Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Հայտնի է, որ ծուլությունը մահացու յոթ մեղքերից մեկն է
 
 
Загрузка...


Հայտնի է, որ ծուլությունը մահացու յոթ մեղքերից մեկն է: «Բայց դա ի՞նչ մեղք է, ու՞մ եմ նեղություն տալիս, եթե պարզապես ցանկություն չունեմ ոչինչ անելու»,- կմտածեն ոմանք: Իսկապես, ո՞րն է ծույլ մարդու մեղքը, այն էլ՝ մահացու: Պարզվում է՝ անշարժությունն ու անհուսությունը այն պարարտ հողն են, որում չարիքի սերմերը հզոր սերմեր են գցում: Ծուլությունը յուրօրինակ հիվանդություն է, որը կաթվածահար է անում մարդուն, խեղում նրա ճակատագիրը և դանդաղ մահվան դատապարտում:

Առաջին ախտանշանները 

Ձեզ դու՞ր է գալիս ժամերով բազմոցին պառկելը: Դուք դժվարանու՞մ եք նույնիսկ ձեր տնային գործերն անել: Զգուշացեք, որովհետև հնարավոր է, որ «ծուլություն» կոչվող հիվանդությունն արդեն ձեզ իր ճանկն է գցել: 

Մենք բոլորս էլ երբեմն ծուլության գիրկն ենք ընկնում և մեծահոգաբար ներում մեզ այդ թուլության համար: Այդպիսի պահերին ցանկացած պատճառաբանություն կարող ենք մոգոնել, միայն թե ոչինչ չանենք: Չէ՞ Որ շատ ավելի հեշտ է մեր անգործության համար արդարացումներ գտնելը, քան, վերջապես, անշարժությունից պոկվելն ու գործի անցնելը: Այնինչ, այդ ընթացքում մեր շուրջն ու մեր ներսում ծուլությունն իր ավերիչ հետևանքներն է թողնում, երբեմն նաև՝ անշրջադարձ: Այդ կործանարար արատը կարող է ընտանիքներ քայքայել, ճակատագրեր խեղել, աղքատության և անձնական դժբախտության պատճառ դառնալ, խանգարել մեր նվիրական ցանկությունների իրագործմանը: 

Իսկ ի՞նչ պետք է անել ծուլության ճանկերից ազատվելու, կրկին առույգ ու աշխույժ կյանք վերադառնալու համար: 
Դրա համար նախ փորձենք  վերլուծել, թե ինչ բաղադրիչներից է կազմված ծուլությունը, որպեսզի կարողանանք այն ամբողջությամբ արմատախիլ անել:


Ի՞նչ է ծուլությունը 

Ծուլությունն անհիմն դժգոհության, վիրավորվածության, անհուսության և հիասթափության վիճակ է, որն ուղեկցվում է ուժերի ընդհանուր անկմամբ: Ծույլ մարդը հրաժարվում է դժվարություններ հաղթահարել, կամքի ուժ ցուցաբերել: Ըստ հոգեբանների՝ ծուլությունը մոտիվացիայի կամ կամքի բացակայություն է: 
Աշխատանքում և կարիերայում մեր անհաջողությունների հիմնական պատճառը հենց ծուլությունն է: Ծուլությամբ տառապող մարդիկ միշտ կախվածության մեջ են լինում մյուսներից: Այն թույլ չի տալիս, որ մարդն իր տաղանդը բացահայտի, արգելակում է առաջընթացը, ստիպում զգուշավոր լինել, արգելանքներ է ստեղծում դեպի նպատակը տանող ճանապարհին:

