որևէ դրական փոփոխություն շարունակական լինել, եթե այն չամրապնդվի զսպող ինստիտուտներով, իսկ դրա պահանջը՝ մրջնանոցի տրամադրությամբ։ Այս պահին թվարկած արատները, գոնե բանավոր, հասարակության մեծ մասի կողմից, կարծես, մերժվում են, ու տրամադրության ձևավորման պատասխանատուններին այդ առթիվ շնորհավորում ենք։

Թող մնա այսպես՝ մինչև մրջնանոցի ամբողջական առողջացումը։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ տեսանյութից։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: Նիկոլայ Թորոսյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: Նիկոլայ Թորոսյան
Դիտումներ: 1321

Загрузка...