Ծույլ մարդը սիրում է շատ խոսել և քիչ գործել: Նա բոլորի գլուխը տանում է իր տաղանդների և ունակությունների մասին շատախոսելով, բայց երբ բանը հասնում է նրա աշխատանքի արդյունքներին, այդտեղ արդեն նա ոչնչով չի կարողանում պարծենալ: Նա նախանձով է ընդունում ուրիշների հաջողությունները և քննադատում է տաղանդավոր ու աշխատասեր մարդկանց, խանգարում նրանց, որ աշխատեն: 
Մարդու ունակությունները ոչ ոքի պետք չեն, եթե նա չի օգտագործում դրանք: Աշխատանքի միջոցով է մարդու տաղանդը պտուղներ տալիս: Հենց այդ անհերքելի ճշմարտությունն է հավերժացել մեծ բանաստեղծի խոսքում. «Մարդու գործն է  միշտ անմահ»:

Ծույլն իր անհաջողությունների համար ցանկացած պատճառաբանություն կարող է գտնել. Ժամանակներն են դժվարին, վատ երկրում ենք արում, շրջապատն է անտանելի, բոլոր լավ տեղերն արդեն զբաղեցված են, կոռուպցիան է մեղավոր, օրենքները չեն գործում, գրոշների համար միայն հիմարները կարող են աշխատել և այլն, և այլն… Իսկ ինքն այդ ողջ ընթացքում մատը մատին չի խփում, որ իր կյանքում գոնե ինչ-որ բան փոխվի: Եթե նրան ասեք, որ ինքը պարզապես ծույլ է, խիստ կվիրավորվի, բայց, միևնույն է հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց հարմարվետ դրված աթոռը ոչ մի դեպքում չի լքի: Այդպիսի մարդը միշտ ապրուստի հեշտ ուղիներ է փնտրում, իսկ կյանքի վերջում, երբ բոլոր հույսերը չիրագործված են մնում, խոր հիասթափություն է ապրում: Այդպիսի մարդիկ մեծ մասամբ որոշակի պլաններ ու նպատակներ չեն էլ ունենում: Նրանք տարեցտարի աղքատանում են և հոգով, և մարմնով: 


Ծուլությունը՝ աղքատության պատճառ

Երբ աշխատասեր մարդու այգին ծաղկում է, ծույլինը մոլախոտերով է պատվում: Եթե ձեռքերդ ծալած նստես ու քնես, չքավորությունը դուռդ կբախի: Դուք չե՞ք վրդովվում ամեն քայլափոխի ձեռքները պարզած ու մուրացող մարդկանց հանդիպելիս: Նրանց մեջ շատ են դեռևս երիտասարդ տղամարդիկ ու կանայք, որոնք մուրացկանության փոխարեն հաստատ կարող են իրենց ապրուստն աշխատանքով վաստակել: Ճիշտ է, բազմաթիվ են այն օբյեկտիվ պատճառները, որոնց հետևանքով մարդիկ անգործ են մնացել, չքավորության մեջ հայտնվել: Սակայն, չի կարելի չհամաձայնել, որ հարցի մյուս կողմն էլ կա: Անցումային դժվարություններն ստիպեցին, որ գրասենյակներում պարապության վարժված, սուրճ խմող և ոչնչի դիմաց աշխատավարձ ստացող մարդիկ տեղից շարժվեն: Միայն քննադատելով ոչինչ չենք կարող փոխել, եթե մեզնից շատերն ալարում են տնից դուրս գալ, ասենք, իրենց կարծիքը բարձրաձայնելու և քվեարկության մասնակցելու համար: Մենք ծուլանում ենք նույնիսկ կոնֆետի  թուղթն աղբամանը նետել… Էլ ինչպե՞ս պետք է հասնենք բարեկեցության, եթե մեզնից յուրաքանչյուրն ալարում է մոլախոտերից մաքրել հենց իր տունն ու իր հոգին: 


Ծուլությունը գողության և սովի մայրն է 

Դանթեի «Աստվածային  կատակերգություն»-ում ծույլերը դժոխքի հինգերորդ շրջանում են գտնվում, որովհետև ծույլի համար գողանալն ավելի դյուրին է, քան աշխատանքով ապրուստ վաստակելը: Ծուլությունը մարդու անկման առաջին պատճառն է: 


Ծուլության դեմ պայքարի լավագույն միջոցը աշխատանքն է 

Իհարկե, մեզ իր «հպատակության» տակ առած «Նորին գերազանցություն ծուլությունը» հազար ու մի պատճառ կգտնի, որ տեղներիցս չշարժվենք: Նա գունավոր հեքիաթներ կպատմի մեր ընդունակոթւունների ու գերմարդկային ճիգերի մասին, քնքշորեն մեզ կփայփայի ու թույլ կտա անկողնում թավալվել, մինչև բոլորը սկսեն մեզնից երես թեքել: Եվ գուցե միայն այն ժամանակ, երբ առաստաղը փուլ գա մեր գլխին, կհասկանանք, որ այդպես շարունակել չի կարելի: 

Ուղղակի տարիներ շարունակ ծուլության տիրապետության տակ ապրելուց հետո շատ դժվար է այն թոթափելը, քանի որ դրա օգնությամբ արմատացած սովորություններն արդեն բնավորության են վերածվում: Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ «Միտքը արարք է ծնում, արարքը՝ սովորություն, սովորությունը՝ բնավորություն, բնավորությունը՝ ճակատագիր»:
Հետևաբար ծուլությունը պետք է արմատախիլ անել հենց օրորոցում, երբ այն դեռ չի հասցրել բնավորության վերածվել:

Շատ կարևոր է որոշակի նպատակներ դնելն ու դրանց հասնելուն ձգտելը: Կյանքի գերագույն հաճույքներից մեկը արարումն է, ստեղծելը, աշխատանքի արդյունքը տեսնելն ու այն վայելելը: Մարդն ինքը, արարչի ստեղծագործությունը լինելով, իրեն չի կարող զրկել այդ աստվածատուր հաճույքից: 

Երբ դուք հստակ, վեհ ու գեղեցիկ նպատակ ունեք, որին արժանի եք և կարող եք հասնել, եթե ցանկանում եք իրականացնել ձեր երազանքը, ապա ծուլությունը ձեզ երբեք չի հաղթի: 

Ծուլությունը հեշտությամբ կոտրում է այն մարդկանց, որոնք չգիտեն, թե ուր են գնում և ինչ պետք է անեն: Եթե դուք դա գիտեք, դժվարություններն ու խոչընդոտները, որոնք միշտ անխուսափելի են, միայն կխթանեն ձեր վերելքը: Դրանք օրինաչափություն են, ավելին, դժվարություններն օգնում են կատարելության հասնել: 

Երբ մենք սովորենք դժվարություններն ընկալել որպես վարպետության դպրոց, այդ ժամանակ կհաղթենք ծուլությունը: 
Չէ՞ Որ ծուլությունը հենց այդ զենքերով է փորձում մեզ վախեցնել, իբր մեր ցանկություններն իրագործելի չեն հանդիպող բարդությունների պատճառով:

Յուրաքանչյուր մարդ ծուլության դեմ պայքարի իր յուրօրինակ ձևն ունի: Մեկը կարող է ինքն իրեն խոստումներ տալ, մեկ ուրիշը կարող է դիմացինին ինչ-որ բան ապացուցելու համար սեփական անշարժությունը հաղթահարել, մյուսին կարող է գրավել գյուղում տուն գնելու հեռանկարը, որի համար փող է պետք, իսկ առանց աշխատելու փող չես ունենա: 

Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու, թե ինչպիսի կյանքով է ուզում ապրել: Իսկ այդ ընտությունը երկուսի միջև է. կամ անշարժանում եք ու վերածվում ճահճում կռկռացող դոդոշի, կամ էլ հպարտ արծվի պես սավառնում եք դեպի բարձունքներ…




Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 886 | Տեգեր: Lifestyle

Загрузка...
Загрузка...
Загрузка...